Շույցյույ գյուղը՝ չինական գյուղի ժամանակակից վերափոխման օրինակ

Մեր այցելության վերջին կանգառը Շույցյու գյուղն է, որը գտնվում է նույն Գանսու նահանգի Լինթաո գավառում։

Այն տեղակայված է չքնաղ մի վայրում․ գյուղի հետևում վեր են խոյանում լեռները, իսկ միջով հոսում է Թաոհուեյ հնագույն ոռոգման առուն (այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը․ չինարենից թարգմանաբար «Շույցյու» նշանակում է «ջրանցք» կամ «առու»)։

Եթե հարևան Մացզյաո գյուղը դարձել է հնագիտության համաշխարհային կենտրոն,ապա Շույցյուն վերածվել է չափազանց հանրաճանաչ արտ-հանգստավայրի և ստեղծարար էկոտուրիզմի կենտրոնի՝ հանդես գալով «Լունշան – Բալի Սյանսու» ապրանքանիշի ներքո։

Ահա այն հիմնական առանձնահատկությունները, որոնց շնորհիվ այս գյուղն այսօր աղմկում է Չինաստանի զբոսաշրջային բլոգներում․

1․ «Համայնքային բանջարանոց» նախագիծը

Տեղական իշխանություններն ու կոոպերատիվները գյուղի ավելի քան 100 մու (մոտ 7 հեկտար) ազատ հողատարածքները վերածել են կատարյալ մանրամարգերի (յուրաքանչյուրը՝ մոտ 15 քառակուսի մետր): Խոշոր քաղաքների (օրինակ՝ հարևան Լանչժոուի) բնակիչները կարող են մեկ տարով վարձակալել այդպիսի մարգերը: Հանգստյան օրերին քաղաքաբնակներն իրենց երեխաների հետ գալիս են այստեղ՝ իրենց ֆերմեր զգալու համար, իսկ աշխատանքային օրերին ցանքսերի խնամքով զբաղվում են տեղի գյուղացիները: Ամենագրավիչն այն է, որ հենց այս խնամված բանջարանոցների մեջտեղում տեղադրված են հարմարավետ վրաններ, որտեղ գործում է «Բանջարանոցային հոտ-փոթ» ռեստորանը: Զբոսաշրջիկները կարող են մարգերից քաղել թարմ կանաչին կամ բանջարեղենն ու հենց տեղում եփել դրանք եռացող արգանակի մեջ:

2․ Գեղարվեստական ռեզիդենցիաներ և գյուղական պատկերասրահներ

Տեղացիների հին, լքված կամ դատարկվող կավաշեն տներն ու բակերն այստեղ չեն քանդում։ Գյուղը պրոֆեսիոնալ նկարիչների և գեղագրիչների ամբողջ է գրավում ամբողջ Չինաստանից (այդ թվում՝ Չինաստանի նկարիչների ասոցիացիայի անդամներին)։ Տները վերածում են «գյուղական գեղարվեստական թանգարանների» և բաց արվեստանոցների։ Նկարիչներն ապրում են այստեղ, ոգեշնչվում Թաոհե գետի բնապատկերներով ու կտավներ ստեղծում, իսկ տեղացիների տների պատերին հայտնվում են «Գեղագրության միկրո-արվեստանոց» տիպի ցուցանակներ, որտեղից զբոսաշրջիկները կարող են արվեստի գործեր գնել անմիջապես հեղինակներից։ Սրա շնորհիվ Շույցյուն վերածվել է ուսանողական պլեներների և գեղարվեստական պրակտիկայի խոշոր կենտրոնի։

3․ Համատեղ սպառման տնտեսություն

Գյուղն աշխատում է «Ընկերություն + գյուղական համայնք + կոոպերատիվ + ֆերմեր» խելացի մոդելով։ Բնակիչներն իրենց դատարկվող տներն ու հողամասերը փոխանցում են զբոսաշրջային ընկերության տնօրինմանը՝ դրա դիմաց ստանալով շահաբաժիններ, ինչպես նաև եկամուտ են վաստակում՝ աշխատելով որպես զբոսավար, այգեպան կամ խոհարար։ Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ Շույցյուն ժամանակակից «հիփսթերական» գյուղ-արվեստանոց է։ Այստեղ գալիս են քաղաքից դուրս կյանքի գեղագիտության հետևից․ դիզայներական էթնո-հյուրանոցում գիշերելու, մարգերի մեջտեղում «հոտ-փոթ» վայելելու, շփման գոտիներում ընտանի կենդանիներին շոյելու և ինքնատիպ չինական գյուղական միջավայրում ժամանակակից գեղանկարչության ցուցահանդեսները դիտելու համար։

Արուս Բակունց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *