Ադրբեջանը հայտարարել է երկաթուղու մինչև Աղբանդ առաջխաղացման մասին և կոչ արել արագացնել աշխատանքներն Իրանում

Ադրբեջանը կոչ է արել արագացնել Իրանի տարածքում գտնվող երկաթուղային հատվածի շինարարության ավարտումը, որը պետք է բարձրացնի տարածաշրջանային տրանսպորտային երթուղու թողունակությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Tasnim-ը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարանցիկ համագործակցության ընդլայնումը, սահմանամերձ նախագծերը, ինչպես նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում։

Մուստաֆաևը նշել է, որ ադրբեջանական կողմում երկաթուղային գծի շինարարությունը առաջ է գնացել մինչև Աղբանդի շրջան։ Ըստ նրա, Իրանի տարածքում հատվածի ավարտումը թույլ կտա էապես մեծացնել երթուղու տրանսպորտային հնարավորությունները և մեծացնել դրա նշանակությունը տարածաշրջանային տարանցման համար։

Սադեղն, իր հերթին, հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ստեղծել համատեղ կոմիտե՝ գազի, էլեկտրաէներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման և կատարման վերահսկման համար։

Նախարարը նաև հայտնել է, որ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքը վնասներ է կրել ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում։ Միևնույն ժամանակ վնասված օբյեկտների վերականգնումը շարունակվում է ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ միաժամանակ, իսկ հիմնական տարանցիկ երթուղիները պահպանվում են աշխատանքային վիճակում։

Կողմերը նաև քննարկել են վերջին տարածաշրջանային զարգացումները և հաստատել ռազմավարական ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը։

«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, տեղեկացնում է ТАСС-ը։

«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց», — ասել է Պեսկովը։

Ըստ նրա, Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին։ «Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Փաշինյանը Բիշքեկում «ՇՀԿ+»-ի նիստում առաջին անգամ ելույթ է ունեցել հայերենով, մինչդեռ նախկինում նման միջազգային միջոցառումներում օգտագործում էր ռուսերենը։ Նա ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն էր, որը գագաթնաժողովում ելույթ ունեցավ ոչ ռուսերենով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես Փաշինյանի հայերեն ելույթ ունենալու որոշումը անվանել էր «տարօրինակ»՝ միաժամանակ նշելով, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի գագաթնաժողովի հնարավորության մասին

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գաղափարը կա, այն նետվել է նաև հանրային դաշտ։ Ասել, թե այն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի», — ասել է Ռյաբկովը։

Ըստ նրա, հիմնական հարցը մնում է հնարավոր հանդիպման բովանդակային կողմը և այն, թե ինչ արդյունքներ են դրանից ակնկալում։ Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ երեք երկրների առաջնորդների բանակցությունների հենց ձևաչափը մեծ նշանակություն կունենար և կարող էր կարևոր քաղաքական ազդակներ հղել։

Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի բարձր մակարդակով եռակողմ գագաթնաժողով նախկինում չի անցկացվել։ «Ես ոչինչ չեմ կարող բացառել», — ասել է նա՝ հավելելով, որ առայժմ ասվածին ավելացնելու ոչինչ չունի նման հանդիպման հեռանկարների վերաբերյալ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը և Սի Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը ԱՏԷՍ (Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18–19-ին Չինաստանում։

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել


Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով դատապարտել են մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Պետական Al…

«Ուիգմոր» բժշկական կենտրոնում 8-ամյա երեխա է մահացել. Shamshyan.com

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բուժհաստատություն տեղափոխված երեխան մահացել է. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության և քննչական մարմինների տվյալներով՝ մահացածը Երևանի բնակիչ, 8-ամյա Հ․ Մ․-ն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության (հանկարծամահության) հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ նշանակվել է մահացած երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Տեղի համայնքապետարանը հերքում է լուրերը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Տեղի համայնքապետարանը հերքում է լուրերը

Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել

Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ դրուզական համայնքի հայտնի ներկայացուցիչը լքել է Էս-Սուվեյդա նահանգը՝ ազդեցիկ դրուզ առաջնորդ Հիքմաթ ալ-Հիջրիի կողմնակիցների հետ լարվածության ֆոնին, հայտնում է AFP-ն։

Էս-Սուվեյդա քաղաքը և համանուն նահանգի մյուս շրջանները վերահսկվում են տեղական զինված կազմավորումների կողմից։ Սրանք Սիրիայի վերջին խոշոր տարածքներն են, որոնք դեռևս չեն գտնվում երկրի նոր իշխանությունների վերահսկողության տակ։

Տեղական խմբավորումների թվում է, այսպես կոչված, Ազգային գվարդիան, որը կապված է ալ-Հիջրիի հետ․ նա կտրուկ քննադատում է Սիրիայի նոր իշխանություններին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրուզական համայնքը «Իսրայել պետության անբաժանելի մասն է»։

Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդմամբ, տեղական զինված խմբերը ստիպել են նահանգի հայտնի բնակիչ Աթեֆ Հունայդիին լքել Էս-Սուվեյդան այն բանից հետո, երբ նրան առևանգել էին տնից՝ ալ-Հիջրիի հայտարարությունները դատապարտող հայտարարության պատճառով։ Ավելի ուշ Հունայդին ժամանել է Դամասկոս։

Բարաքը հայտարարել է, որ պետական կառավարման բացակայության պայմաններում «ավազակախմբերը լցնում են վակուումը» և մեղադրել է «թունավոր դրդապատճառներ» ունեցող մարդկանց մի փոքր խմբի՝ հենց համայնքի ներսում բռնություն հրահրելու մեջ։ Նրա կարծիքով, Հունայդին կամայականորեն ձերբակալվել և վտարվել սեփական տնից։

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ իր թիմը կապ է պահպանում Հունայդիի և այլ անձանց հետ, որոնք ներգրավվել են դրուզական համայնքի ներսում ծագած հակամարտության մեջ։ Նա կողմերին կոչ է արել զսպվածության և լուրջ երկխոսության։

Բարաքը նաև հիշեցրել է անցյալ տարի Էս-Սուվեյդայի համար ստորագրված «խաղաղության ճանապարհային քարտեզի» մասին, որն, ըստ նրա, պետք է ապահովի նահանգի վերադարձը Սիրիայի կազմ՝ դրուզ բնակչության համար քաղաքացիության լիարժեք իրավունքներով և պարտականություններով։

Ալ-Հիջրիի Ազգային գվարդիան հայտարարել է, որ իր մարտիկները միջամտել են այն բանից հետո, երբ լարվածությունը մեծացել է, և բնակիչները հավաքվել են Հունայդիի տան մոտ։ Խմբավորման վարկածով, Հունայդին ինքն է խնդրել իրեն տեղափոխել հարևան գյուղի անցակետ, որտեղից նա տաքսիով մեկնել է Դամասկոս։

Էս-Սուվեյդայում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ անցյալ տարվա հուլիսին դրուզների և սիրիական իշխանությունների հետ կապված ուժերի միջև բախումներից հետո։ Այս իրադարձությունները դարձել էին երկրում միջհամայնքային բռնության ամենածանր դրվագներից մեկը՝ 2024 թվականին Բաշար Ասադի տապալումից հետո։

Լոնդոնում Իսրայելի դեսպանատան հարևանությամբ վաճառքի են հանվել Խամենեիի հետ կապվող շքեղ բնակարանները

Լոնդոնի Քենսինգթոն թաղամասում գտնվող երկու շքեղ բնակարաններ, որոնք կապվում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, վաճառքի են հանվել. հայտնում է The Sunday Times-ը։

Բնակարանները գտնվում են Քենսինգթոնյան պալատի հարևանությամբ և Իսրայելի դեսպանատան հարակից փողոցում։ Դրանք դեսպանատան շենքից  հեռու են մոտ 45 մետր հեռու և  նայում են դրա հետնամասին։

Բնակարաններից մեկը՝ մոտ 366 քառակուսի մետր մակերեսով, զբաղեցնում է շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերը։ Այն ունի հինգ ննջասենյակ, սպասարկող անձնակազմի համար նախատեսված առանձին տարածք և մասնավոր տանիքի տեռաս։ 2016 թվականին այն գնվել էր 19 մլն ֆունտով, իսկ այժմ վաճառքի է հանվել գրեթե 12 մլն ֆունտով։ Բնակարանը համատեղ վաճառքի են հանել Knight Frank-ն ու Sotheby’s-ը։

Երկրորդ բնակարանը զբաղեցնում է նույն շենքի յոթերորդ և ութերորդ հարկերը։ Այն 2014 թվականին գնվել էր 16,75 մլն ֆունտով։ Այժմ գույքի նկատմամբ նշանակվել է կառավարիչ, սակայն դրա վաճառքի գինը հրապարակված չէ։ Երկու բնակարանների ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է մոտ 35,75 մլն ֆունտ։

Բնակարանների պաշտոնական սեփականատերը իրանցի բանկիր և գործարար Ալի Անսարին է։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հուլիսին նրան ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ անվանելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «առանցքային ֆինանսավորողներից» մեկը։ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Անսարին վերահսկել է Խամենեիին և Իրանի ռեժիմի այլ ներկայացուցիչներին պատկանող ակտիվների լայն ցանց և արտերկրում նրանց անունից գույք է ձեռք բերել։

Անսարին նախկինում նաև պատժամիջոցների է ենթարկվել Մեծ Բրիտանիայի կողմից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորմանն աջակցելու կասկածանքով։ Նա հերքում է Մոջթաբա Խամենեիի կամ ԻՀՊԿ-ի հետ որևէ ֆինանսական կապ ունենալու մեղադրանքները։

The Sunday Times-ի տվյալներով՝ բնակարանների վաճառքի թույլտվությունը տրվել է այն ժամանակ, երբ Անսարին չի կատարել հիփոթեքային պարտավորությունները։ Գույքի վարկատուները կառավարիչներ են նշանակել՝ իրենց միջոցները վերադարձնելու նպատակով։ Բնակարանների վաճառքից հնարավոր մնացորդային շահույթը, ըստ հրապարակման, կսառեցվի, քանի դեռ Անսարին շարունակում է մնալ պատժամիջոցների տակ։
Հրապարակման համաձայն՝ բնակարանների նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն կա:

Մոջթաբա Խամենեիի հետ բնակարանների կապի մասին տեղեկություններ են հայտնվել տարբեր հետաքննություններում։ Սակայն բնակարանները պաշտոնապես գրանցված են Ալի Անսարի անունով, ոչ թե Խամենեիի։ Անսարին հերքում է Խամենեիի հետ ֆինանսական կամ անձնական կապ ունենալը։

Խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները դեպի ՌԴ․ ինչ է կատարվում


Անվտանգային ռիսկերի մեծացման ֆոնին միջազգային ավիափոխադրողները սկսել են կրճատել կամ չեղարկել դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող ուղևորափոխադրումները։ Այ…

Առաջիկա օրերին անձրեւ է սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։