Լատվիայում ուժեղացրել են կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ ռուսական անօդաչու սարքերի գրոհների վտանգի պատճառով

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Լատվիայում ուժեղացրել են կրիտիկական բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների պահպանությունը և մեծացրել դրանց տարածքների պարեկության հաճախականությունը։ Նման միջոցառումները ներդրվել են Լատվիայի Պետական անվտանգության ծառայության (VDD) առաջարկությունների հիման վրա, հաղորդել է LETA գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչությանը։

Լատվիայի և ՆԱՏՕ ու ԵՄ այլ երկրների կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներն արդեն մի քանի տարի դիտարկվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործունեության հնարավոր թիրախներ։

VDD-ն, Ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության և Սահմանադրության պաշտպանության բյուրոյի (SAB) հետ համատեղ, ռուսական ներխուժման սկզբից ի վեր մեծ ուշադրություն է դարձնում նման օբյեկտների պաշտպանությանը։ Հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են դրանց ներկայացուցիչներին հայտնաբերված ռիսկերի մասին և տալիս են ֆիզիկական անվտանգության ուժեղացման առաջարկներ։

VDD-ի առաջարկներով բազմաթիվ օբյեկտներում ուժեղացրել են պահպանությունը, հաճախակի դարձրել պարեկությունը և կրկնակի հրահանգավորումներ անցկացրել աշխատակիցների համար՝ հնարավոր սպառնալիքների և վտանգի առաջացման դեպքում գործողությունների կարգի վերաբերյալ։

Բացի այդ, VDD-ն պետական ոստիկանության հետ համատեղ ստուգում է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների մերձակայքում կասկածելի ակտիվության մասին հաղորդումները, որպեսզի ժամանակին բացահայտի և կանխի հնարավոր սպառնալիքները։

Ավելի վաղ 15min.lt պորտալը հայտնել էր, որ Լիտվայի ռազմական հետախուզությունն ունի տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը կարող է քննարկել Բալթյան երկրների կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումներ՝ ուկրաինական անօդաչու սարքերի կիրառմամբ։ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտս Կաունսը հաստատել է այդ տեղեկությունները։

Իր հերթին, SAB-ը նախազգուշացնում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը կարող է դիմել հիբրիդային հարձակումների և սադրանքների Բալթյան երկրների դեմ՝ ՆԱՏՕ-ի, նրա ներկայացուցիչների և հասարակությունների վրա հոգեբանական ճնշումն ուժեղացնելու համար։

Հատուկ ծառայությունը հնարավոր սցենարներից մեկը համարում է անօդաչու սարքերի կիրառմամբ գործողությունները, այդ թվում՝ ուկրաինական դրոնների, որոնք կարող են օգտագործվել այսպես կոչված «կեղծ դրոշի տակ» գործողությունների համար։ Միաժամանակ, SAB-ում ընդգծել են, որ ներկայում չունեն նշաններ այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարությունը քաղաքական որոշում է ընդունել ՆԱՏՕ-ի հետ իրավիճակը սրելու վերաբերյալ։

Լատվիայում նաև վերլուծում են Լիտվայի նախազգուշացումները։ Երկրի պաշտպանության նախարարությունը LETA-ին հայտնել է, որ ուժեղացվել են օդային տարածքի վերահսկման հնարավորությունները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և հարևան պետությունների հետ համակարգումը։

Միևնույն ժամանակ, Լատվիայի պաշտպանության նախարարությունն ու Ազգային զինված ուժերն առայժմ տեղեկություն չունեն այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակում Լատվիայում որևէ կոնկրետ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի վրա։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Լատվիայի զինված ուժերն արդեն երկար ժամանակ համագործակցում են կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտների հետ՝ ճգնաժամի դեպքում դրանց աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար։ Բացի այդ, հաշվի առնելով այս գարնանը երկրի օդային տարածքում ծագած սպառնալիքները, օբյեկտներում ներդրվում են նման իրավիճակներում գործողությունների հատուկ հրահանգներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *