Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանին մեղադրել են «շանտաժի անցնելու փորձերի» մեջ

Ռուսաստանը տեսնում է Հայաստանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու կամ պարզապես շանտաժի անցնելու փորձերը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն մենք դիտարկում ենք Երևանի՝ խաղադրույքները բարձրացնելու կամ պարզապես շանտաժի անցնելու փորձերը»,- ասել է դիվանագետը։

Ֆադեևի գնահատմամբ՝ այդ քաղաքականությանը «վերաբերում են ռուսամետ գործիչների հետապնդումները, արբիտրաժային քննություններով սպառնալիքները Հայաստանի տարածքում գործող ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք, ընդ որում, հանրապետության պետական բյուջեի խոշոր հարկատուներ են, կամ Մոսկվայից միլիարդավոր դոլարներ վճարելու պահանջներն այն օբյեկտների համար, որոնցից ներկայիս իշխանությունները իրենց քաղաքական գործունեության արշալույսին իրենք իսկ չէին ցանկացել հրաժարվել»։

«Ի դեպ, նման աղմկահարույց հայտարարություններ անելուց առաջ, հավանաբար, արդար կլիներ ծանոթանալ պայմանագրաիրավական բազային, որտեղ հստակ նշված է, թե ով ում և որքան է պարտք»,- հավելել է դիվանագետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *