Հունիսի 7-ի ընտրություններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը․ Կոնջորյան

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը։ Այս մասին օգոստոսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում՝ խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու, պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Իր ելույթի սկզբում Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Սա չափազանց մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես, ըստ էության, հեղափոխությունից հետո Հայաստանի Ազգային ժողովում, երևի, պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որոնք առանց որևէ ընդհատման եղել են վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներ։ Ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական և շատ բարձր եմ գնահատում իմ թիմի կողմից այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրվելը»,- նշել է Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին համապետական ընտրություններ են եղել, որոնք անցկացվել են խաղաղության պայմաններում։

«Մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր՝ տեր կանգնել խաղաղությանը, որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից են կախված խաղաղությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և սեփական իշխանության պաշտպանությունը», – նշել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի թեկնածուն։

Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են տվել հանգուցալուծել երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը և ձևավորել ութերորդ գումարման Ազգային ժողովը։

Միևնույն ժամանակ, նա քննադատել է նախորդ գումարման խորհրդարանի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուցիոնալ առումով այն չի կարողացել լիարժեքորեն կենտրոնանալ օրենսդիր աշխատանքի վրա։

«Ցավոք, 8-րդ գումարման Ազգային ժողովը չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենար իր ակնկալիքներն ու ցանկությունները՝ մարմին, որը կզբաղվեր ամենօրյա օրինաստեղծ աշխատանքով և ոչ թե ամենօրյա էքզիստենցիալ խնդիրների շուրջ քննարկումներով, գզվռտոցներով և խորհրդարանական մակարդակի պատերազմներով», – հայտարարել է Կոնջորյանը։

Նրա գնահատմամբ՝ ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքի բնույթը այն պատճառներից մեկն էր, որ, տարբեր հարցումների համաձայն, Ազգային ժողովը պետական ինստիտուտների շարքում ունեցել է վստահության ցածր մակարդակ։

Միևնույն ժամանակ, Կոնջորյանը նշել է, որ դրա համար եղել են նաև օբյեկտիվ պատճառներ, քանի որ դա հետպատերազմյան խորհրդարան է եղել և այն ժամանակ մշտապես գործել է քաղաքական տուրբուլենտայնության պայմաններում։

«Այս պայմաններում 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին գնալով` «Տեր կանգնիր խաղաղությանը» ուղերձով, ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը։ Նախորդ տասնամյակների ընթացքում խաղաղություն չէր եղել, որովհետև չէր եղել ժողովրդական իշխանություն։ Իսկ այն իշխանությունը, որը չուներ ժողովրդի մանդատը, չէր կարող իրականացնել ժողովրդի ուղերձը», – ընգծել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *