Ո՞ր հյուրանոցն է Հայաստանի թիվ 1 հարկատուն. 1000 խոշորների ցանկի ուշագրավ տվյալները

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների թվում են նաև Հայաստանում գործունեություն ծավալող հյուրանոցային տնտեսություններից մի քանիսը:

BanksNews.am-ն ուսումնասիրել է ցանկը՝ ներկայացնելով նրանց կողմից կատարված վճարներն ու փոփոխությունները:

Հյուրանոցների թվում առավել բարձր հորիզոնականներում է «Մուլտի գրանդ հոթելը» շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։ Սակայն այն շահագործում է ոչ միայն «Մուլտի գրանդ հոթելը»-ը, այլև՝ այն ներկայացնում է «Փարավոն» հանգստի ու ժամանցի համալիրը: Այսինքն՝ ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ, այլ նաև՝ մյուս բիզնեսներով։

Այսպիսով՝ «Օնիրա քլաբը» 2026 թվականին պետական բյուջե է վճարել 1 մլրդ 597 մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա 2 մլրդ 947 մլն-ի փոխարեն։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 115-րդ տեղում է՝ նախորդ տարվա 61-րդի փոխարեն:

Հյուրանոցների շարքում մյուս խոշոր հարկատուն «Մարիոթ» բրենդը ներկայացնող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է։ 2026 թվականի խոշոր հարկատուների ցանկում 433-րդ տեղում է։ Հարկերի ծավալը կազմել է 453 մլն դրամ: Նախորդ տարի ընկերությունը 593-րդ տեղում է եղել՝ վճարելով 304 մլն դրամ:

Հյուրանոցային ոլորտի հաջորդ խոշոր հարկատուն «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ն է՝ համանուն հյուրանոցով։ Խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 495–րդ տեղը՝ 406 մլն դրամի հարկերով։ 2025 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են: 2025 թվականին ընկերությունը վճարել էր 344 մլն դրամ հարկ՝ գտնվելով ցանկի 527-րդ հորիզոնականում:

Հաջորդիվ «Անի պլազա հոթել» ՓԲԸ-ն է՝ 298 մլն դրամի հարկերով։ Ընկերությունը 2026 թվականի խոշոր հարկատուների ցանկում 707-րդ տեղում է։ 2025 թվականի համեմատ հյուրանոցի հարկերի ծավալը նվազել է: Նախորդ տարի ընկերությունը գտնվել է 910-րդ հորիզոնականում՝ վճարելով 200 մլն դրամ հարկ:

Խոշոր հարկատուների ցանկի 780-րդ տեղում «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն է, որը շահագործում է «Գրանդ հոթել Երևանը»։ Վճարած հարկերի ծավալը կազմել է 263 մլն դրամ՝ 2025 թվականի 192 մլն դրամի փոխարեն:

«Դվին» հյուրանոցային համալիրը հարկատուների ցանկի 869-րդ հորիզոնականում է՝ 236 մլն դրամ վճարած հարկով: 2025 թվականին համալիրը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չէր եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *