
Վիտեբսկում (Բելառուս) տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան, քանի որ նա հաճախակի լաց է եղել։
Բելառուսի ՔԿ-ն հայտնել է, որ 10 ամսական երեխայի սպանության հանգամանքները քննվում են։
Օրերս ոստիկանությունը շտապօգնության աշխատակիցներից տեղեկատվություն է ստացել քաղաքի բնակարաններից մեկում աղջիկ երեխայի դիակի հայտնաբերման մասին։
Մասնագետները երեխայի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերել, որոնք վկայում են մահվան հանցավոր բնույթի մասին։
Փորձաքննությունը պարզել է, որ աղջիկը մահացել է գլխի փակ վնասվածքից, որը բարդացել է այտուցով և ուղեղի ճողվածքով։ Վնասվածքները հայտնվել են մահից առնվազն 7-9 օր առաջ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ երեխան վնասվածքները ստացել է մոր 27-ամյա զուգընկերոջից։ Երեխայի հաճախակի լացը նյարդայնացրել է նրան, և մի օր տղամարդը մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին։
Մայրը տեղյակ է եղել դեպքի մասին, բայց չի դիմել բժշկի և չի զանգահարել իրավապահ մարմիններին։ Մի քանի օր անց երեխան դադարել է շնչել, և միայն դրանից հետո կինը շտապօգնություն է կանչել։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի սպանություն անօգնական վիճակում) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։