Խորվաթիայում բեռնատար գնացքը բախվել է մարդատար գնացքին՝ Սվետի-Իվան-Ժաբնո և Գրադեց երկաթուղային կայարանների միջև։ Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 10:00-ին, հայտնել է HRT-ն։
Մարդատար գնացքում եղել է 27 մարդ։ Խորվաթիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վեց ուղևոր ստացել է ծանր վնասվածքներ, ևս 13-ը՝ թեթև։ Տուժածներին օգնություն են ցուցաբերել Բյելովարի և Կոպրիվնիցայի հիվանդանոցներում, իսկ որոշ վիրավորների ավելի ուշ տեղափոխել են Զագրեբի բժշկական հաստատություններ։
Բյելովարի հիվանդանոցում ընդունել են յոթ տուժածի։ Ամենածանրը երիտասարդ կնոջ վնասվածքն է եղել․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։ Հիվանդանոցի ղեկավարի խոսքով՝ մնացած վեց պացիենտները լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Կոպրիվնիցա-Կրիժևացի ժուպանիայի ղեկավար Տոմիսլավ Գոլուբիչը շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին օպերատիվ աշխատանքի համար։ Նա առանձին նշել է Կրիժևացի և Ջուրջևացի հրշեջ ստորաբաժանումները, ինչպես նաև Սվետի-Իվան շրջանի կամավորներին, որոնք դեպքի վայր են ուղարկել մոտ 50 հրշեջի։
«Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել տեղի բնակչին, ով առաջինն է հասել դեպքի վայր՝ իր սեփական բեռնամեքենայով։ Դա օգնել է արտակարգ ծառայություններին ավելի արագ հասնել տուժածներին և օգնություն ցուցաբերել նրանց», — ասել է Գոլուբիչը։
Խորվաթական երկաթուղիների ներկայացուցիչ Դամիր Լոնչարիչը զորակցություն է հայտնել տուժած ուղևորներին և անձնակազմերի անդամներին։ Նրա խոսքով՝ բախման պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Ավելի ուշ վթարի վայր է ժամանել Խորվաթիայի փոխվարչապետ և վետերանների հարցերով նախարար Տոմո Մեդվեդը։ Նա նույնպես շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատանքի համար։
Նախնական տվյալներով՝ վթարի հնարավոր պատճառների թվում դիտարկվում են տեխնիկական անսարքությունն ու մարդկային սխալը։ Միևնույն ժամանակ, Մեդվեդը ընդգծել է, որ վերջնական եզրակացությունները պետք է անեն իրավասու մարմինները՝ քննության արդյունքներով։