Որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար բացահայտում էր

ԱԺ-ում շարունակվում է խորհրդարանի նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է ԱԺ-ում իր ներկայության և խոսքի նկատմամբ իշխանական շրջանակների վերաբերմունքին։

Նրա խոսքով՝ նախկինում նկատել է, որ իր ելույթներն ու հայտարարությունները որոշ մարդկանց մոտ անհանգստություն են առաջացնում, և եղել են դեպքեր, երբ ինքը, որպես քաղաքացի, խորհրդարան այցելելիս տպավորություն է ստացել, թե մարդիկ փորձում են խուսափել իր հետ շփումից։

Միևնույն ժամանակ, Ղազարյանը նշել է, որ այս քննարկումների ընթացքում իր համար նոր բացահայտում է եղել այն, որ որոշների մոտ անհանգստություն կարող է առաջացնել անգամ իր լռությունը։

Քննարկվող հարցի համատեքստում պատգամավորը անդրադարձել է նաև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածությանը։

Ղազարյանի խոսքով՝ Վարդևանյանի թեկնածության առաջադրման նպատակներից մեկն ԱԺ նիստերի վարման մշակույթն ու որակը փոխելն է։

Նա վստահություն է հայտնել, որ եթե Վարդևանյանը գոնե մեկ անգամ ստանձնի նիստը նախագահելու պարտականությունը, խորհրդարանի նիստերին ներկա գտնվողները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ է նշանակում բարձր մակարդակով և հանրային ծառայության որակին համապատասխան նիստ վարել։

«Որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *