Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

«Համացանցից եմ իմացել դեպքի մասին, ոչ աշխատանքային օր է եղել։ Դանակահարված երիտասարդները երկուսն են․ խելացի երեխաներ են։ Զարմանալի է, թե ոնց է էդ դեպքը եղել, ինչի համար է եղել, անկեղծ ասած՝ ես ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապեում»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարությանը ասաց Արալեզ բնակավայրի վարչական ղեկավար Լաուրա Խլոյանը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Դեպքի վայր մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 21-ամյա տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Վարչական ղեկավարը հավելեց, որ տուժած տղաները մեծացել են նորմալ ընտանիքում, նրանք ընկերներ են։

Ինչ վերաբերում է դանակահարությունն իրականացրած 24-ամյա երիտասարդին, Լաուրա Խլոյանը հայտնեց, որ նրա մասին որևէ տեղեկություն չունի, քանի որ վերջինս իրենց համայնքից չէ. «Մյուսին չեմ ճանաչում, կողքի գյուղից է եղել, չեմ ճանաչում։ Չգիտեմ ինչով էր զբաղվում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Նոր Կյանքի վարչական ղեկավարի հետ, սակայն չստացվեց։

Նշենք, որ գործով կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել են նախաքննական մարմին։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դանակահարած 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *