Եվրոպայում երաշտն ու շոգը հարվածել են բերքին. ձիթայուղը կարող է թանկանալ

Եվրոպայում ծայրահեղ շոգը, երաշտը և անտառային հրդեհները հանգեցնում են գյուղատնտեսական արտադրության կրճատման և կարող են հրահրել սննդամթերքի գների նոր աճ, նախազգուշացնում են ֆերմերները, գրում է The Guardian-ը։

Հատկապես ծանր են տուժել Ֆրանսիայի բանջարաբույծները։ Légumes de France բանջարեղեն արտադրողների ասոցիացիան հայտարարել է տասնյակ միլիոնավոր եվրոյի հասնող հազարավոր տոննա արտադրանքի կորստի մասին։ Անձրևների պակասի պատճառով վտանգի տակ է հայտնվել հազարի, գազարի, պրասի, սխտորի և այլ մշակաբույսերի բերքը։ Բանջարեղենի որոշ տեսակների դեպքում արտադրությունը կարող է կրճատվել երկու անգամ։

Շոգը վնաս է հասցրել նաև Ֆրանսիայի գինեգործական շրջաններին՝ Շամպանին, Բորդոյին և Բուրգունդիային։ Խաղողի արագացած հասունացման պատճառով Շամպանում բերքահավաքը կարող է սկսվել մոտավորապես օգոստոսի 15-ին՝ գրեթե մեկ ամիս շուտ, քան մի քանի տասնամյակ առաջ։ Արտադրողները ակնկալում են, որ բերքի ծավալը կլինի մոտ 10%-ով ցածր, քան անցյալ տարի։

Իսպանիայում գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է 2026–2027 թվականների սեզոնում հացահատիկային մշակաբույսերի բերքի նվազում՝ մինչև 18,5 մլն տոննա՝ մեկ տարի առաջվա 24 մլն տոննայի դիմաց։ Գնահատականը տրվել էր դեռևս մինչև լայնածավալ անտառային հրդեհները, որոնք լրացուցիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վրա։

Եվրամիությունը նույնպես վերանայել է մի շարք մշակաբույսերի վերաբերյալ կանխատեսումները. բուսայուղերի արտադրության համար օգտագործվող արևածաղկի սպասվող բերքը կրճատվել է 7%-ով, եգիպտացորենինը՝ 6%-ով, կարտոֆիլինը և սոյայինը՝ 3%-ով։

Ամենից շատ տուժած ոլորտներից մեկը կարող է դառնալ ձիթապտղի յուղի արտադրությունը։ Հունաստանի, Իտալիայի և Պորտուգալիայի արտադրողները հայտնել են հրդեհների, երաշտի և ծայրահեղ շոգի հետևանքով ձիթապտղի այգիների վնասման մասին։ Նույնիսկ այն ծառերը, որոնք չեն տուժել կրակից, տառապում են ծխից, օդի որակի վատթարացումից, վնասատուներից և հիվանդություններից։

Երկու տարի առաջ գրանցված ռեկորդային մակարդակներից գների նվազումից հետո ձիթապտղի յուղի արժեքը կրկին սկսել է աճել։ Արտադրողները զգուշացնում են, որ աշնանը գները կարող են բարձրանալ բերքի պակասի պատճառով։

Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ շուկայի գլխավոր խնդիրը կլինի ոչ այնքան արտահանման կրճատումը, որքան արտադրության ինքնարժեքի աճը՝ ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *