Ռուսաստան օտարերկրացիների մուտքերի թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 9%-ով

2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են 7,1 միլիոն ուղևորություն Ռուսաստան, ինչը 700 հազարով պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, վկայում են ԱԴԾ սահմանապահ ծառայության տվյալները, որոնք հրապարակվել են Միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգում, գրում է «Коммерсантъ»-ը։

2025 թվականի հունվար—հունիս ամիսներին օտարերկրացիները կատարել են 7,8 միլիոն մուտք Ռուսաստանի Դաշնություն։ Ուղևորությունների թվով առաջատարը շարունակում է մնալ Ուզբեկստանը, իսկ առաջին տասնյակում են նաև Չինաստանը, Ղազախստանը և Տաջիկստանը։

Տուրիստական նպատակներով տարվա առաջին վեց ամիսներին Ռուսաստան է ժամանել 676,4 հազար մարդ։ Նրանց մեջ ամենաշատը եղել են Չինաստանի քաղաքացիները՝ 380,5 հազար այցելություն։ Նրանց հաջորդել են Թուրքմենստանի (46 հազար), Թուրքիայի (36,9 հազար) և Սաուդյան Արաբիայի (20,6 հազար) քաղաքացիները։

Աշխատանքի համար Ռուսաստան է մուտք գործել 2,4 միլիոն օտարերկրացի։ Հիմնական մասը կազմել են Ուզբեկստանի քաղաքացիները (1,1 միլիոն ուղևորություն), Տաջիկստանի (494 հազար) և Ղրղզստանի (289 հազար) քաղաքացիները։

Եվս 202 հազար ուղևորություն կապված է եղել ուսման հետ, իսկ 2,3 միլիոնի դեպքում այցի նպատակը նշվել է որպես «մասնավոր» ուղևորություն՝ հիմնականում Ղազախստանի, Ուզբեկստանի և Աբխազիայի քաղաքացիների կողմից։

ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ 2026 թվականի մայիսին երկրում գտնվել է 6,1 միլիոն օտարերկրացի՝ 700 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ։ Ընդ որում, գործող աշխատանքային պատենտներ ունեցող օտարերկրացիների թիվը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1,7 միլիոն մարդ։

Օտարերկրացիների ժամանումների թվի նվազումը տեղի է ունենում միգրացիոն վերահսկողության խստացման պայմաններում։ 2025 թվականին Ռուսաստանում ստեղծվել է վերահսկվող անձանց գրանցամատյան, որոնց համար նախատեսված են սահմանափակումներ, ներառյալ հաշիվների արգելափակումը և հնարավոր արտաքսումը։

Մոսկվայում և Մերձմոսկվայում ներգաղթյալների մի մասին պարտավորեցրել են բջջային հավելվածի միջոցով իրենց գտնվելու վայրի մասին տվյալներ փոխանցել։ 2026 թվականին 90 օրից ավելի ժամանող օտարերկրացիների համար ներդրվել է ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների օգտագործման պարտադիր թեստավորում։

Բացի դրանից, օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչական խախտումների ցանկն ընդլայնող և արտաքսում նախատեսող օրենք է ստորագրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *