Թվեր փաստեր և ֆինանսներ։ Ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ։
200 միլիոն դրամ, կամ շուրջ 550 հազար դոլար։ Ճիշտ այսքան արժեցավ այս տարվա Վարդավառը։ Համայնքային բյուջեից հատկացված այս գումարը ծախսվել է տոնական համերգի, ջրցան մեքենաների և փրփուր փարթիի վրա։
Նոր խոշոր հատկացում՝ արդեն պետական բյուջեից։ Կառավարությունը պահուստային ֆոնդից գրեթե 5 միլիարդ դրամ է ուղղել պետական համակարգի աշխատակիցների պարգևավճարներին։ Սա տարվա արդեն երկրորդ բազմամիլիարդանոց հատկացումն է։ Մարտին նույն նպատակով տրամադրվել էր 4.6 միլիարդ դրամ, անցած տարվա դեկտեմբերին՝ ևս 3.5 միլիարդ։
Պարգևավճարներն աճում են, աճում են նաև սննդամթերքի գները։ 2026 թ․ հունիսին 2025թ․ հունիսի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 5․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնանկում՝ –0․5% մակարդակում։ ՎԿ տվյալների համաձայն՝ 2026-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 8․6%, ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․6%։
«Արարատցեմենտ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է պետության կառավարմանն ու պահպանմանը։ Իսկ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված հայցով պահանջվում է բռնագանձել ավելի քան 105 միլիարդ դրամ, տասնյակ անշարժ գույքեր, ավտոմեքենաներ և մասնակցություններ տարբեր ընկերություններում։
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է. Բելառուսի հետ՝ 8,3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։
Եվ վերջում․․․․Հայաստանում հուլիսի 1-ից մեկնարկել է ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնող «Stop» գործիքը։ Այսուհետ յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն պարտավոր է իր բջջային հավելվածում ունենալ այս գործառույթը, որը թույլ է տալիս քաղաքացիներին արագ արգելափակել ցանկացած ֆինանսական գործարք։