Երկնքի տաճարը՝ հին Պեկինի սիրտը․ պատմությունը և սիմվոլիկան

Պատկերացրեք՝ կանգնած եք Պեկինի վեհաշուք Երկնքի տաճարի ընդարձակ տարածքում՝ հին սոճիների ու խնամված այգիների մեջ։ Համալիրը պատված է գաղտնիքներով ու լեգենդներով, որոնք դարերի ընթացքում փոխանցվել են սերնդեսերունդ։

Երկնքի տաճարը, որը հիմնադրվել է XV դարի առաջին կեսին, պաշտամունքային գեղեցիկ շինությունների վեհաշուք համալիր է՝ տեղակայված այգիների մեջ և շրջապատված հնամենի սոճիներով։ Ընդհանուր հատակագծով և առանձին կառույցներով այն խորհրդանշում է երկրի և երկնքի՝ մարդկանց աշխարհի և Աստծո աշխարհի հարաբերությունները (այս գաղափարը գտնվում է չինական տիեզերածնության կենտրոնում), ինչպես նաև այն առանձնահատուկ դերը, որ այդ հարաբերություններում խաղում էին կայսրերը։

Պեկինի հարավ-արևելքում գտնվող Երկնքի տաճարը կայսերական համալիր է, որտեղ Մին և Ցին հարստությունների կայսրերն ամեն տարի անցկացնում էին Երկնքին երկրպագելու և առատ բերքի համար աղոթելու արարողություններ։ Ի դեպ, այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և չինական ճարտարապետության ու տիեզերաբանական պատկերացումների գլուխգործոց է։

Մուտք գործելուց հետո ձեզ անմիջապես կտպավորի Առատ բերքի համար աղոթքների վեհաշուք սրահը։ Եռահարկ տանիքով կլոր փայտե շենքն այն վայրն է, որտեղ կայսրերն աղոթում էին հարուստ բերքի համար։

Դեռևս հին ժամանակներում Չինաստանում ձևավորվել էր պատկերացում, ըստ որի՝ գերագույն աստվածությունը Երկինքն է, որը մարմնավորում է Ճշմարտությունը, Օրենքը, Արդարությունը։ Իսկ կայսրը համարվում էր Երկնքի որդին և, համապատասխանաբար, այդ նույն աստվածային հատկությունների կրողը։ Եվ միայն նա էր կարող Երկնքից հայցել բարօրություն իր երկրի և ժողովրդի համար։ Այդ պատճառով տարին մեկ անգամ՝ եռօրյա խիստ ծոմապահությունից հետո, ձմեռային արևագալի ժամանակ, կայսրը աղոթք էր մատուցում ապագա բերքի և Երկնքի օրհնության համար։

Հենց այս ծեսի համար նոր մայրաքաղաքում կառուցվել է տաճարային համալիրը, որի տարածքը կազմում է մոտ 280 հեկտար։ Այն ամենը, ինչ այստեղ կա, ենթարկվում է խիստ համաչափության և հագեցած է սիմվոլիկայով։ Տարածքը շրջապատված է պատերի երկու շարքով։ Համալիրի հատակագծում մշտապես օգտագործվում են ուղղանկյան (քառակուսու)՝ Երկրի խորհրդանիշի, և շրջանի՝ չինացիների մոտ Երկնքի հետ ասոցացվող ձևերը։

Ի դեպ, ծեսին թույլատրվում է մասնակցել միայն արտոնյալ խավերի չինացիներին։ Օտարերկրացիներին, այդ թվում՝ դեսպաններին ու դիվանագետներին, այդ ընթացքում հրահանգվում էր մնալ տանը։

Համալիրը զբաղեցնում է հսկայական տարածք՝ շրջապատված գեղեցիկ այգով։

Համալիրի գլխավոր կառույցներն են համարվում երեք սրբավայրերը՝ Հուանցյունյույը կամ «Երկնակամարի սրահը», «Յուանցյուտան» Կլոր խորանը և, բուն իմաստով, «Երկնքի տաճարը»։

Երկնակամարի տաճարում հնուց պահվել են «աստվածային» տախտակներ՝ Չինաստանի տիրակալների անուններով, որոնք հերթով փոխարինել են միմյանց Երկնային կայսրության գահին։ Սրահի կենտրոնում տեղադրված է «Երկնքի Աստծո» տախտակը։ Այս տաճարի երկու օժանդակ սրահներում գտնվում էին հինգ տարրերի (Ու-սին), 28 համաստեղությունների, Աստղերի Աստծո (Վեներա, Յուպիտեր, Մերկուրի, Մարս և Սատուրն), ինչպես նաև բնության տարերքների աստվածությունների՝ Ամպերի, Քամու, Անձրևի, Որոտի և Լուսնի տախտակները։ Դրանք բոլորն օգտագործվում էին բերքահավաքի աղոթքի արարողության ժամանակ։

Հատկանշական է, որ թե՛ Երկնքի տաճարը, թե՛ Արգելված քաղաքը կառուցվել են 1406-1420 թվականներին, այն ժամանակաշրջանում, երբ կայսր Յունլեն վերականգնում էր Պեկինը որպես Չինաստանի մայրաքաղաք։

1530 թվականին կայսր Ցզյացզինի հրամանով կառուցվել են Երկնակամարի սրահը և Կլոր խորանը։ 1889 թվականին գլխավոր սրահը կործանվել է կայծակի հարվածից և վերականգնվել հաջորդ տասնամյակում։

1900 թվականին, Իհետուանների ապստամբության ճնշման ժամանակ, տաճարը օտարերկրյա դաշնակիցների կողմից օգտագործվել է որպես ժամանակավոր հրամանատարական կետ։ Տաճարային համալիրի շենքերն ավերվել են, իսկ Երկնքի տաճարն անկում է ապրել։ 1918 թվականին տաճարային համալիրի տարածքը վերածվել է հանրային այգու և բացվել այցելուների համար։

1998 թվականին Երկնքի տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Մարիա Ասատրյան, Նարեկ Խաչատրյան՝ Պեկինից 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *