7 ժամ տևած հանդիպում․ Փեզեշքիանը պատմել է Մոջթաբա Խամենեիի հետ ունեցած  հանդիպման և քննարկված հարցերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է իր հանդիպումը գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։

Իրանի պետական հեռուստատեսության հետ զրույցում Մասուդ Փեզեշքիանը Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպումը համարել է դրական և արդյունավետ։ Փեզեշքիանի խոսքով՝ հանդիպումը շատ լավ է անցել և տևել է մոտ 7 ժամ։ Նա նշել է, որ այդ ընթացքում քննարկվել են Իրանին վերաբերող գրեթե բոլոր հարցերը։

Իրանի նախագահն ընդգծել է, որ հանդիպման հիմնական թեմաներն են եղել բնակչության կենսամակարդակը, զբաղվածությունը և բնակարանային պայմանները. «Մենք նաև քննարկել ենք պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները։ Այս հանդիպմանը մանրամասն քննարկվել են կառավարության և ժողովրդի դիրքորոշումը, ժողովրդական աջակցությունը, միասնությունը և համերաշխությունը»։

Փեզեշքիանը հավելել է, որ գերագույն առաջնորդի ամենակարևոր առաջարկությունն է պահպանել «միասնությունն ու համերաշխությունը» երկրում։

Իրանի նախագահն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ոչինչ ավելի կարևոր չէ, քան միասնությունը, քանի որ «թշնամու հիմնական նպատակներից մեկը երկրի ներսում անհամաձայնություն ստեղծելն է»։

Նշենք, որ Փեզեշքիանը նախորդ օրը հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ՝ իր պաշտոնավարման երրորդ տարվա մեկնարկի կապակցությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *