Լիբանանի դատարանը նոր մեղադրանքներ է առաջադրել Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեին

Երկուշաբթի լիբանանցի դատավորը Լիբանանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեին և առևտրային Bank Audi բանկի նախկին ղեկավար Սամիր Հաննային մեղադրանքներ է առաջադրել ֆինանսական հանցագործությունների մեջ, ներառյալ միջոցների վատնումը և ապօրինի հարստացումը, Reuters-ին հայտնել է դատական համակարգի բարձրաստիճան աղբյուրը։

Սալամեն և Հաննան մեղադրվում են Լիբանանի Կենտրոնական բանկի միջոցներից տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ։ Աղբյուրի տվյալներով՝ գործը ներառում է նաև մեղադրանքներ, ըստ որոնց Հաննան կաշառք է տվել Սալամեին այն ժամանակահատվածում, երբ նա զբաղեցնում էր ԿԲ ղեկավարի պաշտոնը։

Սա առաջին դեպքն է, երբ Սալամեին առնչվող ֆինանսական հանցագործությունների գործով ներգրավվում է առևտրային բանկի ղեկավար, ինչը վկայում է հետաքննության տարածման մասին նաև մասնավոր հատվածի վրա։

Շվեյցարական Accountability Now հիմնադրամի տվյալներով՝ նոր մեղադրանքը վերաբերում է 2010 թվականին հնարավոր 154 միլիոն դոլարի և 2012 թվականին 102 միլիոն դոլարի վատնմանը։

Ռիադ Սալամեն երեք տասնամյակ ղեկավարել է Լիբանանի Կենտրոնական բանկը։ Ավելի վաղ նա արդեն ձերբակալվել էր և այլ մեղադրանքներով շուրջ 13 ամիս անցկացրել կալանքի տակ, որից հետո սեպտեմբերին ազատ էր արձակվել ռեկորդային՝ ավելի քան 14 միլիոն դոլար գրավի դիմաց (նա իր մեղքը չի ընդունում)։ Ներկայում ԿԲ նախկին ղեկավարը դատական նիստը բաց թողնելու պատճառով կալանքի տակ է, սակայն բժշկական հսկողության ներքո՝ Բեյրութից դուրս գտնվող պետական հիվանդանոցում։

88-ամյա Bank Audi-ի նախկին ղեկավար Սամիր Հաննան վճարել է 1 միլիոն դոլարի գրավ և կալանքի տակ չէ, քանի դեռ ֆինանսական հետաքննությունը շարունակվում է։

Ինքը՝ Սալամեն, առայժմ չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության հարցումներին, իսկ Հաննայի հետ նույնպես օպերատիվ կապ հաստատել չի հաջողվել։ Լիբանանյան գործերից բացի, Սալամեն առերեսվում է նաև արտասահմանում՝ մասնավորապես Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում իրականացվող հետաքննություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *