Ի՞նչ է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը խոսել է գլխավոր երազանքի մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին․ գրում է ArmSport-ը։

«Նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Խոսելով թիմի նախամրցաշրջանային պատրաստության մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

«Լավ ենք մարզվում։ Հեշտ չէ ճամփորդությունների և ժամային գոտիների փոփոխությունների հետ, բայց մենք անում ենք առավելագույնը՝ ևս մեկ մեծ մրցաշրջանի նախապատրաստվելու համար»։

Նոր մրցաշրջանի գլխավոր նպատակները

Մխիթարյանն ընդգծել է, որ միլանյան ակումբը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար.

«Իրականում մենք երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»։

Չիրականացած երազանքի մասին

Իսկ թե ինչ է պակասում իրեն կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանն անկեղծացել է.

«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *