Դանիան դպրոցական աշխատանքների համար բանավոր պաշտպանություն է սահմանում՝ ԱԲ-ից արտագրելու պատճառով

Դանիան դպրոցականների կողմից ԱԲ-ի օգտագործման դեմ նոր միջոցներ է սահմանում․ տնային պայմաններում կատարված գրավոր աշխատանքներն այժմ պետք է բանավոր պաշտպանել, իսկ աշակերտների առաջադրանքների մի մասը կկատարվի դպրոցում՝ վերահսկողության ներքո, գրում է The Guardian-ը։

Դանիայի կրթության նախարար Մագնուս Հոյնիկեն նոր միջոցների մասին հայտարարել է նոր ուսումնական տարվա մեկնարկից մեկ օր առաջ՝ նշելով, որ ավագ դասարաններում ԱԲ-ից արտագրելու խնդիրը պահանջում է անհապաղ գործողություններ։

16-ից 19 տարեկան աշակերտները, որոնք սովորում են դանիական գիմնազիաներում, պարտավոր կլինեն բանավոր պաշտպանել խոշոր գրավոր աշխատանքները, որոնք նախկինում կատարվում էին տանը։ Ամեն տարի նման առաջադրանքներ պատրաստում է շուրջ 9 հազար դպրոցական։

Բացի այդ, դպրոցները պարտավոր են օգտագործել գործիքներ՝ գրավոր քննությունների ընթացքում համակարգիչներով աշակերտների աշխատանքը վերահսկելու համար, ինչպես նաև դպրոցական ցանցում տեղադրել զտիչներ, որոնք սահմանափակում են որոշակի ռեսուրսների հասանելիությունը։

Իշխանությունները նաև խորհուրդ են տալիս գրավոր աշխատանքներն ավելի հաճախ անցկացնել անմիջապես դպրոցում՝ վերահսկելի պայմաններում։ Սա ուսուցիչներին թույլ կտա հետևել պատրաստման ընթացքին, հետադարձ կապ տալ և ավելի ճշգրիտ գնահատել աշակերտների իրական գիտելիքները։

Ըստ Հոյնիկեի, անհրաժեշտ է հասնել նրան, որ արհեստական բանականությունը չխաթարի դպրոցականների կարողությունները և, առաջին հերթին, նրանց ինքնուրույն մտածելու ունակությունը։ Դանիայի կառավարությունը նաև պատրաստում է դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ԱԲ-ի օգտագործման համազգային ռազմավարություն։

ԱԲ-ից արտագրելու խնդիրը արդիական է դառնում նաև եվրոպական այլ երկրներում։ Օրինակ՝ Շվեդիայում 2023–2025 թվականներին այն աշակերտների թիվը, որոնք նախազգուշացում են ստացել կամ հեռացվել են դասերից ԱԲ-ի չարտոնված օգտագործման համար, աճել է 688%-ով։ Երկրի իշխանությունները առանձին ստուգում են անցկացնում, թե ինչպես են դպրոցները հակազդում նման խախտումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *