Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Infocom-ի Ctrl Z հաղորդմանը. ՈՒՂԻՂ
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։
Նման որոշում է ընդունել Հանրային հեռարձակողի խորհուրդը;
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝
Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է.
1. Նկատի ունենալով, որ Ընկերության գործադիր տնօրենն ապահովում է Ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտման (մասնավորապես, Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ Ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը) համար Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։
2. Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է որոշման մեջ։
Ադրբեջանցի զինվորը հայտնվել էր ՀՀ տարածքում, ու հետևանքներ էին եղել։ Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ, արձագանքելով լրագրողի այս դիտարկմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Դե գիտեք՝ ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր՝ երկու կողմից դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի՝ մանրամասն հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,– նշեց Փաշինյանը։
Իսկ այն հարցին, թե ինչու Շաքիի բնակչությունը տեղյակ չի եղել, որ փախուստ է եղել, որպեսզի պատրաստված լինեն, նա պատասխանեց.
«Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներն ինքնակամ լքում են տարածքը։ Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս։
Ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել էր, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և դրանց ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները։ Չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և կարող է հասնել բնակավայր։
Պատկերացրեք, որ լինի մամուլի հաղորդագրություն, որ զինվորն անցել է սահմանը, և մի ամիս չգտնեն, և զինվորը ինչ-որ մի տեղ է՝ Ադրբեջանում։ Ամիսներով պետք է խուճապի մթնոլորտը պահպանվեր»։
Վարչապետն ասաց, որ ամբողջ մեր սահմանի երկայնքով կան շատ խտությամբ տեսադիտարկման համակարգեր, բայց եթե թանձր մառախուղ է, այդ տեսադիտարկման համակարգը կարող է և չգործել։ «Հիմա քննություն է գնում այդ թեմայով, կպարզվի։ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու անցել է Հայաստան»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ զինվորը դասալիք է, և Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել։ «Բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորի՝ Բաքվում պահվող հայերի հետ փոխանակմանը, վարչապետն ասաց. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերը անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։
Եղել է, որ զինվորը անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին հետ ենք վերադարձնում։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մենք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք։
Լեգենդները, որ դիվերսիա է եղել, անցել են երեք հոգի, են եղել կամ տաս հոգի, բացարձակ անհեթեթություն է»,– ասաց Փաշինյանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված չէ, թեև միջոցառումների ընթացքում նրանց շփումը բացառել չի կարելի:
Ըստ Ուշակովի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, և այս հարցի շուրջ նույնիսկ դիվանագիտական շփումներ առայժմ չեն իրականացվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է․
«Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ:
Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը լրացուցիչ մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր, որ քնի կարող է գան և իրեն սպանեն, հիմա, քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»։
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քննարկվել են այլ օրակարգային հարցեր։
Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել Ներքին գործերի նախարարությունը:
«Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։
Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։
Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։
Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։
Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։
Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։
Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։
Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։
Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,- նշվում է պարզաբանման մեջ։
«Այցելեցի Անիի ընտանիքին՝ հետաքրքրվելու երեխաների և ընտանիքի անդամների առողջական վիճակով, նրանց առողջապահական և այլ կարիքներով, որոնք անհրաժեշտ են այս փուլում»,-այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կից տեսանյութ հրապարակել։