Նորածինների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հնդկաստանում. Խոշոր տնտեսությունների ժողովրդագրական հակադրությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհի թոփ 10 տնտեսություններում բնակչության թվաքանակը բաշխված է խիստ անհավասարաչափ։ Առկա ամենաթարմ տվյալներով՝ ամենամեծ բնակչությունն ունի Հնդկաստանը՝ մոտ 1․5 մլրդ մարդ, մի փոքր զիջում է Չինաստանը՝ 1․4 մլրդ մարդ։ Երրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ մոտ 0․4 մլրդ մարդ։

Թոփ տասնյակում բնակչության նվազագույն թվաքանակը հաստատվել է Իտալիայում՝ 59 մլն մարդ։ Սակայն միայն բնակչության թվաքանակների համեմատությունը բավարար չէ՝ հասկանալու, թե աշխարհի խոշոր տնտեսություններն ինչպիսի ժողովրդագրական խնդիրների են բախվում․

Կարևոր ցուցանիշ է պտղաբերության գործակիցը, որը ցույց է տալիս, թե ծննդաբերելու տարիքում գտնվող կանանց որքան երեխա է բաժին ընկնում։

Թոփ 10 տնտեսություններում պտղաբերության ամենաբարձր ցուցանիշը դիտվել է Հնդկաստանում՝ 1․94, իսկ ամենացածրը՝ Չինաստանում՝ 1․02։

Այս թվերը նշանակում են, որ Հնդկաստանում մեկ կնոջը բաժին է ընկնում մոտ երկու երեխա, իսկ Չինաստանում՝ ընդամենը մեկը։

Նորածինների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հնդկաստանում, որտեղ 1000 ողջ ծնվածներից մոտ 22-ը մինչև մեկ տարեկանը մահանում է։ Ամենացածր ցուցանիշը Ճապոնիայում է՝ մոտ 2 մահ 1000 ողջ ծնվածների հաշվով։

Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից կարևոր ցուցանիշ է կրթության տևողությունը դպրոցում։

Այս ցուցանիշով ամենաբարձր արդյունքը՝ մոտ 14 տարի, պատկանում է Գերմանիային, իսկ ամենաքիչ տարիները՝ Հնդկաստանում՝ մոտ 7 տարի։

Հաջորդը սեռերի հարաբերակցությունն է, որը ցույց է տալիս, թե որքան տղամարդ է բաժին ընկնում 100 կնոջ հաշվով։

Ամենացածր ցուցանիշը պատկանում է Ռուսաստանին՝ մոտ 87 տղամարդ, իսկ ամենաբարձր ցուցանիշը՝ Հնդկաստանին՝ մոտ 106 տղամարդ։

  • Վիճակագրական տվյալներից երևում է, որ բնակչության տարիքի մեդիանան ամենաբարձրը Ճապոնիայում է՝ մոտ 50 տարեկան։ Այս ցուցանիշը նշանակում է, որ ճապոնացիների 50%50 տարեկանից ցածր է, իսկ մյուս 50%-ը՝ բարձր։ Ամենացածր մեդիանան Հնդկաստանում է՝ մոտ 29 տարեկան։

Կյանքի սպասվող տևողությունը ամենաբարձրը Ճապոնիայում է՝ 85 տարի, իսկ ամենացածրը՝ Հնդկաստանում՝ մոտ 73 տարի։

Կախվածության ցուցանիշը, որը ցույց է տալիս տարեցների և աշխատունակ տարիքից ցածր տարիք ունեցողների մասնաբաժինն աշխատանքային տարիքի բնակչության մեջ, ամենաբարձրն է Ճապոնիայում՝ մոտ 70%, իսկ ամենացածրը՝ Չինաստանում՝ մոտ 44%։

Միգրացիոն հոսքերի արդյունքում բնակչության թվաքանակի փոփոխության առավելագույն մակարդակն արձանագրվել է Միացյալ Թագավորությունում, որտեղ բնակչության մոտ 1% աճը պայմանավորված է միգրանտներով։

Ամենացածր ցուցանիշը դիտվել է Գերմանիայում, որտեղ բնակչության թվաքանակի 0․4% անկումը պայմանավորված է միգրացիայով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *