Սպիտակ տունը նոր թշնամի է ձեռք բերել՝ ի դեմս Marvel-ի երկրպագուների

Սպիտակ տունը նոր թշնամիներ է ձեռք բերել․ այս անգամ այն հայտնվել է Marvel-ի երկրպագուների քննադատության թիրախում․ գրում է Euronews-ը։

Սպիտակ տան Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված վերջին գրառման մեջ մարվելյան հայտնի հերոս Սարդ-մարդու (Spider-Man) պատկերներն օգտագործվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությանը (ICE) ներկայացնող տեղեկատվական արշավի շրջանակում։

«Ձեր բարեկամ հարևան ICE գործակալները» (Your friendly neighborhood ICE agents) գրությամբ ուղեկցվող չորս նկարից բաղկացած հրապարակման մեջ երևում է՝ ինչպես է Սարդ-մարդը սարդոստայն արձակում։ Սարդոստայնը վերջին պատկերում հասնում է մի խումբ տղամարդկանց, որոնք հայտնվում են դրա մեջ։ Այս վերջին պատկերի վրա նաև գրված է․ «Հանցագործություն կատարած անօրինական ներգաղթյալները կբացահայտվեն և կարտաքսվեն»։

Այստեղ Սպիտակ տունը դիմել է բառախաղի օգնությանը։ «Your friendly neighborhood ICE agents» («Ձեր բարեկամ հարևան ICE գործակալները») արտահայտությունը կառուցվել է Սարդ-մարդու կողմից հաճախ օգտագործվող «Your Friendly Neighborhood Spider-Man» («Ձեր բարեկամ հարևան Սարդ-մարդը») հայտնի արտահայտության նմանությամբ։ Հերոսը հաճախ է հումորով ինքն իրեն ներկայացնում որպես իր համայնքի սովորական մարդկանց օգնող և պաշտպանող տեղացի հերոս՝ ասելով․ «Եվս մեկ ծառայություն՝ ձեր բարեկամ հարևան Սարդ-մարդուց»։

Հրապարակումը համացանցում բացասական արձագանքների է արժանացել․ օգտատերերը պահանջում են հեռացնել այն, իսկ Marvel-ի երկրպագուները վրդովված են, որ իրենց սիրելի հերոսին օգտագործել են ICE-ի գործունեությունը խթանելու համար։ Շատերը Marvel ընկերությանը կոչ են անում իրավական քայլեր ձեռնարկել։

Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը, սակայն, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դիմում․ նրանք հաճախ են օգտագործում փոփ մշակույթի տարրեր ու կերպարներ՝ որպես իրենց «մեմային պատերազմի» (memetic warfare) գործիք։ Վերջերս Սպիտակ տունը հայտնվել էր նաև երգչուհի Քեթի Փերիի քննադատության թիրախում, երբ TikTok-ի իր պաշտոնական էջում հրապարակած ռազմական հարվածների պատկերներով տեսանյութում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործել էր Փերիի «Firework» երգը։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *