Ռուսաստանը Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ․ ТАСС -ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գերմանիայի հետ ուկրաինական կարգավորման վերաբերյալ պաշտոնական շփումներ չեն եղել և չկան, և քիչ հավանական է, որ դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության չափազանց ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունը և գործնական քայլերը», – նշել է փոխնախարարը։
Գալուզինը, սակայն, նշել է, որ հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումներ տեղի են ունեցել։
«Ինչ վերաբերում է ռուսական և գերմանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներին, դրանք եղել են և շարունակվում են», – ընդգծել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքվում, իբր, տեղի են ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ շփումներ։