Եվրոպան կարող է խրախուսել ԱՄՆ-ին հետևել միջազգային իրավունքին․ Փեզեշքիանը՝ Մակրոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի «բարի կամքի բացակայությունը» և «մաքսիմալիստական ​​դիրքորոշումը» խոչընդոտել են անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնագրի վերջնական կնքմանը․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRNA լրատվական գործակալությանը։

Նրա խոսքով՝ սպառնալիքները, ճնշումը և ռազմական գործողությունները միայն կսրեն տարածաշրջանում ԱՄՆ-ի «ստեղծած խնդիրները»։

«Դիվանագիտությունը վեճերի կարգավորման նախընտրելի ուղին է», – ասել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ և խրախուսել ԱՄՆ-ին՝ հետևել միջազգային իրավունքին։

Իտալիան չի երկարաձգի Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ժամկետը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին․ գրում է Al Jazeera-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – Վերոնայում կայացած միջոցառման շրջանակում հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Նշվում է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։

Մենք մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Գերմանիա այցի ընթացքում Գերմանիան և Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

«Մենք մեր երկկողմ հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ համատեղ կաշխատեն սահմանափակել Գերմանիայում ապաստան գտած ուկրաինացի տղամարդկանց թիվը, քանի որ կարևոր է, որ «այս տղամարդիկ այնտեղ լինեն՝ իրենց երկրին օգնելու համար»։

Արտադրված է «անբարյացակամ» երկրներում․ ՌԴ-ն սկսել է ավելի բարձր մաքսատուրքեր գանձել ԵԱՏՄ-ից ներմուծվող, բայց ԵՄ-ում արտադրված ապրանքների համար

Ռուսաստանի մաքսային ծառայությունը սկսել է ավելի բարձր մաքսատուրքեր գանձել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ներմուծվող ապրանքների համար, եթե դրանք արտադրված են «անբարյացակամ» երկրներում․ Forbes-ին հայտնել են իրավաբաններն ու ձեռնարկատերերը։

Forbes-ի տվյալներով՝ դրույքաչափերը տատանվում են 15%-ից մինչև 50%։ Լրատվամիջոցը որպես օրինակ է բերում Ֆրանսիայից ստացված օծանելիքը և շրթներկը, որոնց համար գանձվում է 20% և 35% մաքսատուրք, չնայած այս ապրանքների համար հիմնական մաքսատուրքը 6.5% է։ Forbes-ը նշում է, որ նախկինում մաքսային ծառայությունը լրացուցիչ մաքսատուրքեր չէր պահանջում, եթե ապրանքները «ձեռք էին բերում ԵԱՏՄ ապրանքների կարգավիճակ»։

Եթե այս պրակտիկան շարունակվի, առօրյա ոչ պարենային ապրանքների գները կարող են աճել 10-15%-ով, իսկ որոշ հատվածներում՝ մինչև 30%-ով։ Առավել խոցելի կատեգորիաների շարքում լրատվամիջոցը նշում է շուկաներում առկա հագուստը և կոսմետիկան։

Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին․ նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է»,- ասաց նա։

Ըստ նրա՝  մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։

«Ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

 

Մեծ Բրիտանիան ստեղծում է Brexit-ի ոճով ճգնաժամային խումբ՝ Իրանի հետ կապված հարցերը լուծելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ստեղծում է Brexit-ի ոճով «Մերձավոր Արևելքի արձագանքման կոմիտե»՝ վերանայելու համար Մեծ Բրիտանիայի մոտեցումն Իրանի հակամարտությանը․ հայտնում է Politico-ն։

Ըստ բրիտանացի պաշտոնյայի՝ կոմիտեն կկազմվի երկու խմբից՝ մեկ նախարարական և մեկ պաշտոնական մակարդակով։ Նրանք լիազորություններ կունեն խորհրդակցելու կառավարության ողջ անձնակազմի հետ պատասխանատվության համընկնող ոլորտների վերաբերյալ։ Պաշտոնյայի խոսքով՝ խումբը կկենտրոնանա միջնաժամկետ սցենարների պլանավորման վրա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում՝ սկսելով Հորմուզի նեղուցի վերաբացման ջանքերից։ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է կենսապահովման ծախսերի կտրուկ աճի, մինչդեռ փորձագետները նախազգուշացրել են, որ Մեծ Բրիտանիան ապագայում կարող է բախվել ավիացիոն վառելիքի պակասի։

Կառավարության արտակարգ COBR կոմիտեի նիստերը կշարունակվեն զուգահեռաբար։

Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ դաշնակիցների հետ համատեղ կանցկացնեն Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությանը նվիրված ևս մեկ գագաթնաժողով։

Որոշ պաշտոնյաներ Politico-ին մտահոգություններ են հայտնել, որ Սթարմերի արտաքին քաղաքականության մտածողությունը մեծապես կարող է կախված լինել մեկ մարդուց՝ ազգային անվտանգության խորհրդական Ջոնաթան Փաուելից։ Նա միաժամանակ վարչապետի արտաքին քաղաքականության խորհրդականն է և մեկնում է արտասահման՝ Սթարմերի անունից բանակցելու։

Ինձ համար նշանակություն չունի՝ ընտրական ցուցակի որ տեղում կլինեմ, կլինեմ, թե չեմ լինի, իմ պայքարը դրա համար չէ․Գառնիկ Դանիելյան

Ինձ համար նշանակություն չունի՝ ես ցուցակի որ տեղում կլինեմ, ցուցակում կլինեմ, թե չեմ լինի, իմ պայքարը ո՛չ մանդատի համար է, ո՛չ էլ պատգամավոր դառնալու, ո՛չ էլ առիթ եմ տվել մտածելու, որ ես պատգամավոր դառնալու անհագուրդ ցանկություն ունեմ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով դաշինքի ընտրական ցուցակի 14-րդ հորիզոնականում գտնվելը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

ԱՄՆ ներգաղթի ծառայությունը ձերբակալել է բրազիլական հետախուզության նախկին ղեկավարին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) ձերբակալել է Բրազիլիայի հետախուզության նախկին ղեկավար Ալեքսանդր Ռամագեմին․ գրում է Reuters գործակալությունը։ 

Ռամագեմը փախել էր Բրազիլիայից նախորդ տարվա սեպտեմբերին՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ հեղաշրջում կազմակերպելու համար դատապարտվելուց հետո։

Նախկին պաշտոնյան դատապարտվել է ավելի քան 16 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային տապալելու դավադրությանը մասնակցության համար։

Միևնույն ժամանակ, Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը Ֆլորիդա նահանգում ձերբակալել է մի բրազիլացու, որին որոնում էին երկրի իշխանությունները: Դաշնային ոստիկանությունը չի բացահայտել տղամարդու ինքնությունը, սակայն հայտնել է, որ ձերբակալված անձը դատապարտվել է Բրազիլիայի Գերագույն դատարանի կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու համար։

Ոստիկանությունը հավելել է, որ ձերբակալությունը երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունք է։

Չինաստանը և Իսպանիան խոստացել են ամրապնդել կապերը՝ «փլուզվող» համաշխարհային կարգի պայմաններում

Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի և Իսպանիայի ղեկավարները խոստացել են ամրապնդել երկու երկրների միջև կապերը և պաշտպանել համաշխարհային խաղաղությունն ու զարգացումն այնպիսի միջազգային կարգի պայմաններում, որը նախագահ Սի Ծինպինն անվանել է «փլուզվող»․ գրում է Reuters գործակալությունը։

«Այսօրվա աշխարհում քաոս է տիրում, իսկ միջազգային կարգը փլուզվում է», – ասել է Չինաստանի նախագահը՝ հավելելով, որ ավելի խոր կապերը բխում են թե՛ Չինաստանի, թե՛ Իսպանիայի շահերից։

Սանչեսն, իր հերթին, նշել է, որ միջազգային իրավունքը բազմիցս խախտվում է և կոչ է արել ավելի սերտ կապեր հաստատել՝ խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու համար։

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել ավագ դպրոցի ուղղությամբ․ վիրավորվել է առնվազն 16 մարդ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտը կրակ է բացել՝ վիրավորելով առնվազն 16 մարդու, ապա ինքնասպան լինելով․ գրում է Associated Press-ը։

18-ամյա հարձակվողը, զինված որսորդական հրացանով, պատահական կրակոցներ է արձակել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքի ​​ավագ դպրոցի ուղղությամբ․ կրակոցներից հետո նա թաքնվել է շենքի ներսում։ Ավելի ուշ նա ինքնասպան է եղել նույն որսորդական հրացանով․ ասել է նահանգապետ Հասան Սիլդակը։

NTV հեռուստաալիքը հայտնել է, որ վիրավորների թվում է ուսուցիչներից մեկը․ նրա վիճակը ծանր է։

Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։