Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր վերջին զրույցի ժամանակ պարզ է դարձել, որ Հայաստանում երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի. երկաթուղու երկարությունն ընդամենը 42 կիլոմետր է։ Այս ճանապարհը, ըստ Իլհամ Ալիևի, կարևոր կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո կբացվի Ադրբեջանից Իրան երկրորդ երկաթուղային գիծը։
«Երբ մենք առաջ քաշեցինք «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն ու նախաձեռնությունը, հիմնականում մտածում էինք տրանսպորտային հատվածի մասին։ Բայց այսօր մենք այն դիտարկում ենք ավելի լայնորեն։ Օրինակ՝ մենք ունենք պատրաստի նախագիծ՝ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու համար՝ Հայաստանի միջոցով։ Ջաբրայիլի (Ջրական) շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան։ Դրա հիմնական գործառույթն էլեկտրաէներգիայի փոխանցումն է։ Նման ենթակայանները կոչվում են փոխակերպիչ կայաններ։ Այն կառուցվել է ոչ թե կենցաղային էլեկտրամատակարարման, այլ մեծ ծավալի էներգիայի փոխանցման համար։ Այն պատրաստ է։ Այն կառուցվել է հատուկ «Զանգեզուրի էլեկտրաէներգետիկ միջանցքի» համար»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ իրենց մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները:
«Հուսով եմ՝ հայկական կողմը չի ձգձգի այս հարցը, քանի որ, առաջին հերթին, հենց իրենք կարող են ունենալ դրա կարիքը, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որը նրանք չեն վերահսկում: Սա առաջին կետն է: Երկրորդ՝ այդ կայանը հնացած է և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունները այս հարցի վերաբերյալ տարբեր միջազգային ֆորումներում: Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջանալի գործընթաց լինել. վաղ թե ուշ այն պետք է փակվի: Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի լիակատար էներգետիկ ճգնաժամի մեջ: Հետևաբար, ինչպես ասում են, լրացուցիչ աղբյուր ունենալը միայն օգուտ կարող է բերել», – հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ սա կլինի «Զանգեզուրի միջանցքի»՝ TRIPP-ի անբաժանելի մասը։