«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

Ընտրություններին մասնակցության համար առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է՝ ժամը 18:00-ն:

Շրջանցելով Ռուսաստանը. Թուրքիան Եվրոպային կոչ է անում ակտիվանալ Միջին միջանցքի նախագծում

Եվրոպան պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Միջին միջանցքի զարգացման գործում, որը կարող է դառնալ տնտեսական և աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի առանցքային գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի բաժնի վարիչ Մուստաֆա Փուլաթը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքի նախագիծն ունակ է զգալի օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև եվրոպական պետություններին։

«Այս նախագիծը Եվրոպայի համար պարզապես այլընտրանքային երթուղի կամ լոգիստիկ գիծ չէ, այլ տնտեսական, աշխարհաքաղաքական և ռազմավարական տրանսֆորմացիայի գործիք», — նշել է նա։

Փուլաթն ընդգծել է, որ միջանցքը կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպայի անվտանգության տեսանկյունից։

«Երկար ժամանակ Եվրոպան Ասիայի հետ առևտրում հիմնականում կախված է եղել հյուսիսային երթուղուց, որն անցնում է Ռուսաստանով։ Միջին միջանցքի երկայնքով տեղակայված երկրները, մասնավորապես Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի պետությունները, հարուստ են նավթով, գազով և էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, ինչը Եվրոպայի համար հասանելիություն է բացում դեպի էներգետիկ նոր ռեսուրսներ», — հայտարարել է դիվանագետը։

Նա հավելել է, որ այս երթուղու միջոցով Եվրոպան կկարողանա նաև ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ըստ դիվանագետի՝ Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունը, պատերազմներն ու ճգնաժամերը բացասական ազդեցություն են թողնում Միջին միջանցքի հետ կապված գործընթացների վրա։

Հայտնի է «Հանրապետություն» կուսակցության ցուցակի առաջին եռյակն ու կարգախոսը

Տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ հաստատվել է կուսակցության ընտրական ցուցակը։ 

Ցուցակի առաջին եռյակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Անահիտ Ադամյանը, Ռոմիկ Մխիթարյանը: Համագումարը նաև հաստատել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին: 

Կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Քեզ համար Հայաստան, Քեզ համար» կարգախոսով:

Երևանում Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի

Երևանում Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հորդորելով Հ. Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի  Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ:

Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանաք ընտրություններից առաջ․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է նախընտրական շրջանում ընդդիմադիր և իշխող ուժերի կատարած աշխատանքների տարբերությանը։

Պատգամավորը զուգահեռներ է անցկացրել պետական մասշտաբի ռազմավարական շինարարության և ընդդիմության կողմից իրականացվող «բարեգործությունների» միջև։

Վահագն Ալեքսանյանը շեշտել է, որ մինչ իշխանությունը զբաղված է երկրի ենթակառուցվածքների զարգացմամբ, «Կալուգացի Սամոյի» թիմակիցները փորձում են մարդկանց հավաքագրել կենցաղային նվերներով։

«Մինչ մենք կառուցեցինք, լուսավորեցինք, բացեցինք և շահագործման հանձնեցինք Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը, այդ ընթացքում Կալուգացի Սամոյի թիմակիցները 20 000 դրամ արժողությամբ չորս-հինգ շլվար նվիրեցին իրենց միտինգներին գնացողներին»,- նշել է պատգամավորը։

«Նվիրեցին, որ նրանք հանկարծ սպորտային կոշիկներով (սպորտիվ կեկով) այլևս չգնան միտինգների։ Սա այն ամենն է, ինչ ձեզ պետք է իմանալ եկող ընտրություններից առաջ»,- հավելել է նա՝ կոչ անելով քաղաքացիներին տարածել տեսանյութը։

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է հրապարակել՝ խնդրելով ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել:

Նման որոշում է կայացվել Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար։

Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ փրկարարներն ու պարեկները դուրս են բերել վարորդին

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։

 

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

 

Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել արգելափակումից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սամվել Կալուգացու անոմալ մաթեմատիկան ու անզուսպ ախորժակը

20.04.2026, 17:16

Քաղաքականություն

Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ․ Ռուբինյան

Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Ապրիլի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, քարաթափման՝ 8, փլուզման, թունավորման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 5, ուժեղ քամու՝ 2, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի, տեղատարափ անձրևի, ջրահեղձման, որոնողափրկարարական, օձերի նկատման` 1-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 127, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 112 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 128 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: