ԱՄՆ Սենատը Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Ֆաուչիին մեղավոր է ճանաչել

ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և պետական գործերի հանձնաժողովը քվեարկել է Սպիտակ տան նախկին գլխավոր բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչիին Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ ճանաչելու օգտին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա լսումների ընթացքում նա հրաժարվել էր պատասխանել օրենսդիրների հարցերին, հայտնում է NBC News-ը։

Որոշումն ընդունվել է 8։5 հարաբերակցությամբ՝ կուսակցական գծով։ Հանրապետականները հայտարարել են, որ Ֆաուչին, օգտվելով ԱՄՆ Սահմանադրության Հինգերորդ ուղղումից, խոչընդոտել է հանձնաժողովի քննությանը։

«Մենք քվեարկում ենք այն հարցի շուրջ՝ արդյոք լայն դաշնային ներում ստացած վկան կարող է այս հանձնաժողովի կողմից պարտավորեցվել պատասխանել հարցերին, իսկ հետո խախտել այդ պահանջը՝ առանց հետևանքների»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռենդ Փոլը։

Նա նկատի ուներ այն ներումը, որը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնից հեռանալուց քիչ առաջ տրամադրել էր Ֆաուչիին և մի քանի այլ անձանց։ Բայդենն այդ որոշումը բացատրել էր նրանց հնարավոր քաղաքական դրդապատճառներով հետապնդումից պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Հանձնաժողովը կարող է Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին բանաձևն անմիջապես փոխանցել Արդարադատության նախարարությանը կամ այն դնել Սենատի ամբողջ կազմի քվեարկությանը։ Փոլը հայտարարել է, որ փաստաթղթի հավանության դեպքում առաջին քայլը կլինի Արդարադատության նախարարություն դիմելը։

Ֆաուչին, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում զբաղեցնում էր ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը, լսումների ժամանակ բազմիցս հղում է արել ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքին։ Իր բացման հայտարարության մեջ նա պարզաբանել է, որ մտավախություն ունի, թե իր ցուցմունքները կարող են օգտագործվել հնարավոր քրեական հետապնդման համար։

Ֆաուչիի փաստաբանը հանձնաժողովի որոշումն իր հաճախորդին սահմանադրական իրավունքն իրացնելու համար պատժելուն ուղղված «կոպիտ քաղաքական հնարք» է անվանել։

«Այսօրվա բանաձևը սենատոր Փոլի անձնական վենդետայի շարունակությունն է դոկտոր Ֆաուչիի դեմ, որը 50 տարի աշխատել է հանրային առողջապահության ոլորտում և փրկել է անհամար կյանքեր»,- հայտարարել է փաստաբան Դևիդ Շերտլերը։

Դեմոկրատները քննադատել են հանձնաժողովի որոշումը՝ հայտարարելով, որ այն կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Կոնգրեսում ապագա լսումների համար։ Սենատոր Գերի Փիթերսը նշել է, որ եթե օրենսդիրները սկսեն պատժել վկաներին սահմանադրական իրավունքներից օգտվելու համար, դա կարող է հանգեցնել նրան, որ այլ հրավիրված անձինք հրաժարվեն մասնակցել լսումներին։

Ռենդ Փոլը նախկինում պնդել էր, որ Ֆաուչին իրավունք չուներ հղում անել Հինգերորդ ուղղմանը՝ Բայդենից ստացած ներումի պատճառով։ Սենատորի կարծիքով՝ պաշտոնական պահանջից հետո հարցերին պատասխանելուց հրաժարվելը խոչընդոտում է Կոնգրեսի քննությանը։

Հանրապետականները հայտարարել են նաև, որ Ֆաուչին, իբր, հրաժարվել է ինքն իր դեմ չվկայելու իրավունքից, քանի որ հանդես է եկել քննության թեմայով բացման հայտարարությամբ։ Սակայն Ջորջթաունի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Էբի Սմիթն այդ փաստարկը վիճելի է համարում։

«Ես էլ Ֆաուչիին խորհուրդ կտայի օգտվել Հինգերորդ ուղղումից, եթե նրա փաստաբանը լինեի»,- ասել է նա՝ հավելելով, որ նախնական ներումները եզակի իրավական իրավիճակ են, և դրանցով տրվող պաշտպանության չափը մինչև վերջ որոշված չէ։

Քվեարկությունը դարձավ հանրապետականների և Ֆաուչիի միջև բազմամյա դիմակայության հերթական փուլը, որը սկսվել էր ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո՝ վիրուսի ծագման, կարանտինային միջոցառումների և առողջապահական քաղաքականության շուրջ վեճերի ֆոնին։

Ռենդ Փոլը Ֆաուչիին բազմիցս մեղադրել է Կոնգրեսին ստելու և փաստաթղթեր ոչնչացնելու մեջ, սակայն Ֆաուչին և նրա ներկայացուցիչները մերժել են այդ մեղադրանքները։ Ինքը՝ Սպիտակ տան նախկին խորհրդականը, հայտարարել է, որ իր դեմ քննությունը կապված է իրեն քրեական հետապնդման ենթարկելու փորձերի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *