Դիարբեքիրի քաղաքապետը կոչ է արել իրականացնել Արամ Տիգրանի ցանկությունը

Դիարբեքիրի կին քաղաքապետ Սերրա Բուջաքը հայտնի հայ աշուղ Արամ Տիգրանի մահվան 17-րդ տարելիցին կրկին կոչ է արել թուրքական իշխանություններին թույլատրել Արամ Տիգրանի մարմինը վերաթաղել Դիարբեքիրում։

Քրդական Malabadihaber կայքի փոխանցմամբ, Դիարբեքիրի քաղաքապետ Սերրա Բուջաքը հայտարարել է, որ պետք է իրականացնել Արամ Տիգրանի վերջին ցանկությունը եւ նրան մեծ հարգանքով ու պատվով վերաթաղել Դիարբեքիրում։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի երաժիշտը, ով ծնվել է 1934-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում, 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։ Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *