Արմավիրում որոշել են՝ ոչ մի ընդդիմադիր ուժ չպետք է մասնակցի ՏԻՄ ընտրություններին, բռնաճնշումներ են սկսվել․ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրություններում հաղթել է տոտալ «բեսպրեդելի», ճնշումների արդյունքում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 60․000 ձայն գողանալու միջոցով։ Եվ այս ամենով հանդերձ՝ ՔՊ-ն չկարողացավ 50% ձայն հավաքել և, որ ամենակարևորն էր, սահմանադրական մեծամասնություն ունենալ Ազգային ժողովում։ Եվ հիմա իրենց այս հիստերիկ նոպաները, պարբերաբար սրացումները նաև հենց դրա մասին են վկայում․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է սպասվող ՏԻՄ ընտրություններին․ «Ես կարծում եմ, որ ընտրություններին մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև իրականում դա քաղաքական պրոցես է, և բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք ունեն բջիջներ համայնքներում, որոնք ունեն համակիրներ, պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին։ Ամեն դեպքում մենք նույն Գյումրիի ու Փարաքարի դեպքում տեսանք, որ քվեարկության արդյունքներով ստացվեց, որ ընդդիմադիր մարդիկ, ընդդիմադիր կուսակցությունները ղեկավարեցին»։

Իսկ հետո, ըստ նրա, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ՝ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց, ի դեպ, այսօր մեկ տարին է լրանում ողբերգական սպանության։ Նույնն էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում։

«Նախկինում, եթե (իշխանությունները-Խմբ․) սպասում էին քվեարկության արդյունքներին, որ տեսնեին, նոր բռնաճնշումներ տեղի ունենային, հիմա, այսպես ասած, մի քիչ «խելքի են եկել»՝ նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում, բոլոր կարող ուժերին արանքից հանում են, որ մնա միայն ՔՊ-ն»,-ասաց պատգամավորը՝ օրինակ բերելով Արմավիրում սպասվող ՏԻՄ ընտրությունները․ «Քանի որ տարածքային կառավարման նախարարն Արմավիրից է, ինքը որոշել է, որ ընդհանրապես Արմավիրում չպիտի որևէ ուրիշ քաղաքական ուժ, ընդդիմադիր ուժ մասնակցի։ Մարդիկ մտել են անձնագրային բաժանմունք՝ վերցնեն տեղեկանքները, որպեսզի առաջադրվեն, կես ժամ հետո տոտալ բռնաճնշումներ են սկսվել՝ սկսած ոստիկանությունից, վերջացրած վարչական շրջանի ղեկավարներով»։

Նա նշեց, որ իրենք կանգնած են այն բոլոր ընդդիմադիր ուժերի կողքին, որոնք մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին։

Փաշինյանի «գալու եմ կոշիկները հանեմ» արտահայտությունը հիվանդ և հակաօրինական միտք է․ Քոչարյանի պաշտպան

Նիկոլ Փաշինյանի «գալու եմ կոշիկները հանեմ»-ը՝ ուղղված Քոչարյանին ու նրա որդուն, հիվանդ և հակաօրինական միտք է․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Իշխանության պարտականությունն է՝ ապահովել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունենան կոշիկ, տաբատ, վերնաշապիկ, լինեն կուշտ, բուժված, տանիք ունեցող, այսինքն՝ դա իր պարտականությունն է։ Ազգային ժողովի մանդատը տրված է որպես ընդհանուր մանդատ, չի տրված, որ ընտրողները կունենան, չընտրողները չեն ունենա։ Կառավարությունը ծառայում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, ներառյալ՝ այն մարդկանց, որոնք չեն քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին։ Եվ այդ պնդումը, որ պետք է ինչ որ մի քաղաքացու, էական չէ՝ որ քաղաքացու, կոշիկները հանեն, հիվանդ և հակաօրինական, ապօրինի միտք է»,- ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև բանավեճը վերաճել էր անձնական վիրավորանքների։ Փաշինյանը, դիմելով Լևոն Քոչարյանին, հայտարարել էր. «Հեսա կտենանք՝ ով ա խելոք, կոշիկդ հագիցդ հանելու ենք կախած վիճակում»։ Նա հավելել էր, որ «Ռոբերտ Քոչարյանենցից նույնիսկ ապօրինի կոշիկն ենք վերադարձնելու»։

Ծեծկռտուք՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժորա Սեդրակյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։

Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետ կապված հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե ոչ։

 

Մեծ Բրիտանիան խորհուրդ չի տալիս այցելել Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից շրջաններ «Ֆորմուլա 1»-ի ժամանակ

Իրանի դեմ պատերազմի հետևանքներից մեկը միջազգային սպորտային օրացույցում առաջացած լուրջ խառնաշփոթն է, և «Ֆորմուլա 1»-ը բացառություն չէ։ Այնուամենայնիվ, այս շաբաթ «Ֆորմուլա 1»-ի մրցավազքն անցկացվում է Ադրբեջանում, որը սահմանակից է Իրանին. գրում է AP News-ը։

Բաքվի քաղաքային մրցուղին, որտեղ շաբաթ օրը կանցկացվի մրցավազքը, գտնվում է Ադրբեջանի՝ Իրանի հետ ունեցած հարավային սահմանի ամենամոտ կետից մոտ 170 կմ հեռավորության վրա։ Սա ավելի մոտ է, քան Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի մրցուղիները, որտեղ նախատեսված մրցավազքերը չեղարկվել էին ընթացիկ տարում։

Ճամփորդական խորհրդատվությունները որոշիչ դեր են խաղում «Ֆորմուլա 1»-ի որոշումների կայացման գործում։ «Ֆորմուլա 1»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, իսկ թիմերի և անձնակազմի մեծ մասը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, ինչը նշանակում է, որ բրիտանական ճամփորդական խորհրդատվությունները մեծ ազդեցություն ունեն մրցումների մասնակիցների շրջանում։

Մեծ Բրիտանիան խորհուրդ չի տալիս այցելել Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից շրջաններ կամ այն տարածքներ, որոնք նախկինում տուժել են զինված հակամարտությունից (հատկապես ականների վտանգի պատճառով), սակայն այդ տարածքները մոտ չեն մայրաքաղաք Բաքվին։

Ադրբեջանը նշում է «Ֆորմուլա-1»-ի իր առաջին մրցավազքի 10-ամյակը, սակայն այս տարվա միջոցառումը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։ Ադրբեջանի «Գրան պրին» անցկացվելու է շաբաթ օրը, քանի որ կիրակի Ադրբեջանում պետական տոն է՝ «Հիշատակի օր»։

Սեպտեմբերի 27-ը 2020 թվականին ԼՂ տարածաշրջանում ռազմական գործողությունների մեկնարկի տարելիցն է։ Ավելի ուշ՝ 2023 թվականին, Ադրբեջանը տարածաշրջանի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց։

 

Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Այս մասին  տեղեկացանք փոխվարչապետի որոշումներից։

Իրական անկախությո՞ւն, թե՞ ինքնիշխանության կորուստ․ «Коммерсантъ»-ի անդրադարձը Փաշինյանի և ընդդիմության տեսակետների տարբերությանը

Հայաստանը նշեց անկախության 35-ամյակը։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրապետությունը միայն վերջերս է հասել անկախության և ազատության, քանի որ այն միայն հիմա է նշում այս օրը «խաղաղության մեջ, այլ ոչ թե պատերազմի»։ Սակայն հայկական ընդդիմությունն այս կայունությունը դիտարկում է բոլորովին այլ կերպ․ գրում է «Коммерсантъ»-ը։

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված ուղերձում ՀՀ կառավարության գլխավոր թեզը «հայոց երազանքի» իրականացումն էր՝ ավելի արդար, անկախ, միասնական, ինքնիշխան և ժողովրդավարական դառնալու մասին։ Եվ, ինչպես նկատում է լրատվամիջոցը, բոլորը չէ, որ համաձայն էին այս թեզի հետ։

Ինչպես և սպասվում էր, այն գործոնները, որոնք իշխանությունները համարում են կայունության նշան, հայկական ընդդիմության կողմից դիտվում են որպես լուրջ սպառնալիքներ և ինքնիշխանության կորուստ։ Սակայն Հարավային Կովկասում, և, հետևաբար, հենց Հայաստանում, իրականությունը փոխվում է նույնիսկ առանց դրա։ Եվ որոշ առումներով՝ սա երկիրը դնում է 35 տարի առաջվա հանգամանքներին ինչ-որ չափով նման իրավիճակում։

«Ինչպես 1991 թվականին, այնպես էլ հիմա պարզ է, որ հնին վերադարձն անհնար է, բայց նորը նաև բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում», -Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կից միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Կրեմլը փոխում է մոտեցումը Հայաստանի նկատմամբ․ ինչո՞ւ Պուտինը շնորհավորեց Փաշինյանին․ Eurasianet

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը փորձում է դիվանագիտական սիրաշահման միջոցով բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ. գրում է Eurasianet-ը։

«Պուտինը զարմացրեց Հայաստանի և այլ երկրների դիտորդներին՝ սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ հղելով իր գլխավոր հակառակորդներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի տիրապետությունից Հայաստանի վերանկախացման 35-ամյակի կապակցությամբ։ Այս շնորհավորանքը հատկապես ուշագրավ էր, քանի որ Պուտինը պահպանում էր ցուցադրական լռություն հունիսին՝ Փաշինյանի վերընտրությունից հետո. խորհրդարանական այդ ընտրություններում Ռուսաստանը կիրառել էր զանազան «կեղտոտ» հնարքներ՝ ապարդյուն փորձելով հասնել գործող ղեկավարի պարտությանը», – գրում է կայքը։

Ինչպես նշում է կայքը, վերջին 18 ամսվա ընթացքում Փաշինյանը հետևողականորեն վարել է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը երկրի ավանդական ռազմավարական գործընկեր Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու քաղաքականություն։ Ի հիասթափություն Մոսկվայի՝ Երևանը քայլեր է ձեռնարկել՝ սկսելու Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը, որն, ըստ կանխատեսումների, երկարատև է լինելու։

Հայաստանն արդեն իսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, որը ԵՄ-ի մրցակիցն է և գործում է Ռուսաստանի ղեկավարությամբ։ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանը մոտ ապագայում պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ շեշտելով, որ Երևանը չի կարող անդամակցել երկու կազմակերպություններին միաժամանակ։

Մոսկվայի կիրառած ճնշման ու սպառնալիքների մարտավարությունը, ակնհայտորեն, արդյունք չի տվել և չի ստիպել Փաշինյանին հրաժարվել եվրոպական ինտեգրման ուղուց։ Ուստի՝ թվում է, թե Կրեմլի համար մնացած միակ տարբերակը բարյացակամություն դրսևորելն է։ Սակայն, հաշվի առնելով Պուտինի՝ կոշտ ու ճնշող գործելաոճի երկարատև պատմությունը, Կրեմլի համար, ամենայն հավանականությամբ, չափազանց դժվար կլինի համոզիչ կերպով ներկայանալ որպես բարյացակամ գործընկեր։

Ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9․50-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որը ցանկանում է ինքնասպանություն գործել․ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Շենգավիթի համայնքային ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը հայտնաբերվել է և կանխվել է նրա ինքնասպանության փորձը։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հայտարարության մեջ։

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և փորձագետների համատեղ հայտարարությունը

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի ու փորձագետների համատեղ հայտարարությունը Արցախի բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ․

«Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ նրանց բռնագաղթը պատերազմի պատահական հետևանք չէր, և որ այն ավարտված չէ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

1915 թվականով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը, երբ Օսմանյան կայսրության հայերը՝ իբրև ժողովուրդ, դարձան զանգվածային կոտորածների ու բռնագաղթի թիրախ, նրանց հետքերը ջնջվեցին, իսկ հանցագործությունը հերքվեց ոճրագործների կողմից։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակեց Լաչինի (Բերձորի) միջանցքը՝ շուրջ 120,000 մարդու մատնելով իննամսյա պաշարման՝ առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց սովի մատնված բնակչության դեմ։ Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի գրեթե ողջ հայությունը ստիպված լքեց հայրենիքը, իսկ Արցախի Հանրապետությունը լուծարվեց։ Եվ մինչ օրս նրանցից ոչ մեկին թույլ չի տրվել վերադառնալ։

Մի ամբողջ ժողովուրդ վտարվեց, նրա պետական ինստիտուտները լուծարվեցին, եկեղեցիներն ու գերեզմանատները հարկադրաբար լքվեցին ու դարձան ոչնչացման թիրախ, իսկ տեղի ունեցածն Ադրբեջանը ներկայացրեց իբրև իրավաչափ ներքին գործ։ Թեև Հայոց ցեղասպանության միջոցներն ու մեթոդները փոխվել են, նպատակը մնացել է նույնը՝ հայ ժողովրդի՝ իբրև ազգի, և նրա ինքնորոշման իրավունքի ժխտումը։

Միջազգային հանրությունն արձագանքեց խոր ցնցմամբ։ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Միացյալ Նահանգների Կոնգրեսը՝ յուրաքանչյուրն ընդունեցին համապատասխան բանաձևեր։ Արտաքին գործերի նախարարությունները դատապարտեցին էթնիկ զտումը։ Հնչեցին անկախ միջազգային հետաքննություններ անցկացնելու կոչեր։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը, միջանկյալ միջոցներ կիրառելու պարտադիր որոշմամբ, Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքած անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձը, ինչպես նաև պաշտպանել ու պահպանել նրանց գրանցման, ինքնության և մասնավոր սեփականության փաստաթղթերը։ Այդ որոշումը, ինչպես և նախնական շրջափակումը վերացնելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշումը, մնում է չկատարված, իսկ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրել այն անտեսելու համար։

Փոխարենը՝ արևմտյան կառավարությունները, աշխարհաքաղաքական ավելի լայն հաշվարկներից ելնելով, փորձել են լռելյայն ընդունելի դարձնել քաղաքական նոր ստատուս քվոն։ Արևմտյան դեսպանների և բանագնացների, այդ թվում՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի վերջերս կատարած այցն Արցախ միայն ծառայեց այդ նորմալացմանը լեգիտիմության պատրանք հաղորդելուն և էլ ավելի խորացրեց այդ տարածքից վտարված մարդկանց վերքը։ Տարածաշրջանում խաղաղությանը, առևտրին և էներգետիկ գործընկերություններին աջակցելու ձգտումը լեգիտիմ է։ Սակայն խաղաղությունն ու տնտեսական զարգացումը երբեք չեն կարող կառուցվել մի ողջ ժողովրդի՝ իր պապենական հայրենիքից մշտական դուրսմղման հաշվին։

Ադրբեջանը շարունակում է պատանդի կարգավիճակում պահել Արցախից գերեվարված ղեկավարներին ու պաշտոնյաներին։ 2026 թվականի փետրվարին, դռնփակ ռազմական դատավարություններից հետո, Բաքուն նրանցից տասնվեցին, այդ թվում՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, դատապարտեց 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ Amnesty International-ը նրանց դատավճիռներն անվանեց «բացահայտ ծաղր» և «վիրավորանք միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ»։ Ադրբեջանի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի փակումից հետո այս բանտարկյալների հետ անկախ շփումը գրեթե իսպառ դադարել է։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի արշավը խրախուսելու համար։ Բռնի տեղահանվածների իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջ է քաշել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը դուրս է մղել Արցախը պաշտոնական խոսույթից։ Փաշինյանը հայրենազրկվածներին ստիպում է հրաժարվել վերադարձի իրավունքից և մոռանալ այն հողն ու հնագույն ժառանգությունը, որից նրանք վտարվել են։ Արցախի տեղահանվածները մատնվել են ծանր չքավորության։ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց ապահով կացարանի կամ կայուն աշխատանքի, իսկ պետական աջակցության կրճատումներն ավելի են խորացրել նրանց աղքատությունը։ Վերադարձի փոխարեն առաջարկվող ինտեգրումը սեփական տունը լքելու և ուրանալու գինն ունի։

Այս քաղաքականությունն ուղեկցվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև բոլոր նրանց նկատմամբ աճող ճնշումներով, ովքեր շարունակում են բարձրաձայնել Արցախի և հայ ժողովրդի համար դրա պատմական նշանակության մասին։ Փաշինյանը հետևողական արշավ է ծավալել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ ոտնահարելով կրոնի կամ համոզմունքի ազատության ներպետական և միջազգային երաշխիքները։Մի շարք հոգևորականներ իրենց հրապարակային դիրքորոշման համար պահվել են կամայական ու պատժիչ նախնական կալանքի տակ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պետական հեղաշրջման մեղադրանքով 344 օր անցկացրեց անազատության մեջ՝ նախքան 2026 թվականի հունիսին տնային կալանքի տակ անցնելը։ Արցախի և «Իրական Հայաստանի» քաղաքականության հանդեպ ցանկացած այլախոհություն քրեականացվում է։

Եվ որ ամենակարևորն է՝ Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Չկա որևէ ձևաչափ՝ ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում և ո՛չ էլ Բրյուսելում, որտեղ նրանց կընդունեն որպես սեփական հայրենիքին առնչվող որոշումների կայացման կողմ։ Մենք ստորագրում ենք այս հայտարարությունը՝ տեր կանգնելու նրանց պահանջներին այնտեղ, որտեղ նրանք զրկված են այդ հնարավորությունից։ Մենք պնդում ենք, որ նրանց ձայնը պետք է լսելի լինի։

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ապահովել.

  • Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի անխոչընդոտ մուտքն ու տեսակցությունը կալանքի տակ գտնվող բոլոր պատանդներին.
  • Ադրբեջանի կողմից 2023 թ. նոյեմբերի 17-ի ԱՄԴ որոշման լիակատար կատարումը և արցախցիների՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը.
  • հասցեական պատժամիջոցների կիրառումը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի շրջափակման, 2023 թ. սեպտեմբերի ռազմական հարձակման և Արցախի ղեկավարների ապօրինի կալանավորման համար.
  • Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության (այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և խաչքարերի) պահպանության անկախ միջազգային վերահսկողությունը.
  • Արցախցիների լիարժեք ներկայացվածությունն իրենց վերադարձին և իրավունքներին առնչվող ցանկացած գործընթացում՝ իրենց իսկ ընտրած ներկայացուցիչների միջոցով.
  • Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների իրավունքների անվերապահ հարգումն ու Արցախի հարցը բարձրաձայնող հոգևորականների և այլ անձանց նկատմամբ հետապնդումների դադարեցումը։

Մենք նաև հորդորում ենք միջազգային հանրությանը՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորումը պատրվակ չդարձնել այս պահանջներն անտեսելու համար, իսկ դրանց ուղղությամբ շոշափելի առաջընթացը դիտարկել իբրև Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման պարտադիր նախապայման։ Երեք տարին այն ժամանակը չէ, որ մի ժողովուրդ կարողանա մոռանալ իր հայրենիքը, ոչ էլ կարող է արդարացում լինել մնացածիս համար՝ անգործության մատնվելու։

Ստորագրողներ՝

  • Ջոն Այբներ, «Քրիստիան Սոլիդարիթի Ինթերնեշնլ» (Christian Solidarity International) կազմակերպության նախագահ
  • Յան Ֆիգել, FOREF Europe-ի նախագահ, Եվրամիության նախկին հանձնակատար
  • Վարդան Օսկանյան, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ
  • Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
  • Մարիամ Ավագյան, «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ
  • Հովիկ Ավանեսով, Արցախի մշակութային ժառանգության պաշտպան (օմբուդսմեն)
  • Արտակ Բեգլարյան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ
  • Լիլիթ Բլեյան, «Մուզանավ» մշակութային ՀԿ
  • Էդգար Էլբակյան, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ նախագահ
  • Մհեր Հարությունյան, «Կաճառ» գիտական կենտրոնի նախագահ
  • Արմինե Հայրապետյան, Արցախի պատմական միջավայրի պահպանության կազմակերպություն
  • Նաիրա Հայրումյան, «ՄեդիաՍտեփ» (MediaStep) ՀԿ
  • Ռաֆայել Իշխանյան, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ
  • Գառնիկ Քըրքոնյան, Հայ իրավական պաշտպանության ճակատի նախագահ
  • Գևորգ Մանուկյան, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ
  • Մարգարիտա Միրզոյան, «Լագարդեքս» (Lagardex) ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն
  • Բագրատ Մովսեսյան, «Ազգային պատմամշակութային» ՀԿ նախագահ
  • Գեորգի Պետրոսյան, Արցախի հանրային խորհրդի նախագահ
  • Սուսաննա Պետրոսյան, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ
  • Սերգեյ Շահվերդյան, Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության նախագահ
  • Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ»,- ասված է հայտարարության մեջ։

Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ՝ ծովի մակարդակից 2350մ բարձրության վրա, արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է. գրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու տեղեկացրել, որ դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար: