Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների մեկամյակի կապակցությամբ։

«Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *