Այս աշնանն Amazon Prime հարթակում կցուցադրվի ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին վավերագրական սերիալ. գրում է Euronews-ը։
Նախագիծը հաջորդում է առաջին տիկնոջ մասին պատմող «Melania: Twenty Days to History» ֆիլմին, որն արժանացել է բազմաթիվ քննադատությունների, ինչպես նաև ձախողել կինովարձույթում։
Մելանյա Թրամփի ավագ խորհրդական Մարկ Բեքմանի խոսքով՝ սերիալը կբացահայտի ԱՄՆ առաջին տիկնոջ՝ «մինչ այժմ հանրության համար անհայտ կողմը»։
Նախագիծը կներկայացնի Մելանյա Թրամփի կյանքը նրա ամուսնու նախագահության երկրորդ ժամկետի սկզբնական շրջանում։
Amazon MGM Studios-ի «Melania: Twenty Days to History» վավերագրական ֆիլմը պատմում էր Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում երկրորդ երդմնակալության արարողությանը նախորդած 20 օրերի մասին։ Ֆիլմի պատճառով Amazon-ը ֆինանսական մեծ կորուստներ է կրել։ The New York Times-ի տվյալներով՝ ընկերությունը Մելանյա Թրամփի պրոդյուսերական ընկերությանը 40 միլիոն դոլար է վճարել ֆիլմի իրավունքների համար, և ևս 35 միլիոն դոլար՝ մարքեթինգային ծախսերի համար։
Ֆիլմը, սակայն, կինոթատրոններում ցուցադրությունից հետո ամբողջ աշխարհում ունեցել է ընդամենը 16.6 միլիոն դոլարի հասույթ, մինչդեռ դրա ընդհանուր բյուջեն կազմել է 75 միլիոն դոլար։ Նախագիծն արժանացել է նաև ԱՄՆ օրենսդիրների քննադատությանը․ նրանցից շատերը հրապարակայնորեն հարց են բարձրացրել՝ արդյոք այն չի խախտում կաշառակերության դեմ պայքարի դաշնային օրենքները։