Հարավային Կորեան և ԱՄՆ-ը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն խոշոր համատեղ ռազմական զորավարժություններ, որոնց ընթացքում կմշակեն հակազդումը անօդաչու սարքերին, ռադիոէլեկտրոնային ճնշմանը (GPS-ի խլացմանը) և կիբերհարձակումներին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի ռազմական ներուժի զարգացման, հաղորդում է Reuters-ը։
Ամենամյա Ulchi Freedom Shield (UFS) զորավարժությունները նպատակ ունեն ստուգելու մարտական գործողությունները և աջակցելու Հարավային Կորեայի կառավարության պատրաստվածությանը արտակարգ իրավիճակների դեպքում, ասվում է դաշնակիցների համատեղ հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի զորախմբի հրամանատարության, ամերիկա-հարավկորեական Միացյալ հրամանատարության և Կորեայում ԱՄՆ զորքերի հանրային կապերի տնօրեն, գնդապետ Ռայան Դոնալդը (Ryan Donald) հայտարարել է, որ այս մանևրները արտացոլում են ժամանակակից պատերազմների փոփոխվող բնույթը, այդ թվում՝ անօդաչու համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և կիբերօպերացիաների կիրառման աճը։
«ԿԺԴՀ-ի զինվորները կռվել են Ուկրաինայում, նրանք այնտեղ քաղած դասերը հետ են բերել Հյուսիսային Կորեա, — նշել է Դոնալդը։ — Սա փոխում է ԿԺԴՀ-ի հնարավորությունները, և մեր վարժանքներում այդ սպառնալիքը հաշվի է առնվում»։
Նրա խոսքով՝ զորավարժությունները կրում են խիստ պաշտպանական բնույթ և կենտրոնացած են բացառապես Կորեական թերակղզուն սպառնացող վտանգների և Հարավային Կորեայի պաշտպանության վրա։
Մանևրներին կմասնակցեն Հարավային Կորեայի շուրջ 18 000 զինծառայողներ, ինչը համապատասխանում է նախորդ տարիների մասշտաբներին (ԿՀ շտաբների պետերի միացյալ կոմիտեի կապիտան Չան Դո Յոն)։