Լավրովը բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետ

Հուլիսի 24-ին Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Պարսից ծոցում տեղի ունեցող ընթացիկ էսկալացիան և հակամարտության խաղաղ կարգավորման վտանգված հեռանկարը։ Ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ կայուն համաձայնությունների շուտափույթ ձեռքբերման կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխափան նավարկության վերականգնման։ Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր։

Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, Արաղչին, բարձր գնահատելով «Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան» վճռականորեն դատապարտելու հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, Հորմուզի նեղուցում տիրող ներկայիս անկայունությունը որակել է որպես ԱՄՆ-ի ստանձնած խոստումների դրժման և Իրանի դեմ գործած հանցագործությունների ուղղակի հետևանք։

«Իրանը լի է իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու վճռականությամբ և թույլ չի տա, որ ԱՄՆ-ն չարաշահի Հորմուզի նեղուցը՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու համար»։

Իրանի ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական ագրեսիան դատապարտելու հարցում Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը։ Լավրովն ընդգծել է տարածաշրջանային երկրների ուժերով անվտանգության համակարգ ձևավորելու, համագործակցությունն ու վստահությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *