Ամերիկյան քսանհինգ նահանգներ երկուշաբթի դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նոր մաքսատուրքերի պատճառով՝ դրանք անվանելով ներմուծման հարկերը փոխարինելու փորձ, որոնք ավելի վաղ չեղարկել էր ԱՄՆ Գերագույն դատարանը, հաղորդում է Associated Press-ը։
Անցյալ ամիս ԱՄՆ-ը երկնիշ մաքսատուրքեր սահմանեց 59 երկրների և Եվրամիության նկատմամբ՝ հայտարարելով, որ այդ պետությունները բավարար չափով չեն պայքարում հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծման դեմ։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ մտան սժամանակավոր մաքսատուրքերի գործողության ավարտից անմիջապե հետո, որոնք Թրամփը սահմանել էր Գերագույն դատարանում պարտությունից հետո։
«Գերագույն դատարանում պարտվելուց հետո վարչակազմը կրկին փորձում է ապօրինաբար բարձրացնել ամերիկյան ընտանիքների և բիզնեսի հարկերը՝ մաքսատուրքերի նոր փուլի միջոցով»,- հայտարարել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը։
Հայցին միացել են Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կոնեկտիկուտը, Դելավերը, Հավայան կղզիները, Իլինոյսը, Կենտուկին, Մասաչուսեթսը, Մերիլենդը, Մենը, Միչիգանը, Մինեսոտան, Նևադան, Նյու Ջերսին, Նյու Մեքսիկոն, Հյուսիսային Կարոլինան, Օրեգոնը, Փենսիլվանիան, Ռոդ Այլենդը, Վիրջինիան, Վերմոնտը, Վաշինգտոնը և Վիսկոնսինը։
Թրամփը պնդում է, որ բարձր մաքսատուրքերը կօգնեն վերականգնել ամերիկյան արդյունաբերությունը։ Անցյալ տարի նա փոխեց ԱՄՆ երկարամյա առևտրային քաղաքականությունը, որը հիմնված էր մաքսատուրքերի նվազեցման և ազատ առևտրի ընդլայնման վրա, գրեթե ամբողջ ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելով։ Դրա համար նախագահը հղում էր անում 1977 թվականի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքին (IEEPA)՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Սակայն փետրվարին Գերագույն դատարանը որոշեց, որ այդ օրենքը նախագահին մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս։ Դատարանի որոշումից հետո վարչակազմը ստիպված եղավ վերադարձնել ներմուծողներին մաքսատուրքերի տեսքով վճարված գումարները։
Այնուհետև Թրամփը սահմանեց ժամանակավոր գլոբալ 10%-անոց մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը լրացավ հուլիսի 24-ին։ Այժմ վարչակազմն օգտագործում է մեկ այլ մեխանիզմ՝ 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժինը, որը նախագահին թույլ է տալիս մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են արդար առևտրի կանոնները։
Հարկադիր աշխատանքի հետ կապված ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը կազմում են 10%-ից մինչև 12,5% և տարածվում են այն երկրների վրա, որոնք ապահովում են ամերիկյան ներմուծման 99%-ը։
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը գործում է օրենքի շրջանակում՝ վերացնելու «չհիմնավորված գործողությունները, քաղաքականությունն ու գործելակերպը», որոնք վնաս են հասցնում ամերիկյան առևտրին և աշխատողներին։
Նոր հայցը դարձավ արդեն Թրամփի վարչակազմի մաքսատուրքային քաղաքականության դեմ երրորդ դատական բողոքարկումը։ Ավելի վաղ՝ հուլիսին, նմանատիպ հայցեր ԱՄՆ Միջազգային առևտրի դատարան էին ներկայացրել փոքր բիզնեսի ներկայացուցիչները։
Փորձագետները նշում են, որ ներկայիս վեճերը կապված են այն բանի հետ, որ վարչակազմն արդեն երրորդ անգամ փորձում է տարբեր օրենսդրական հիմքեր օգտագործելով ամբողջ աշխարհում լայնածավալ մաքսատուրքեր սահմանել։ Ընդ որում, 301-րդ բաժինն ունի կիրառման ավելի երկար պատմություն և նախկինում Թրամփն օգտագործել է չինական ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու համար, որոնք դիմացել են դատական ստուգումներին։