Դիակի հոտ, առնետներ և միլիոնավոր կիլոգրամների փտող սնունդ. հրդեհի հետևանքներն արդեն 2 ամիս տանջում են Լոս Անջելեսի բնակիչներին

Լոս Անջելեսի շրջաններից մեկում գրեթե երկու ամիս է՝ չեն կարող ավարտին հասցնել խոշոր սառնարանային պահեստում բռնկված հրդեհից հետո մաքրման աշխատանքները, որտեղ մնացել է մոտ 39 մլն կգ փտող սնունդ, հաղորդում է BBC News-ը։

Բոյլ Հայիթս թաղամասի բնակիչները բողոքում են անտանելի գարշահոտությունից, ճանճերի ու առնետների ներխուժումից, իսկ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ օպերատոր ընկերությունը չի կարողանում հաղթահարել հետևանքների վերացումը։

Հրդեհը տեղի է ունեցել հունիսի 17-ին և ոչնչացրել է Lineage ընկերությանը պատկանող պահեստը։ Ներսում եղել է մոտ 39 մլն կգ միս և ծովամթերք, այդ թվում՝ տավարի, խոզի միս, թռչնամիս և ձուկ։ Բարձր ջերմաստիճանի պատճառով սննդամթերքը սկսել է արագ քայքայվել։

«Հոտը շատ վատն է, այնքան, որ սիրտդ խառնում է», — BBC-ին պատմել է 37-ամյա անվտանգության աշխատակից Մեշան, որը աշխատում է տեղի խանութներից մեկի մոտ։ Ըստ նրա, գարշահոտությունը դիակի հոտ է հիշեցնում։

Lineage-ի տվյալներով, մինչև երկուշաբթի պահեստի տարածքից դուրս է բերվել սննդային թափոնների մոտ 80%-ը։ Սակայն Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ աշխատանքների տեմպն ու կազմակերպումը չեն համապատասխանում պահանջներին, և ընկերությանը հանձնել են ծանուցումներ՝ սանիտարական նորմերի և անվտանգության կանոնների խախտումների վերաբերյալ։

Հրդեհի հետևանքները հատկապես ծանր են անդրադարձել տեղական փոքր բիզնեսի վրա։ Brew Sting սրճարան-կետի սեփականատեր Ալեքսիս Սիկայրոսը պատմել է, որ հրդեհից հետո ստիպված է եղել այն փակել երկու շաբաթով։ Աշխատանքի վերսկսումից հետո հաճախորդները զգալիորեն պակասել են. պահեստի աշխատակիցները դադարել են սուրճի գալ, իսկ մյուս այցելուները խուսափում են թաղամասից՝ հոտի, ծխի և միջատների պատճառով։

Տեղի բնակիչների վկայությամբ, այն թաղամասում, որտեղ պահեստները հարևանում են բնակելի թաղամասերին, անընդհատ մեծ ճանճեր են պտտվում։ Բացի այդ, մարդիկ հայտնում են մեծ քանակությամբ առնետների հայտնվելու մասին։

Քաղաքի պատվերով պատրաստված զեկույցի համաձայն, պահեստի տարածքում առկա թափոններն ու բարձր ջերմաստիճանը կարող են արագացնել ճանճերի բազմացումը, որոնք ունակ են փոխանցել վարակներ։ Մասնագետները զգուշացրել են, որ դա վարակման վտանգ է ստեղծում բաց վերքեր ունեցող մարդկանց և կենդանիների համար։

Բնակիչները մեղադրում են քաղաքային իշխանություններին ոչ բավարար օպերատիվ արձագանքի և տեղեկատվության պակասի համար։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ հասկանում է նրանց դժգոհությունը և հանձնարարել է քաղաքային ծառայություններին արագացնել հրդեհի հետևանքների վերացումը։

Հուլիսի վերջին շրջանի հանրային առողջապահության վարչությունը տուգանել է Lineage-ին հակասանիտարական պայմանների և հասարակական կարգի խախտման համար՝ սահմանելով 500 դոլար տուգանք խախտման յուրաքանչյուր օրվա համար։

Բասը ընկերության համար սահմանել է մաքրման աշխատանքների ավարտի վերջնաժամկետ՝ օգոստոսի 13-ը։ Lineage-ը հայտարարում է, որ ակնկալում է արդեն հաջորդ շաբաթ ավարտել սննդային թափոնների հիմնական զանգվածի դուրսբերումը։ Ընկերությունը տարածքի մաքրման ընդհանուր արժեքը գնահատում է 80–100 մլն դոլար։

Քաղաքապետը նաև կարգադրել է կասեցնել պահեստի վերականգնման ծրագրերը, քանի դեռ ապահովված չեն թաղամասի բնակիչների անվտանգությունն ու առողջության պաշտպանությունը։ Իր հերթին Lineage-ը հայտարարում է, որ բրիգադներն աշխատում են շուրջօրյա՝ դուրս բերելով սննդային թափոնները, շինարարական աղբը և ապամոնտաժելով վնասված կառույցները։ Ընկերությունը ընդունում է գործողության բարդությունը և տհաճ հոտի վերացումը համարում իր գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *