
«Հրապարակը» գրել էր, որ ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը եւ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում լուրջ կոնֆլիկտ են ունեցել, վեճն այնքան աղմկոտ է եղել, որ անգամ կողքի սենյակներից են ձայները լսել։ Թեեւ մեզ ասացին, որ Հայրապետյանը չի կարծել, թե այդ վեճի պատճառով իրեն կազատի աշխատանքից, սակայն մեծ անակնկալի է եկել, երբ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ Մխիթար Հայրապետյանը չի լինելու առաջիկա կառավարությունում։
Մեզ ասացին, որ Մխիթար Հայրապետյանի կինը` լրագրող Լյուսի Վանա Կարապետյանը, որն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում եւ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում` ղեկավարում է սփյուռքի բաժինը, մտերիմներին ասել, է, որ Հ1-ից դուրս չի գալու, բայց պատրաստվում է օգոստոսի 1-ին ազատման դիմում գրել եւ ՊՈԱԿ-ից հեռանալ, սակայն նա «Հրապարակի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը.
– Ես դեռ աշխատում եմ ՊՈԱԿ-ում, աշխատում եմ նաեւ Հանրայինում, ինչպես որ աշխատում էի, իմ ղեկավարությունը շատ բարեկիրթ, ջերմ ու լավ հարաբերություններ ունի ինձ հետ: Ընդհանրապես նման բան չկա: Մխիթարի հետ կապված լուրերն էլ չեն համապատասխանում իրականությանը, նա աշխատանքից դուրս է եկել իր կամքով, իր որոշման համաձայն: Անգամ ծիծաղելի է խոսել բարձր ձայների, վեճի մասին, չի եղել նման բան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես աշխատում եմ եւ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ իմ ղեկավարների հետ, ընդհանրապես նման խոսակցություն անգամ չի եղել… Քիչ առաջ Գոռ Ծառուկյանի հետ էի խոսում, ինքն էլ զարմացավ այդ խոսակցություններից: Նա ֆանտաստիկ ղեկավար է:
– Իսկ ինչո՞վ է զբաղվելու Մխիթար Հայրապետյանը` Ձեր ամուսինը:
– Ես այն ժամանակ նրա օգնականն էի, պատասխանում էի մամուլին, իսկ հիմա ընտանեկան գծով եմ նրա օգնականը: Նա դեռեւս չի մտածել, թե ինչով է զբաղվելու, այս փուլում` այդքան բուռն աշխատանքից հետո հանգստանում է, փորձում է վերականգնվել: Նա կհայտարարի, եթե ինչ-որ բան որոշի:
– Բայց ամեն դեպքում տարօրինակ է, այդ ինչպե՞ս ստացվեց, որ ազատման դիմում գրելուց առաջ Մխիթար Հայրապետյանն ակտիվ աշխատում էր, չէր հայտարարում իր հեռանալու մասին, եւ նրա հեռանալու մասին առաջինը վարչապետը հայտարարեց:
– Եկեք՝ ես չմեկնաբանեմ, այս մարդն իր սեփական դիմումի համաձայն է հեռացել, եթե պատեհ համարի, կխոսի այդ մասին: Իրականում, նա աշխատում էր շատ նորմալ, այո, եւ նորմալ էլ հեռացել է աշխատան քից, ոչ մի սկանդալ չկա: Ուղղակի էդպես ճիշտ գտավ, այդպես արեց, դա իր անձնական տարածքն է: