Ուկրաինան պայմանավորվել է հարվածներ չհասցնել որոշ նավթատար լցանավերի, որոնք կապված չեն Ռուսաստանի հետ, ինչպես նաև Սև ծովում օգտագործվող՝ Ղազախստանի նավթի արտահանման համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ անցած ամիս նավերի վրա հարձակումները հանգեցրել էին նավթի բեռնման դադարեցմանը։
Ուկրաինան ստեղծել է կապի հատուկ ուղիներ, որոնց միջոցով առևտրային նավագնացության ընկերությունները կկարողանան փոխանցել անհրաժեշտ տեղեկությունը և ապահովել նավերի անվտանգ անցումը, պատմել է պաշտոնյան։ Նա խոսել է անանունության պայմանով, քանի որ համաձայնությունը փակ բնույթ է կրում։
Խոսքը վերաբերում է այն ենթակառուցվածքին և նավերին, որոնք նշանակություն ունեն Սև ծովով Ղազախստանի նավթի արտահանման համար։