Իրաքը հայտարարել է արտասահմանում անօդաչուներով հարձակումներ նախապատրաստող խմբավորման երեք անդամի ձերբակալության մասին, որոնք «կապված են իրանական շրջանակների հետ»

Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են զինված խմբավորման երեք անդամի, որոնք, ենթադրաբար, երկրի սահմաններից դուրս անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ էին նախապատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդին, փոխանցում է Shafaq News-ը։

Ըստ նրա, ձերբակալվածները «կապված են եղել իրանական շրջանակների հետ», որոնք առնչություն ունեն անօդաչուների կիրառմամբ գործողություններին։

Ալ-Աբուդին Al-Rasheed հեռուստաալիքին հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության և Իրաքի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները ներթափանցել են խումբ, որից հետո ուրբաթ օրը իրականացրել են հատուկ գործողություն։ Գործողության ընթացքում առգրավվել են ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ։

Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ որ զինված խմբավորումն էին ներկայացնում ձերբակալվածները, որ «իրանական շրջանակների» հետ էին նրանք կապված և ինչ թիրախների վրա էին նախատեսում հարձակվել։

Տարածաշրջանային լարվածության ֆոնին իրաքյան անվտանգության ուժերը ամբողջ երկրում բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Ուրբաթ օրը իշխանությունները կարգադրել են ուժեղացնել ստուգումները հսկիչ-անցագրային կետերում՝ անվտանգության և բանակի ստորաբաժանումներին պատրաստվածության մակարդակը բարձրացնելու հրամանից մեկ օր անց։

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են իրաքյան զինված խմբավորումների շուրջ լարվածության ֆոնին։ Դրանցից մի քանիսը սպառնացել էին պատասխան հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային՝ Իրաքի ժողովրդական զորահավաքի ուժերի օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումներից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *