ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ է լծվել Ստեփանավանի ընտրություններին և գրեթե ամեն օր շրջում է բնակարաններով՝ փորձելով ձայներ ապահովել իշխանական թեկնածուի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը գրեթե ամբողջությամբ վերցրել է իր ուսերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը գրեթե ամեն օր տուն առ տուն շրջում է Ստեփանավանում, այցելում բնակիչներին, անձամբ բաժանում քարոզչական թերթիկներ և ներկայացնում ՔՊ-ի թեկնածուին։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը փորձում է ամեն գնով ցույց տալ ՔՊ ղեկավարությանը, որ կարող է իր հայրենի Ստեփանավանում ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ըստ մեր աղբյուրների՝ պատգամավորն այս օրերին առավելապես կենտրոնացած է նախընտրական աշխատանքների վրա՝ անձամբ ներգրավվելով քարոզչության մեջ։

Ստեփանավանի ընտրությունները ՔՊ-ի համար սովորական համայնքային ընտրություններ չեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխանական ուժի պարտությունից հետո Ստեփանավանը դարձել է այն համայնքներից մեկը, որտեղ ՔՊ-ն ցանկանում է վերականգնել իր դիրքերը և ցույց տալ, որ կարող է հաղթանակ ապահովել նաև այն տարածքներում, որտեղ ընտրողների աջակցությունը չի եղել իր օգտին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Ընտրություններին մասնակցում են նաև «Ուժեղ Հայաստան», «Հայրենիք», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս ընտրապայքարի մեջ է՝ «Գործարար» կուսակցության ցուցակով։

Հատկանշական է նաև Արփի Դավոյանի ակտիվության փոփոխությունը։ Մեր տեղեկություններով՝ եթե նախորդ շրջանում պատգամավորը հիասթափված էր ՔՊ-ից և կուսակցական ակտիվությամբ աչքի չէր ընկնում, ապա այժմ նա մեծ եռանդով ներգրավվել է նախընտրական գործընթացում՝ նպատակ ունենալով ապացուցել իր ազդեցությունն ու կազմակերպչական կարողությունները հարազատ համայնքում։

Ստացվում է՝ Ստեփանավանում ընտրական պայքարը միայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար չէ․ այն նաև ՔՊ-ի համար իր դիրքերը վերականգնելու, իսկ Արփի Դավոյանի համար՝ կուսակցության ներսում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու փորձություն է»։

ՌԴ–ն հաստատել է ամբողջ աշխարհի շուկաներ նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը․ Պուտին

Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։

Այս մասին հայտարարել է Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի արդյունքներով։

«Վստահ եմ, որ դա դրական ազդեցություն կունենա ամբողջ համաշխարհային տնտեսության վրա»,- նշել է նա։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով անհապաղ լիցենզիա կտրամադրի Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումների համար։

«Հյուսիսամերիկյան արևելյան ամառային ժամանակով մինչև 2027 թվականի ապրիլի 7-ի ժամը 00:01-ը թույլատրվում են ռուսական ծագման դիզելային վառելիքի վաճառքի, առաքման, բեռնաթափման կամ ներմուծման հետ կապված բոլոր գործառնությունները, այդ թվում՝ դրա ներմուծումը ԱՄՆ», – ասվում է փաստաթղթում։

Մխիթարյանը բացառել է Հայաստանի առաջնություն վերադառնալու հնարավորությունը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Արմեն Գարամյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, ամերիկյան MLS կամ այլ լիգաներ, ուր կարիերայի վերջին փուլում հաճախ տեղափոխվում են հայտնի ֆուտբոլիստները։

Հայ կիսապաշտպանն ընդգծել է, որ շարունակում է խաղալ առաջին հերթին ֆուտբոլի հանդեպ սիրո պատճառով։ Նա չի ցանկանում, որ ֆուտբոլն իր համար վերածվի բացառապես գումար վաստակելու միջոցի։

Մխիթարյանը նաև բացառել է Հայաստանի առաջնություն վերադառնալու հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ «Ինտերի» նման ակումբի և Հայաստանի առաջնության միջև տարբերությունը չափազանց մեծ է, ուստի նման տեղափոխության տարբերակը չի դիտարկում։

ԱՄՆ ֆիննախը լիցենզիա կտրամադրի ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով անհապաղ լիցենզիա կտրամադրի Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումների համար։

«Թրամփի հրահանգով՝ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունն անհապաղ կտրամադրի ժամանակավոր ընդհանուր լիցենզիա, որը թույլ կտա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա», – գրել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում։

Lիցենզիայի համաձայն՝ ԱՄՆ-ը թույլատրում է ռուսական ծագման դիզելային վառելիքի վաճառքի, առաքման, բեռնաթափման և ներմուծման գործառնությունները մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։

«Հյուսիսամերիկյան արևելյան ամառային ժամանակով մինչև 2027 թվականի ապրիլի 7-ի ժամը 00:01-ը թույլատրվում են ռուսական ծագման դիզելային վառելիքի վաճառքի, առաքման, բեռնաթափման կամ ներմուծման հետ կապված բոլոր գործառնությունները, այդ թվում՝ դրա ներմուծումը ԱՄՆ», — ասվում է փաստաթղթում։

Դիտորդի մասնակցությամբ միջադեպ է եղել

Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը։

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ համաձայնություն է ձեռք բերվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը, Ռուսաստանն անհապաղ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա վառելիք․

«Ես հենց նոր ավարտեցի շատ հաջող բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն անհապաղ ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ, ևս 500 000 տոննա՝ նոյեմբերին, իսկ դրանից անմիջապես հետո՝ 1 000 000 տոննա։

Բացի այդ, հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը, Ռուսաստանը կարճ ժամկետում կմատակարարի ևս 3 000 000 տոննա դիզելային վառելիք։

Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգակիրների վերաբերյալ այս կարևոր լուրի շնորհիվ դիզելային վառելիքի գները ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում կնվազեն ռեկորդային տեմպերով և շատ արագ։

Ամերիկացիների, հատկապես մեր հիանալի ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների նվազեցումն իմ գլխավոր առաջնահերթությունն է։

Սա չափազանց կարևոր և նշանակալի հայտարարություն է։

Բացի այդ, անհրաժեշտ է ընդունել՝ Իրանը միջուկային զենք չի ստանա»,- գրել է Թրամփը։

Միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջ

Հոկտեմբերի 9-ին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց տոնին նախընթաց, կատարվեց միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն։

Հայոց Թարգմանչաց սրբավայրում համախմբվել էին Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը՝ միասնական աղոթքով նախապատրաստվելու Սրբոց Թարգմանչաց հիշատակության օրվան։

Ժամերգության ընթացքում ներկաները միասնական աղոթքով հայցեցին Սուրբ Թարգմանիչների բարեխոսությունը՝ Հայոց Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր հայրերի զորության, հայրենիքի խաղաղության և ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար։

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր հոգևոր պատգամը հղեց Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը՝ անդրադառնալով հավատքի ճանապարհին հանդիպող փորձություններին և քրիստոնյայի՝ Աստծուն ապավինելու անհրաժեշտությանը։

Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, պատգամեց. «Մենք անցնենք մեր նեղությունների Կարմիր ծովի ճանապարհը՝ ունենալով Թարգմանիչ վարդապետների բարեխոսությունը, հասնենք Սինայական գագաթին և թող Աստված ձեզ այս ճանապարհին պարգևի արիություն»։

Այս պատգամը հավատացյալներին ուղղված կոչ էր՝ չվախենալու կյանքի դժվարություններից ու փորձություններից, այլ հավատքով և աղոթքով շարունակելու հոգևոր ճանապարհը՝ ապավինելով Աստծո զորությանը և Սուրբ Թարգմանիչների բարեխոսությանը։

Սրբոց Թարգմանչաց տոնը մեզ կրկին հիշեցնում է այն մեծ ժառանգության մասին, որ մեզ փոխանցեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթևը և նրանց աշակերտները՝ հայ ժողովրդին պարգևելով Աստծո Խոսքը մայրենի լեզվով ընթերցելու և ապրելու շնորհը։

Թող Սուրբ Թարգմանիչների բարեխոսությամբ Տերը զորացնի Հայոց Սուրբ Եկեղեցին, ամրացնի մեր հավատքը, պահպանի մեր հայրենիքը, խաղաղություն պարգևի մեր ժողովրդին։

Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցվել են որոշ համատեղ նախագծեր․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդես է եկել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ պարզաբանմամբ։

«Հանդիպումը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դրա ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են երեք երկրների որոշ համատեղ նախագծեր։ Խոսքը վերաբերում է այն նախագծերին, որոնք երեք երկրների միջև տնտեսական համագործակցություն են ենթադրում»,- նշել է Արաղչին։

Պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ

ՆԳՆ-ից հայտնում են․

«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ։

2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նշված խախտման համար պարեկային ծառայողները կազմել են 35 392 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 151-ով ավելի։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել կայանման կանոնները, չխոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը և չնպաստել խցանումների առաջացմանը»,- ասվում է հայտարարությունում։

Սամվել Կարապետյանը մեծ տոն կպարգևի գյումրեցիներին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 18:00-ից, Գյումրիում մեծ տոնախմբությամբ կնշվի հայրաքաղաքի տոնը։

Տոնական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Hayat Project-ը, Hayutyun Project-ը, Անետ Աղաբեկյանն ու Արշավիր Մարտիրոսյանը։ Երեկոն կեզրափակվի շքեղ հրավառությամբ։

Սպասվում է նաև մեծ անակնկալ Սամվել Կարապետյանի կողմից։

«Սիրով հրավիրում ենք բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնը»,– ասված է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ։