Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին Wildberries-ում հայ վաճառողները զգալիորեն ընդլայնել են դպրոցականների համար նախատեսված ապրանքների տեսականին։ Այսօր հարթակում ներկայացված են դպրոցին պատրաստվելու համար նախատեսված հազարավոր ապրանքներ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում գնորդները կարող են ստանալ իրենց պատվերները միջինը երեք օրվա ընթացքում։

Դպրոցին պատրաստվելն այսօր ներառում է շատ ավելին, քան միայն տետրերի և դպրոցական պայուսակի գնումը։ Ծնողները կարող են ընտրել տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված դպրոցական համազգեստ, հագուստ և կոշիկ, ձեռք բերել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, ստեղծագործության և գծագրության պարագաներ, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներ, որոնք օգնում են ուսումնական գործընթացում։

Առանձին ուշադրություն գնորդները դարձնում են այն ապրանքներին, որոնք երեխայի դպրոցական առօրյան դարձնում են ավելի հարմարավետ և անվտանգ։ Պահանջված կատեգորիաների շարքում են տեղորոշման գործառույթով մանկական խելացի ժամացույցները, լուսարձակող տարրերը, գրենական պիտույքներ, լանչ-բոքսերը, թերմոսները և ամենօրյա օգտագործման այլ պարագաներ։

Wildberries-ի անալիտիկ տվյալները ցույց են տալիս, որ դպրոցական տեսականու նկատմամբ գնորդների հետաքրքրությունը զգալիորեն աճում է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ։ 2025 թվականի տվյալները փաստում են, որ այս ժամանակահատվածում ուսումնական տարվան պատրաստվելու հետ կապված ապրանքների մեծ մասի վաճառքները նկատելիորեն աճում են նախորդ ժամանակահատվածի համեմատ։

Պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է դպրոցական հագուստի կատեգորիայում։ Աղջիկների հագուստի վաճառքներն աճել են 335%-ով, տղաների հագուստինը՝ 223%-ով, իսկ փողկապների և թիթեռնիկների վաճառքները՝ 176%-ով։ Դպրոցական ուսապարկերի վաճառքներն ավելացել են 198%-ով, գրենական պիտույքները՝ 165%-ով, դպրոցական պարագաներինը՝ 142%-ով, կոշիկի պարկերինը՝ 117%-ով, իսկ գրչատուփերինը՝ 67%-ով։

Կայուն աճ են ցուցադրել նաև ուսումնական գործընթացի և երեխաների զարգացման հետ կապված ապրանքները։ Հաշվելու համար նախատեսված պարագաների վաճառքներն աճել են 57%-ով, գծագրության պարագաներինը՝ 51%-ով, իսկ ստեղծագործական ապրանքներինը՝ 27%-ով։

Գնորդները նաև ավելի հաճախ են ուշադրություն դարձնում երեխաների անվտանգության համար նախատեսված ապրանքներին։ Մանկական խելացի ժամացույցների վաճառքներն աճել են 123%-ով, իսկ լուսարձակող տարրերինը՝ 47%-ով, ինչը վկայում է ծնողների աճող հետաքրքրության մասին երեխայի վերահսկման և պաշտպանության ժամանակակից լուծումների նկատմամբ։

Դպրոցին պատրաստվելն ավելի հարմարավետ դարձնելու համար գնորդները կարող են նախապես ուշադրություն դարձնել ապրանքների առաքման ժամկետներին։ Wildberries-ում անհրաժեշտ ապրանքներ որոնելիս հնարավոր է օգտագործել ֆիլտրեր և ընտրել ստացման հարմար ժամկետով ապրանքներ։

Այն գնորդների համար, ովքեր նախատեսում են գնումները կատարել որոշակի ժամկետի համար, հարմար տարբերակներից մեկն է «Տեղական պահեստից ապրանքներ» կատեգորիայից ապրանքների ընտրությունը։ Այդ ապրանքներն արդեն գտնվում են Wildberries-ի տեղական ենթակառուցվածքում, ինչը թույլ է տալիս կրճատել առաքման ժամկետները։ Բացի այդ, կոնկրետ ապրանք ընտրելիս կարելի է կիրառել առաքման ժամանակի ֆիլտրը և ընտրել պատվերի ստացման առավել հարմար տարբերակը։

«Դպրոցին պատրաստվելը յուրաքանչյուր ընտանիքի համար կարևոր շրջան է, այդ պատճառով գնորդները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակին, տեսականուն և պատվերների ստացման ժամկետներին։ Մենք տեսնում ենք, որ հայ սպառողները վստահում են Wildberries-ին նման կարևոր խնդիրների լուծումը և ավելի հաճախ են ընտրում առցանց գնումները՝ երեխաներին նոր ուսումնական տարվան պատրաստելու համար։ Հայաստանում Wildberries-ն ունի զարգացած ենթակառուցվածք՝ ներառյալ լոգիստիկ կենտրոններ և պատվերների ստացման կետերի լայն ցանց, ինչը թույլ է տալիս ապահովել ծառայության կայուն աշխատանք և գնումների հարմար ստացում երկրի ամբողջ տարածքում», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Դպրոցին պատրաստվելու շրջանը ավանդաբար մնում է էլեկտրոնային առևտրի ամենաակտիվ շրջաններից մեկը։ Գնորդներն ավելի հաճախ նախընտրում են անհրաժեշտ գնումները կատարել մեկ վայրում, համեմատել տարբեր վաճառողների առաջարկները և ստանալ պատվերները իրենց համար հարմար եղանակով։

Հայաստանցի ձեռնարկատերերն ակտիվորեն պատրաստվում են դպրոցական շրջանին՝ ընդլայնելով տեսականին և առաջարկելով գնորդներին ապրանքների լայն ընտրություն, այդ թվում՝ տեղական արտադրության և հայտնի միջազգային ապրանքանիշերի արտադրանք։


Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի ուղերձը


 

Ռուսական արգելքներն ու Մերձավոր Արևելքի զբոսաշրջիկները. ԿԲ փոխնախագահը ներկայացրել է տնտեսական իրավիճակը

Իրանի շուրջ ստեղծված անկայունությունը շարունակում է ազդել Հայաստանի տնտեսության վրա՝ հատկապես լոգիստիկ շղթաների և էներգակիրների գների մասով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Զբոսաշրջության աճ Մերձավոր Արևելքից

Միևնույն ժամանակ, ԿԲ փոխնախագահը նկատել է դրական միտումներ զբոսաշրջության ոլորտում․

«Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, նկատվում է զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում դեպի մեր տարածաշրջան։ Մայիս ամսից սկսած՝ արձանագրում ենք այցելությունների կտրուկ աճ»,- նշել է Խաչատրյանը։

Ռուսաստանի սահմանափակումներն ու տնտեսության դիմակայունությունը

Անդրադառնալով Ռուսաստանի հետ առևտրին՝ ԿԲ ներկայացուցիչը շեշտել է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների ազդեցությունն ընդամենը երկու ամսվա պատմություն ունի և դեռ ամբողջությամբ չի դրսևորվել։

Թեև այդ արգելքներն արդեն արտացոլվել են ընթացիկ ցուցանիշներում, հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպերը։

«Դա պայմանավորված է նրանով, որ մյուս ոլորտները՝ հատկապես շինարարությունն ու ծառայությունները, շարունակում են մնալ տնտեսական աճի հիմնական շարժիչները։ Մենք մշտապես դիտարկում ենք տարբեր սցենարներ՝ գնահատելով ինչպես գնաճային ռիսկերը, այնպես էլ տնտեսական ակտիվության հնարավոր փոփոխությունները»,- եզրափակել է Հովհաննես Խաչատրյանը։


Դադարից հետո՝ նոր աճ. ի՞նչ է կատարվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում


 

Դադարից հետո՝ նոր աճ. ի՞նչ է կատարվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի գների աճը վերականգնվել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում անշարժ գույքի գների աճը կանգ էր առել և զգալիորեն դանդաղել, սակայն երկրորդ եռամսյակում արդեն նկատում ենք ակտիվացում»,- նշել է ԿԲ փոխնախագահը։

Հովհաննես Խաչատրյանի փոխանցմամբ՝ դեռևս վերջնական հստակեցված չէ, թե այս միտումը որքանով է պայմանավորված գնման պայմանների փոփոխությամբ, սակայն հիփոթեքային գործարքների ծավալը շարունակում է բարձր մնալ։

Բացի այդ, ակտիվություն է նկատվում նաև ոչ ռեզիդենտների (օտարերկրացիների կամ արտերկրում բնակվողների) կողմից իրականացվող գնումներում։

«Հավանաբար ձևավորվում է նոր միտում, երբ կառուցապատողները, բնակարանների վաճառքն ապահովելու նպատակով, սկսում են ավելի ակտիվորեն թիրախավորել հենց ոչ ռեզիդենտ գնորդներին»,- ընդգծել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի բանկային համակարգի գործունեության և ՀԲՄ նախաձեռնությունների արդյունքները

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի բանկային համակարգի գործունեության և ՀԲՄ նախաձեռնությունների արդյունքները

Սույն թվականի օգոստոսի 4-ին, Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրեց ՀՀ բանկային համակարգի 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում Միության կողմից իրականացված ծրագրերն ու ռազմավարական նախաձեռնությունները, որոնք ունեցել են շոշափելի արդյունքներ բանկային համակարգի զարգացման և ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Անդրադառնալով 2026 թվականի առաջին կիսամյակի ձեռքբերումներին՝ ՀԲՄ նախագահը փաստեց, որ բանկային համակարգը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ արձանագրելով նշանակալի առաջընթաց, միջազգային վստահության խորացում և ֆինանսական ծառայությունների որակական զարգացում։

«Անցնող կիսամյակում ՀՀ բանկային համակարգը ցույց տվեց բարձր դիմակայունություն և ռազմավարական աճ։ Բանկերը ոչ միայն խորացրել են միջազգային համագործակցությունը, այլև իրականացրել են խոշորամասշտաբ ֆինանսավորման ծրագրեր։ Մեր առանցքային նպատակն է շարունակել թվային ծառայությունների ընդլայնումը, ՓՄՁ հատվածի աջակցությունը և ֆինանսական անվտանգության մշակույթի ամրապնդումը»,- նշել է ՀԲՄ նախագահը։

2026 թվականի առաջին կիսամյակում ՀԲՄ կողմից իրականացված ծրագրերը

  • Բանկային համաժողովներ

ՀԲՄ-ն 2025թ․ մեկնարկել է մարզային բանկային համաժողովներ, որոնք նպատակ ունեն ձևավորել մշտական երկխոսության հարթակ բանկային համակարգի, գործարար համայնքի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև՝ ուղղված մարզերում տնտեսական ակտիվության և ֆինանսավորման հասանելիության խթանմանը։

  • Համաժողովների շարքի այս տարվա առաջին միջոցառումը կայացավ Վանաձորում սթ ապրիլի 3-ին՝ «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով։ Այն համախմբեց շուրջ 250 մասնակիցների՝ ներառյալ ՓՄՁ ներկայացուցիչներին, առևտրային բանկերին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու բիզնեսի ֆինանսավորման առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ծանոթանալու պետական և միջազգային աջակցության ծրագրերին, ինչպես նաև բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական լուծումներին։
  • «ՓՄՁ ոլորտ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողով Երևանում. Մարզային համաժողովների տրամաբանական շարունակությունը դարձավ մայիսի 12-ին Երևանում անցկացված «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողովը, որը համախմբեց ավելի քան 500 մասնակիցների՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ՓՄՁ ներկայացուցիչների, առևտրային բանկերի, պետական կառույցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Համաժողովը դարձավ արդյունավետ երկխոսության և փորձի փոխանակման հարթակ, որտեղ քննարկվեցին ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, մրցունակության բարձրացման, նորարարական ֆինանսական գործիքների կիրառման, ինչպես նաև բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հիմնական մարտահրավերների հաղթահարման ուղիները։

  • «Հայկական բանկային օրեր» նախաձեռնություն Գերմանիայում

Հայաստանի բանկերի միության կողմից նախորդ տարի մեկնարկել է «Հայկական բանկային օրեր» նախաձեռնությունը:

Հունիսի 8-ին Հայաստանի բանկերի միության և գերմանական Landesbank-ի նախաձեռնությամբ Շտուտգարտ քաղաքում անցկացվեց Հայաստանի բանկերի ղեկավարների, Հայաստանի Կենտրոնական բանկի և Լանդեսբանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում։

Միջոցառման նպատակն էր խորացնել և ամրապնդել գործնական հարաբերությունները հայկական բանկերի և գերմանական Landesbank-ի միջև՝ ձևավորելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի զարգացման համար։

Հունիսի 9-ին  Ֆրանկֆուրտում ՀԲՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը: Ընդունելության նպատակն էր համախմբել գործընկերներին՝ վերահաստատելու ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը և անդրադառնալու տարիների ընթացքում կատարված աշխատանքին:

Միջոցառմանը մասնակցել են գերմանական առևտրային բանկերի, Շտուտգարտի ֆոնդային բորսայի, Ֆրանկֆուրտի արդյունաբերական և առևտրային պալատի, Գերմանիայի ակտիվների կառավարման ընկերությունների և եվրոպական այլ ֆինանսական կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանում գործող  առևտրային բանկերի գործադիր տնօրեններն ու այլ պաշտոնյաներ:

Ֆինանսական զեղծարարությունների դեմ համակարգված աշխատանք

ՀԲՄ-ն հետևողական և համակարգված աշխատանք է իրականացրել ֆինանսական զեղծարարությունների հետևանքով տուժած քաղաքացիների խնդիրների ուսուﬓասիրության և ոլորտային ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

ՀՀ ԱԺ հանձնաժողովների, պետական մարﬕնների և առևտրային բանկերի հետ իրականացվել է շարունակական համագործակցություն՝ ուղղված ինչպես յուրաքանչյուր անհատական դեպքի գնահատմանը, այնպես էլ համակարգային լուծումների ձևավորմանը։ Բանկերին են փոխանցվել տուժած քաղաքացիների դիմումները, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և գնահատվել են հնարավոր լուծումների տարբերակները։

Ինչպես նշել էինք փետրվարին կայացած ասուլիսի ժամանակ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկերի միությունը նախաձեռնել և իրականացրել է «Ապահով ֆինանսներ» եռամսյա հանրային իրազեկման արշավը՝ «Դու մի ասա» կարգախոսով, որի նպատակն էր բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը ֆինանսական խարդախությունների տարածված սխեմաների վերաբերյալ և նպաստել ֆինանսական անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Արշավն իրականացվել է Երևանում, մարզերում և սահմանային հատվածում՝ ապահովելով լայն աշխարհագրական ընդգրկում։

Արշավի շրջանակում երեք ամսվա ընթացքում սոցիալական հարթակներում, լրատվամիջոցներում և հաղորդակցության այլ ձևաչափերով տարածվել են ֆինանսական խարդախությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր, տեսանյութեր և փորձագիտական մեկնաբանություններ, որոնք հասանելի են դարձել մեծ լսարանի՝

  • սոցիալական հարթակներում իրականացվել է 66 հրապարակում, գրանցվել է 87 մլն+ դիտում):
  • Արշավը հեռարձակվել է առաջատար ռադիոկայաններով։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1,514 եթերային տեղադրում։
  • պատրաստվել և տարածվել են 2 սոցիալական հոլովակ, որոնք ցուցադրվել են սոցիալական հարթակներում և Հանրային հեռուստատեսությամբ։ Կազմակերպվել են նաև թեմատիկ հարցազրույցներ հեռուստատեսությամբ և ռադիոյով։
  • Արտաքին գովազդային 44 վահանակներ-շուրջ 50 մլն տեսանելի կոնտակտ, իսկ հաղորդագրության հասանելիությունը գնահատվել է ավելի քան 2 մլն լսարան։

2026թ հուլիսի 1-ից ՀԲՄ-ի համակարգմամբ ներդրվել է «ՍՏՈՊ» գործիքը՝ որպես ֆինանսական խարդախությունների կանխարգելման և հաճախորդների պաշտպանությանն ուղղված նոր մեխանիզմ։ Նախաձեռնությունը նպաստում է բանկային համակարգում խարդախ գործարքների կանխարգելման միասնական մոտեցումների ձևավորմանը և ֆինանսական անվտանգության ամրապնդմանը։

  • Մասնագիտական զարգացման և շարունակական կրթության ծրագրեր

2026 թ-ի հունվար–հունիս ամիսներին ՀԲՄ Ուսումնական կենտրոնը շարունակել է իր գործունեությունը՝ նպաստելով ֆինանսական ոլորտի մասնագետների շարունակական զարգացմանն ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է 40-ից ավելի վերապատրաստման դասընթաց, որոնց մասնակցել է 500-ից ավելի մասնակից՝ ավելի քան 50 ֆինանսական և գործընկեր կազմակերպություններից։ Դասընթացներն իրականացվել են 19 թեմատիկ ուղղություններով՝ ներառելով բանկային և ֆինանսական ոլորտի արդիական ու պահանջված թեմաներ՝ համապատասխանության ապահովում, ռիսկերի կառավարում, վարկային վերլուծություն, ֆինանսական շուկաներ և գործիքներ, ՓԼ/ԱՖ կանխարգելում, միջազգային պատժամիջոցներ, արհեստական բանականության կիրառություն ֆինանսական ոլորտում, վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններ և այլ ուղղություններ։ ՀԲՄ-ն շարունակելու է վերապատրաստման ծրագրերի զարգացումը՝ ընդլայնելով դասընթացների թեմատիկ շրջանակը, ներգրավելով միջազգային փորձագետների և ձևավորելով բանկային համակարգի մասնագիտական զարգացման շարունակական հարթակ։

ՀՀ բանկային համակարգի առանցքային զարգացումներն ու ձեռքբերումները 2026թ 1-ին կիսամյակում

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ արձանագրելով նշանակալի զարգացումներ և ձեռքբերումներ, որոնք արտացոլում են ոլորտի կայուն առաջընթացը, միջազգային վստահության խորացումը և ֆինանսական ծառայությունների զարգացումը։

Հայաստանի բանկային համակարգի միջազգային դիրքավորման և համագործակցության ընդլայնում

  • 2026 թվականի մարտի 26-ին Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույցների մասնակցությամբ ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։ Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները համատեղել են իրենց ռեսուրսները՝ «Firebird AI» ընկերությանը տրամադրելով 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար, և ներգրավված բանկերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել մասնակցությունը ծրագրի հետագա ֆինանսավորմանը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից՝ ցույց տալով, որ տեղական ֆինանսական կառույցները կարող են համատեղ ձևաչափով իրականացնել խոշորածավալ ֆինանսավորում և աջակցել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին։

  • Միջազգային ֆինանսական գործընկերների կողմից Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ վստահության շարունակական աճի կարևոր վկայություն է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում բանկերի կողմից ներգրավված միջազգային ֆինանսավորման ծավալը։ Հաշվետու ժամանակահատվածում 7 բանկեր (Ամերիաբանկը, Արդշինբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը և Հայէկոնոմբանկը) միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Եվրոպական ներդրումային բանկի խմբից (EIB Group), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD), Ասիական զարգացման բանկից (ADB), Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (BSTDB), Proparco-ից (AFD Group), Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել են շուրջ 700 մլն եվրոյին համարժեք ֆինանսական ռեսուրսներ և ֆինանսավորման գործիքներ։

Ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ աջակցելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, կանաչ և էներգաարդյունավետ ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության և մասնավոր հատվածի զարգացմանը։

  • Միայն Արդշինբանկի կողմից  մեկ գործարքով Լոնդոնի ֆոնդային բորսայում 2026 թվականի հունվարին 600 մլն ԱՄՆ դոլարի ծավալով 5-ամյա եվրոբոնդերի թողարկումը (6.6% տարեկան եկամտաբերությամբ) դարձավ Հայաստանի ժամանակակից պատմության խոշորագույն մասնավոր միջազգային ֆինանսական գործարքներից մեկը։ Թողարկման նկատմամբ արձանագրված ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի պահանջարկը վկայեց միջազգային ներդրողների բարձր հետաքրքրվածության և Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ ձևավորված վստահության մասին։

Գործարքը կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի բանկային համակարգի միջազգային հեղինակության ամրապնդման, միջազգային կապիտալի շուկաներում ներկայության ընդլայնման և միջազգային ներդրումային համայնքի հետ կապերի խորացման տեսանկյունից։

  • Հայաստանի ֆինանսական հատվածի միջազգային ճանաչելիության աճը հաստատող ևս մեկ կարևոր իրադարձություն դարձավ 2026թ մարտին Ամերիաբանկի՝ որպես Lion Finance Group (LFG)-ի անդամ, ընդգրկումը Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE (Financial times Stock Exchange) 100 ինդեքսում։ Այսպիսով, Ամերիաբանկը դարձավ առաջին հայկական ֆինանսական հաստատությունը, որը ներկայացված է աշխարհի առաջատար բորսաներից մեկի 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ FTSE 100-ում ընդգրկվելը միջազգային ներդրողների համար կարևոր վստահության ազդակ է, որը կնպաստի Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության հետագա աճին և նոր կապիտալի ներգրավմանը։
  • Moody’s-ը բարելավել է մի շարք բանկերի վարկանիշի հեռանկարը՝ այն «կայունից» դարձնելով «դրական»։ Այս գնահատականը վկայում է բանկերի ֆինանսական կայունության, ռիսկերի արդյունավետ կառավարման և երկարաժամկետ զարգացման ամուր ներուժի մասին, ինչպես նաև արտացոլում են Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը։

Միջազգային հարթակներում արձանագրված ձեռքբերումներին զուգահեռ, 2026 թվականի առաջին կիսամյակում ՀԲՄ-ի համակարգմամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանի բանկային համակարգում իրականացվել են մի շարք նշանակալի նախաձեռնություններ՝ ուղղված ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, թվային ֆինանսական լուծումների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և հաճախորդների համար առավել արդյունավետ ֆինանսական գործիքների ձևավորմանը

Բանկերի կողմից ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված լուծումներ

Հաշվի առնելով ՓՄՁ հատվածի առանցքային դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորելով դրա շարունակական զարգացումը՝ Հայաստանի բանկային համակարգը, պետության կողմից սահմանված տնտեսական առաջնահերթություններին և առաջարկներին համահունչ, իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված ՓՄՁ-ների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը, ֆինանսավորման պայմանների բարելավմանը և բիզնես միջավայրի արդյունավետության բարձրացմանը։

  • ՓՄՁ վարկավորման տոկոսադրույքների բարելավում

Հիմք ընդունելով 02.04.2026թ. ՀՀ ԿԲ Խորհրդի թիվ 76-Ն որոշմամբ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների վերանայման վերաբերյալ, Բանկերի կողմից կայացվել է որոշում սթ մայիսի 1-ից նվազեցնել ՓՄՁ վարկերի տոկոսադրույքները՝ նպատակ ունենալով բարելավել ֆինանսավորման պայմանները և աջակցել ձեռնարկությունների ֆինանսական կայունությանը։

Տոկոսադրույքի նվազեցումը կիրառվել է ՀՀ դրամով տրամադրված այն վարկերի նկատմամբ, որոնց դեպքում՝ վերջին 12 ամիսների ընթացքում վարկի սպասարկման ուշացումները չեն գերազանցել 10 օրը, իսկ ընդհանուր վարկային պարտավորությունները չեն գերազանցել 200 մլն ՀՀ դրամը։

Նախաձեռնության շրջանակում տոկոսադրույքի նվազեցումը տարածվել է շուրջ 56 հազար վարկերի վրա, որոնց ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 տրիլիոն ՀՀ դրամ։

  • ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների միջնորդավճարների սահմանաչափերի ներդրումը

2026 թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար ֆիզիկական POS տերմինալներով քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր են սահմանվել՝ ArCa քարտերով՝ 0.5%, իսկ տեղական Visa և MasterCard քարտերով՝ 0.9%։

Սահմանաչափերի կիրառումը տարածվում է շուրջ 45 հազար տնտեսվարողների վրա։

  • Վճարային փաստաթղթերում ՀՎՀՀ-ների պարտադիր արտացոլման միասնական մոտեցման ներդրում

2026թ ապրիլի 1-ից ՀՀ առևտրային բանկերը, ինքնակարգավորման սկզբունքով, ներդրել են վճարման հանձնարարականներում գործընկերների ՀՎՀՀ-ների պարտադիր արտացոլման մեխանիզմները, որի արդյունքում ՀՎՀՀ-ներն արտացոլվում են նաև բանկային քաղվածքներում։ Նախաձեռնությունը ուղղված է գործարար միջավայրի վարչարարական բեռի նվազեցմանը և օպտիմալացմանը և բիզնեսի համար ֆինանսական գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպմանը։

Անկանխիկ վճարումների և թվային ֆինանսական ծառայությունների զարգացում

2026թ հունվարից անկանխիկ վճարումների խթանման և թվային ֆինանսական ծառայությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլ դարձավ ArCa քարտերով cashback ծրագրի իրականացումը։ Ծրագրի շրջանակում անկանխիկ գործարքների ծավալի 2%-ը վերադարձվում է հաճախորդներին, որից 1%-ը փոխհատուցվում է բանկերի կողմից՝ «ArCa» վճարային համակարգի միջոցով, իսկ մնացած 1%-ը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։         1-ին կիսամյակում վերադարձվել է 21 միլիարդ դրամ` ամբողջ 2026թվականի համար նախատեսված 7 միլիարդ դրամի դիմաց (3,5 միլիարդական դրամ Կառավարությունից և ԱրՔա-ից)։

Նախաձեռնությունը նպաստել է անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը և թվային ֆինանսական ծառայությունների հետագա զարգացմանը։

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման համակարգի ներդրում

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ներդրվել է պետական կենսաթոշակների և նպաստների բացառապես անկանխիկ վճարման համակարգը։ Ծրագրի իրականացման շրջանակում առևտրային բանկերը ՀԲՄ համակարգմամբ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել են 75 տարեկանից բարձր և հաշմանդամություն ունեցող շուրջ 50 հազար անձանց համար անկանխիկի անցման գործընթացը՝ ապահովելով ինչպես վճարային քարտերի թողարկումը և հասցեական առաքումը, այնպես էլ տարեկան պարբերականությամբ կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու գործընթացը առաքման ծառայությունների միջոցով կամ էլեկտրոնային տիրույթում իրականացնելը։

ՄԱՆԻՎԱԼՒ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման հաշվետվություն

2026 թ. զեկույցով ՀՀ բանկային համակարգը ճանաչվել է AML/CFT համակարգի ամենակայացած ու արդյունավետ օղակը, իսկ վերահսկողության, համապատասխանության և ռիսկերի կառավարման համակարգերը ստացել են բարձր գնահատական։

Բանկային համակարգին վերաբերող հիմնական արդյունքները.

  • Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ռիսկահեն (Risk-Based) AML/CFT վերահսկողությունը գնահատվել է որպես արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան։
  • Առևտրային բանկերը ցուցաբերում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բարձր մակարդակի ըմբռնում և արդյունավետ կիրառում են ռիսկահեն մոտեցումը։
  • Պատժամիջոցների (Targeted Financial Sanctions) կիրառման մեխանիզմները գնահատվել են որպես արդյունավետ, իսկ բանկերի կողմից դրանց իրականացումը՝ բարձր մակարդակի։

Ընդհանուր առմամբ, MONEYVAL-ի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բանկային համակարգը հանդիսանում է երկրի AML/CFT համակարգի առավել կայացած և արդյունավետ օղակը, իսկ ներկայացված առաջարկությունները վերաբերում են գործող համակարգի հետագա կատարելագործմանը, այլ ոչ թե համակարգային թերությունների շտկմանը։

ՀՀ առևտրային բանկերի 2026թ. 1-ին կիսամյակի գործունեության հիմնական ցուցանիշները

2026 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշներն արձանագրել են հետևյալ դինամիկան.

  • Ընդհանուր կապիտալն աճել է 3.6%-ով՝ կազմելով 2,227 մլրդ ՀՀ դրամ:
  • Ընդհանուր ակտիվներն աճել են 8.1%-ով՝ կազմելով 13,838 մլրդ ՀՀ դրամ:
  • Վարկային պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 11.5%-ով՝ կազմելով 8,775 մլրդ ՀՀ դրամ:
  • Ավանդները աճել են 8․2%-ով՝ հասնելով 8,071 մլրդ ՀՀ դրամի:
  • 2026թ. 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 214 մլրդ ՀՀ դրամի շահույթ:

Ասուլիսի ավարտին Դանիել Ազատյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։

ՀԲՄ Հասարակայնության հետ կապերի բաժին

Թվային արժույթների փոխարժեքներն օգոստոսի 4-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքներն օգոստոսի 4-ի դրությամբ։ Bitcoin (BTC) $63 746 Ethereum (ETH) $1 863 Binance Coin (BNB)` $589 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Cosmos (ATOM) — 9%. Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Audiera (BEAT)` –10%: Բաժանորդագրվեք մեր […]

ԿԲ խորհրդի նիստ է եղել. սահմանվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության զեկույցը և դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Վաշինգտոնը ընդլայնում է «սև ցուցակը». ովքե՞ր են ընդգրկվել նոր պատժամիջոցների ցանկում

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել: ​​«Ֆեդերալ Ռեգիստր»-ում հրապարակված ծանուցման համաձայն, պատժամիջոցները ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին:

Պատժամիջոցների ցանկում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռային և հրետանային վարչությունը, Պաշտպանության նախարարության առաջադեմ միջճյուղային հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունը, Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերը, ինչպես նաև 1061-րդ նյութական աջակցության կենտրոնը:

Սահմանափակումները վերաբերում են նաև «Գիդեոն Ալֆա» և «Միջազգային ներդրումային ընկերություն» ընկերություններին, դրանց դուստր ձեռնարկություններին և իրավահաջորդներին, ինչպես նաև հինգ Ռուսաստանի քաղաքացիների՝ Անդրեյ Գուսևի, Անդրեյ Կոսոլապովի, Վլադիսլավ Մորոզիկի, Ալեքսանդր Պրիխոդկոյի և Սերգեյ Ցիբարևի: Ամերիկյան կողմի պնդմամբ, պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք ներգրավված են ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների փոխանցման կամ ձեռքբերման մեջ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռային համակարգերի ստեղծման մեջ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի շահերից ելնելով:

Նոր սահմանափակումներն արգելում են ԱՄՆ կառավարական գործակալություններին որևէ պայմանագիր կնքել պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց հետ, նրանցից ապրանքներ և ծառայություններ գնել, ֆինանսական կամ այլ աջակցություն տրամադրել, ինչպես նաև ռազմական արտադրանքի արտահանում կատարել: Պատժամիջոցները սահմանվում են երկու տարով, սակայն ԱՄՆ պետքարտուղարն ունի անհատական ​​բացառություններ անելու լիազորություն:

Օգոստոսի 4-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Օգոստոսի 4-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 364.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 368 դրամը:

ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 363.5 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 368.5 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 417 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.5 դրամը:

Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 415.76 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 427.55 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.53 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.69 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջինացված արժեք է սահմանվել 4.41 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.74 դրամը:

Բանկերի, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների ներկայացրած փոխարժեքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ:

Պարտվողները հավատում են բախտին, բախտավոր մարդիկ հավատում են իրենց. մտքեր հաջողության մասին

Մարդիկ, ովքեր որոշում են գործել, սովորաբար հաջողության են հասնում. ընդհակառակը, հաջողությունը հազվադեպ է հասնում նրանց, ովքեր ոչինչ չեն անում, բացի մտորումներից և հետաձգելուց։

Հերոդոտոս, հին հույն պատմաբան

Զգույշ եղեք, որ չընկնեք ուրիշի բախտի անիվի մեջ։

Ստանիսլավ Եժի Լեց, լեհ բանաստեղծ և փիլիսոփա

Հայտնի է, որ ամենատհաճ, ամենաքմահաճ մարդիկ, գոնե ժամանակավորապես, ընտելացվում են, երբ նրանց ցանկությունները բավարարվում են։ Ֆոմա Ֆոմիչը, ընդհակառակը, ինչ-որ կերպ ավելի հիմարացավ, երբ հաջողություն ունեցավ և ավելի ամբարտավան դարձավ։

Ֆեոդոր Դոստոևսկի, ռուս գրող

Եթե մարդը չի հավատում բախտին, ապա նա քիչ կյանքի փորձ ունի։

Ջոզեֆ Քոնրադ, անգլիացի գրող

Իմ ընկերները բախտի կարիք չունեն։ Իմ ընկերները կհասնեն իրենցին։

Բելլա Ախմադուլինա, խորհրդային և ռուս բանաստեղծուհի

Երջանկությունը նաև պատահականություն է պահանջում։

Արիստոտել, հին հույն փիլիսոփա

Ես հայելի կոտրեցի, և հիմա յոթ տարի բախտս չի բերի, բայց իմ փաստաբանն ասում է, որ կարող է պատիժը կրճատել մինչև հինգ։

Սթիվեն Ռայթ, ամերիկացի դերասան և գրող

Իհարկե, ես չեմ հավատում, որ պայտը հաջողություն է բերում: Բայց լսել եմ, որ այն օգնում է՝ անկախ նրանից, թե դուք հավատում եք դրան, թե ոչ։

Նիլս Բոր, դանիացի տեսական ֆիզիկոս և հասարակական գործիչ

Ազնվական մարդը արժանապատվորեն սպասում է Երկնքի հրամանագրերին: Անբարո մարդը քմահաճորեն սպասում է իր բախտին։

 Կոնֆուցիոս, հին չինացի մտածող

Կյանքում մեկ անգամ բախտը թակում է բոլորի դուռը, բայց այդ պահին նրանք հաճախ նստում են մոտակա պանդոկում և չեն լսում թակոց։

Մարկ Տվեն, ամերիկացի գրող

Դժբախտությունները երբեք մենակ չեն գալիս, բայց բախտը նույնպես։

Ռոմեն Ռոլան, ֆրանսիացի գրող

Պարտվողները հավատում են բախտին, բախտավոր մարդիկ հավատում են իրենց։

Ալֆրեդ Դանիել-Բրյունե

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։

Իդրամի ու IDBank-ի մենթորները սկսնակ ստարտափերների կողքին են՝ օգնելու հեշտությամբ հաղթահարել զարգացման բարդ ճանապարհը, տալու հուզող հարցերի պատասխաններն ու գտնելու նորարար լուծումներ ստարտափների աճի համար։

Իդրամի և IDBank-ի առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը, ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը և կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ որոշ ժամանակ անց մուտք կգործեն հայաստանյան շուկա։

«Կարևոր է սիրահարվել ոչ միայն սեփական նորարարություններին, այլև հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը։ Հաճախ հիմնադիրներն այնքան են տարվում պրոդուկտի ստեղծմամբ, որ վաճառքները մղվում են երկրորդ պլան։ Ուրախալի է փաստել, որ այսօր ստարտափներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում վաճառքներին, ինչն էլ հենց հաջողության գլխավոր գրավականն է»,- նշեցին ընկերությունների ներկայացուցիչները։

Seaside Startup Summit-ի շրջանակում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը ներգրավված էր ժյուրիի կազմում․ նա անձամբ լսել ու գնահատել է ավելի քան 10 ստարտափների ելույթները։

Անդրադառնալով միջոցառմանն ու ներկայացված գաղափարներին՝ Սերգեյ Առաքելյանը փաստեց, որ  Seaside Startup Summit-ին մասնակցությունը IDBank-ի համար լավագույն հնարավորությունն է՝ ծանոթանալու նորագույն ստարտափներին։

«Հատկանշական է Սամմիթի ձևաչափը, որը մեկտեղում է ամենատարբեր ոլորտներ ներկայացնող նախագծեր։ Առանձնահատուկ ուրախալի է տեսնել ֆինանսական ոլորտին առնչվող լուծումներ, որոնք հիմնված են արհեստական բանականության և ժամանակակից տեխնոլոգիական միտումների վրա»,- ասաց Սերգեյ Առաքելյանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ