Ռումինիայի իշխանությունները պատրաստվում են Դանուբի վրա ստորջրյա ժայռի պայթեցման, որպեսզի փոխեն հոսանքի ուղղությունը և մեծացնեն ջրի ծավալը, որը հասնում է «Չեռնավոդե» ատոմային էլեկտրակայանի հովացման ջրանցքին, հայտնում է Digi 24-ը։
Գործողությունն իրականացվում է գետում ջրի մակարդակի կտրուկ նվազման ֆոնին, որն արդեն խնդիրներ է ստեղծել տարածաշրջանի էներգետիկայի և նավագնացության համար։
Աշխատանքների մեկնարկից առաջ մասնագետները կատարում են վերջին չափումները։ Իշխանությունների տվյալներով, ժայռի տեղակայման պատճառով առաջանում են հոսանքներ, որոնց հետևանքով ջրի զգալի մասը գնում է Բալա վտակ, ոչ թե Հին Դանուբ, որտեղից այն հասնում է Չեռնավոդե ԱԷԿ-ի մատակարարման համակարգին։
Պայթեցումից հետո նախատեսվում է տեղադրել մոտ 500 տոննա քարով բեռնված չորս բարջ, որոնք պետք է ավելի մեծ ծավալի ջուր ուղղեն դեպի Հին Դանուբ։ Նավագնացության ուղիների վարչությունն արդեն սկսել է այս հատվածում հունի խորացման աշխատանքները։
Իշխանություններն ընդունում են, որ գործողությունը տեխնիկապես բարդ է և արդյունք չի երաշխավորում։ «Ռումինական ջրեր» ազգային վարչության ներկայացուցիչները նախազգուշացրել են հնարավոր ռիսկերի մասին, սակայն կառավարությունը աշխատանքների իրականացման համար հատկացրել է 7 մլն լեյ։
Ճգնաժամը կապված է Դանուբի աննախադեպ ծանծաղման հետ։ Բազիաշի շրջանում՝ գետի՝ Ռումինիա մուտք գործելու հատվածում, ջրի հոսքը նվազել է մինչև մոտ 1590 խորանարդ մետր վայրկյանում՝ բազմամյա միջին մոտ 4700 խորանարդ մետր վայրկյանում ցուցանիշի դիմաց։
Ջրի ցածր մակարդակի պատճառով արդեն առաջացել են լուրջ խնդիրներ նավագնացության համար։ Առանձին հատվածներում, ներառյալ «Երկաթե դարպասներ II» ՀԷԿ-ից առաջ ընկած շրջանները, սահմանափակումներ են մտցվել։ Նավերը չեն կարող ամբողջությամբ բեռնավորվել, իսկ որոշները ստիպված են ընտրել այլընտրանքային երթուղիներ։
Ավելի վաղ անհաջողությամբ ավարտվեցին Դանուբում՝ Ռումինիայի Դոլժ գավառում, ավազի մեջ խրված բարջերն ու զբոսաշրջային նավերը ազատելու փորձերը։ Հացահատիկ տեղափոխող բարջերից մեկը գրեթե մեկ շաբաթ է՝ շարունակում է մնալ արգելափակված։
Գետի ծանծաղումը նաև մեծացնում է ճնշումը տարածաշրջանի էներգետիկ համակարգի վրա։ Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը հավաքել է էլեկտրաէներգիայի խոշոր արդյունաբերական սպառողներին՝ երեկոյան պիկ ժամերին բեռնվածությունը նվազեցնելու միջոցները քննարկելու համար։ Ընկերություններին առաջարկվել է կամավոր կերպով արտադրության մի մասը տեղափոխել ցերեկային ժամեր։
Ռումինիայի էներգետիկայի նախարարության պետական քարտուղար Բոգդան Բուշոյը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի դեպքում գոյություն ունեն խոշոր արդյունաբերական սպառողների ժամանակավոր անջատման ընթացակարգեր, սակայն իշխանությունները հույս ունեն խուսափել նման սցենարից։
«Մեզ շատ կօգներ, եթե խոշոր սպառողները, որոնք կարող են դա անել, արտադրությունն ու արդյունաբերական ցիկլը տեղափոխեին այն ժամերին, երբ պիկ բեռնվածություն չկա։ Դա նաև իրենց համար ավելի շահավետ է, քանի որ անջատումը շատ ավելի մեծ խնդիրներ կստեղծեր», — հայտարարել է Բուշոյը։
Դանուբի մակարդակի անկման հետևանքները զգում են նաև հարևան երկրները։
Սերբիայում «Երկաթե դարպասներ» ՀԷԿ-ի ղեկավարությունը հայտնել է արտադրության զգալի նվազման մասին։ Համալիրի սերբական հատվածի տնօրեն Դավար Մալյոկովիչի վկայությամբ, ներկայիս օրական գեներացիան կազմում է մոտ 5 ԳՎտ·ժ, ինչը համապատասխանում է առավելագույն հզորության միայն 20%-ին։ Համալիրի սերբական մասը օրական արտադրում է մոտ 2 ԳՎտ·ժ՝ հնարավոր մակարդակի մոտ 30%-ը։
«Մենք էլեկտրաէներգիայի ենք վերածում համակարգ մուտք գործող ջրի ամբողջ ծավալը՝ այժմ մոտ 1600 խորանարդ մետր վայրկյանում, սակայն ակնհայտ է, որ արտադրությունը զգալիորեն ցածր է նախատեսվածից», — հայտարարել է Մալյոկովիչը։
Ճգնաժամը հարվածել է նաև Հունգարիային։ Դանուբի պատմականորեն ցածր մակարդակի պատճառով ամբողջությամբ կանգնեցվել է «Պակշ» ԱԷԿ-ը՝ երկրի էլեկտրաէներգիայի ամենախոշոր աղբյուրը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ավելի վաղ հայտարարել էր, որ կայանի աշխատանքի 42 տարիների ընթացքում առաջին անգամ բոլոր չորս ռեակտորները կկանգնեցվեն հովացման համար ջրի պակասի պատճառով։
Ըստ նրա, կայանի անջատումը նշանակում է Հունգարիայի էներգահամակարգից մոտ 2000 ՄՎտ հզորության կորուստ այն շրջանում, երբ շոգի պատճառով բնակչության և հաստատությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառումն աճում է։
Հիդրոլոգները կանխատեսում են, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Դանուբի մակարդակը կարող է շարունակել նվազել։