«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում պեղումներ են ընթանում

Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները․ այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։

Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։

3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար․ այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում հայերեն գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը հավանաբար կզարգանա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։

Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- նշել է Մոդին:

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ Վանաձորում պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով շենքի 3-րդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել․ գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։՝

Մասկը պատրաստ է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ. FT

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստ է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Starlink համակարգը՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար․ գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լրատվամիջոցի համաձայն` Մասկը նախկինում Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին ասել էր, որ պատրաստ է թույլատրել Starlink-ի օգտագործումը, սակայն այս որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և կպահանջի Սպիտակ տան հաստատումը։

FT-ին տված հարցազրույցում Ֆեդորովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը, այդ թվում՝ Մասկի հետ իր զրույցները։

Financial Times-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թույլատրել Ուկրաինային Starlink-ն օգտագործել ՌԴ-ի դեմ հարվածների համար։

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են գրեթե 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր՝ Իսրայելի կողմից Հունաստանի համար բազմաշերտ ՀՕՊ համակարգ ստեղծելու նպատակով․ ըստ The Times of Israel-ի՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

«Աքիլլեսյան վահան» անվամբ համաձայնագիրը Հունաստան կմատակարարի մի քանի իսրայելական համակարգեր, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր, ինչպես նաև Israel Aerospace Industries-ի արտադրած BARAK MX համակարգեր։

Իսրայելի ՊՆ-ն գործարքն անվանել է իսրայելա-հունական հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ ռազմական արտահանման համաձայնագիրը և Իսրայելի պատմության մեջ ամենամեծ նմանատիպ գործարքներից մեկը։

Համաձայնագիրը ստորագրվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվի կենտրոնակայանում՝ գլխավոր տնօրեն Ամիր Բարամի և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասի կողմից։

«Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի համապարփակ, բազմաշերտ ՀՕՊ համակարգ, որը հիմնված կլինի ամբողջությամբ իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի ՊՆ կուտակած լայնածավալ գործառնական փորձի վրա», – նշվում է հայտարարությունում։

Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է պաշտպանության համակարգերի համապարփակ փաթեթ՝ լայն շրջանակի սպառնալիքների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ։ Ավելին, կողմերը ստորագրել են լրացուցիչ 26 միլիոն եվրո արժողությամբ համաձայնագիր՝ Հունաստանին Rafael-ի արտադրած Drone Dome համակարգերի վաճառքի վերաբերյալ։

Իսրայելը նաև մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հունաստանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում։

Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ․ հայտնում են Կառավարությունից։

«Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Եկեղեցու ինքնավարությունն ու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունները․ Լիլիթ Գալստյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ն․ Փաշինյանի/նույնն է, թե՝ պետական իշխանության/ հարձակումն, ըստ էության, ոչ միայն  ՀՀ Սահմանադրական հիմքերի և իրավական պետության հիմնարար սկզբունքների  գիտակցված  ոտնահարում է, այլև՝  միջազգային պարտավորությունների արհամարհում․ գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Կրկին  և կրկին հաստատենք, որ ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ միջազգային չափանիշները միասին  ամբողջական իրավական շրջանակ են ձևավորում` պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցու և առհասարակ կրոնական կազմակերպությունների իրավունքները, նրանց ինքնավարությունն ու խղճի ազատությունը։

Այսպես՝

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ը հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից/հոդված 17 և օժտված են ինքնավարությամբ/հոդված 41/, իսկ 18-րդ հոդվածը հատուկ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Աքսեոմատիկ ճշմարտություն է՝ իրավական պետությունում իշխանության որևէ մարմին, ներառյալ` նախագահ կամ վարչապետ, չեն կարող իրենց վերապահել լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ իրենց տրված չեն և ուղղված են Եկեղեցու ներքին կառավարմանը կամ հոգևոր ղեկավարության ձևավորմանը։

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ՉԷ։

Հետևաբար, երբ  պետական պաշտոնյան կամ պետական մարմինը փորձում է եկեղեցու «բարեփոխման» օրակարգ ձևավորել, ազդել Կաթողիկոսի ընտրության, հոգևորականների նշանակման, Եկեղեցու ներքին կառավարման կամ Եկեղեցու կանոնական որոշումների վրա,  ԽՆԴԻՐԸ ԲԱՑԱՀԱՅՈՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ՈՉ ԻՐԱՎԱԿԱՆ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ նույնպես պաշտպանում է Եկեղեցու ինքնավարությունը։

Կրոնական համայնքների ինքնավարությունն ու անհատի կրոնի և խղճի ազատությունը պաշտպանված են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով և ՄԻԵԴ-ի  նախադեպային մի շարք որոշումներով։

ՄԻԵԴ-ի մոտեցմամբ՝ կրոնական համայնքի ինքնավարությունը ժողովրդավարական հասարակության  կարևոր պայման է, իսկ պետությունը պետք է հանդես գա տվյալ կրոնական համայնքի ներքին կյանքը կազմակերպելու և ղեկավարելու դիրքերից։

Hasan and Chaush v. Bulgaria և Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova, Fernández Martínez v. Spain  գործերով ևս ՄԻԵԴ–ը հաստատել է հետևյալ սկզբունքները՝   պետությունն իր հայեցողությամբ չի կարող որոշել կրոնական համայնքի ղեկավարության կամ ներքին կազմակերպության հարցերը։

ՄԻԵԴ, Մեծ պալատ, 26 հոկտեմբերի 2000 թ., Application no. 30985/96։ Fernández Martínez v. Spain — §127–128

ՄԻԵԴ, Մեծ պալատ, 12 հունիսի 2014 թ., Application no. 56030/07։Metropolitan Church of Bessarabia, §118

ՄԻԵԴ֊ի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Karoly Nady v. Hungary, [GC], 56665/09) վճռով միանշանակ արձանագրվել է, որ «պետական դատարանները» իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանի որ խաթարվում է ինչպես կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այնպես էլ մարդկանց խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։

Ըստ էության, ավելի քան ակնհայտ է  և այս համատեքստում ամբողջությամբ  անօրինական և կամայական Կառավարության  ծրագրով ամրագրված իշխող քաղաքական ուժի նպատակադրումը՝ եկեղեցուն թելադրել–պարտադրել իշխանությանը ցանկալի առաջնորդություն,  ուղղորդել Հայ Առաքելական եկեղեցու ներքին որոշումները։

Այս համատեքստում ԵԱՀԿ չափանիշները ևս ավելի քան հստակ են։

1989թ․ ԵԱՀԿ Վիեննայի եզրափակիչ փաստաթղթի 16.4-րդ կետը ճանաչում  է կրոնական համայնքների  ինքնակազմակերպվելու, ինչպես նաև իրենց հոգևոր և վարչական անձնակազմը սեփական պահանջներին և չափանիշներին համապատասխան ընտրելու նշանակելու  և փոխարինելու իրավունքը։

Կաթողիկոսի ընտրությունը Եկեղեցու ներքին կանոնական գործընթաց է և պետությունը/ քաղաքական իշխանությունւ/ չի կարող  «ընտրել»  կամ «առաջադրել» իր համար ցանկալի Եկեղեցու հոգևոր առաջնորդ կամ   պետական վերահսկողություն իրականացնել «Եկեղեցու բարեփոխման» ուղղությամբ։

Ժողովրդավարական երկրներում իշխանություն և Եկեղեցի հարաբերություններում, իրավականից զատ  գոյություն ունեն նաև  բարոյական «կարմիր գծեր»։

Պետությունը չի կարող՝

  • որոշել եկեղեցու հոգևոր ղեկավարին,
  • թելադրել Կաթողիկոսի ընտրության արդյունքը,
  • միջամտել Եկեղեցու կանոնական իրավասություններին,
  • ստեղծել ականորեն «ընդունելի» կամ «անընդունելի» հոգևոր առաջնորդների ցանկ,
  • պետական լծակներով փոխել Եկեղեցու ներքին իշխանության հարաբերակցությունը,
  • Եկեղեցու ներքին վեճերը լուծել քաղաքական իշխանության միջոցով։

Մեկ անգամ ևս հաստատենք:

Փաշինյանի և նրա հանձնարարությամբ դատական համակարգի արշավը Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր դասի նկատմամբ  պետական իշխանության սահմանադրական ինքնասահմանափակման սկզբունքի կոպտագույն խախտում է։

Այն տեղավորվում է ոչ թե իրավական գործընթացների, Հայոց պետականության  և ազգային շահերի, այլ՝  Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքական ենթարկեցման, օտարածին թելադրանքներին հնազանդվելու և հայ ժողովրդի ազգային հենասյունային արժեքները կազմաքանդելու ծրագրի  և ուղղորդված նպատակադրումների մեջ։

ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները   պետք է ենթարկվեն ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ՝  միջազգային իրավաքաղաքական գնահատման։

Հ․Գ․ Առաջին ատյանի դատավորների խուսափողական հրաժարականները ևս խոսում են անխուսափելի պատասխանատվության և հետագա հետևանքների գիտակցումի մասին»,- գրել է նա։

Սեփական քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Forbes-ին

Forbes Woman-ին տված բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի կինը՝ բարերար և Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, խոսել է իր ամուսնու ձերբակալությունից հետո տեղի ունեցածի, իր ընտանեկան գործերի և բարեգործական նախագծերի կառավարման, ինչպես նաև ամուսնու ազատ արձակմանն ուղղված ջանքերի մասին։

Զոնաբենդի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի հետ մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգով կապ չի եղել։

«Միայն վերջերս, փաստաբանի միջոցով, ես կարողացա ուղարկել մեր թոռնուհիների լուսանկարները, որոնք ծնվել են Ռուբենի՝ բանտում գտնվելու ընթացքում», – նշել է Վարդանյանի կինը։

Զոնաբենդը հուլիսին հայտարարել էր, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն է պատրաստում, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու։ Լրագրողի հարցին, թե ո՞րն է դրա նպատակը, նա պատասխանել է․ «Նախաձեռնության նպատակը զուտ մարդասիրական է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, այցելել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիներին և փոխանցել նրանց հարազատներից նամակներ, լուսանկարներ և թույլատրված անձնական իրեր»։

Նա հավելել է, որ նամակներ է ուղարկել մի քանի միջազգային կազմակերպությունների, նախևառաջ՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային, որը Ռուբեն Վարդանյանի հետ զրույցում իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու այցի կազմակերպմանը։ Սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել։

«Ես նամակ ուղարկեցի Հայաստանի վարչապետին։ 2026 թվականի ապրիլին Ռուբենը դիմեց Հայաստանի մարդու իրավունքների հանձնակատար Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով նրան գալ Բաքու և այցելել հայ բանտարկյալներին՝ նրանց ընտանիքների հետ միասին, Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։  ՀՀ ՄԻՊ-ը պատասխանեց Ռուբենին, որ ինքը նման լիազորություն չունի. Ադրբեջան մեկնելն իր լիազորությունների մեջ չէ։ Այնուհետև, մայիսին, Ռուբենը կապ հաստատեց Հայաստանի վարչապետի հետ՝ հարցնելով, թե ո՞վ է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված հայ քաղաքացիների պաշտպանության և աջակցության կազմակերպման համար։ Ռուբենը դեռևս պատասխաններ չի ստացել իր հարցերին։ Ես կարծում եմ, որ սեփական քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է»,- ասել է նա։

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը նախևառաջ պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին։

«Ես նամակ գրեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ խնդրելով աջակցել պատվիրակությանը», – ընդգծել է Վարդանյանի կինը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի համար պատվիրակությունը հնարավորություն է ցուցադրելու իրական բարի կամք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում։

ԱԳՆ ղեկավար կազմն ու դիվանագետները քննարկել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ։