ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը
Հայաստանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ
գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ կտա այս գագաթնաժողովը մեզ, ինչպես
նաև ներքաղաքական իրադարձությունների մասին։
«Կարծում եմ, որ արդեն իսկ գագաթնաժողովի բուն փաստը Հայաստանի
համար շատ կարևոր է, որովհետև, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որևէ
մեկը ութ տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն եվրոպական
բոլոր մայրաքաղաքների ներկայացուցիչները։ Սա ֆենոմենալ փաստ է, և այդ փաստն ապացուցում
է, որ մեր ժողովրդավարությունն արժեք է ոչ միայն մեզ համար, այլև բուն Եվրոպայի համար,
և այդ ժողովրդավարական արժեքների հենքի վրա է մեր համագործակցությունը քաղաքակիրթ աշխարհի
հետ։ Ու այդ համագործակցությունը միայն ցուցափեղկ չէ, ցուցադրական չէ՝ եկան, զբոսնեցին,
նկարվեցին, շատ հաճելի տեսարաններ, կադրեր, թերևս եվրոպական մայրաքաղաքների թերթերի
առաջին էջերում հայտնվող լուսանկարներ։ Ոչ, այս ամեն ինչը շատ կարևոր է մեզ համար,
և ես վստահ եմ, որ այս ամեն ինչի հենքում հենց ծնվելու են ոչ միայն ՀՀ-ում ժողորդավարության
զարգացման նախադրյալները, այլև այս ամեն ինչի հիմքում լինելու են համագործակցության
համաձայնագրեր»,- ասաց Անահիտ Ադամյանը՝ հավելելով, որ դրանք վերաբերելու են հենց մեր
անվտանգությանը։
Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունիսի 7-ին
Նիկոլը հաղթելու է: Ավելի ճիշտ, ընդդիմությունն է պարտվելու, ինչպես 2021 թ.: Պարտվելու
է, որովհետև Քոչարյանի հիվանդ ամբիցիաների ու քինախնդրության պատճառով չհամախմբվեցին
Սամվել Կարապետյանի շուրջն ու չկարողացան ընտրությանը մասնակցել մեկ ճակատով ու «ամեն
գնով հեռացնել Նիկոլին» հաղթող նշանաբանով: Ես չեմ կարող խաբել՝ գնացեք-ընտրեք անցողիկ
ընդդիմադիր ուժերից մեկին, որ անցնեն խորհրդարան ու «Գյումրի-2» անեն՝ Նիկոլին հեռացնեն»։
Այս առնչությամբ Անահիտ Ադամյանն ասաց՝ հաճելի է լսել, որ իրենք
խոսում են իրենց պարտությունից, և իսկապես հաճելի է, որ այդքան բարձր գիտակցություն
ունեն։
«Ես կարծում եմ, որ որևէ մեկը՝ Կրեմլի վկաների ճամբարում գտնվող
որևէ ուժ, իրավասու չէ ինքը լուծելու իր անելիքների կամ ծրագրերի հարցը։ Նրանք կատարում
են հրաման, իսկ էդ հրամանը նրանց տրվում է Կրեմլից։ Համենայնդեպս, որևէ մեկը, եթե հայկական
մենթալիտետն ուսումնասիրենք, չէր կարծի ու չէր մտածի, որ Մարտուն Գրիգորյանը Վարդան
Ղուկասյանին ձայն կտա, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ։ Հայկական մենթալիտետում,
Գյումրիի պես քաղաքում դա անհասկանալի էր»,- նշեց Անահիտ Ադամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին հրավիրել է Երևանի Կարմիր կամուրջը դիտելու։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև Կարմիր կամրջին զբոսանքից տեսանյութ։
Հետևելով «Ուժեղ
Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կալուգացու մտքի զիգզագներին՝ սրտի կսկիծ ենք ապրում
ու դառը կսկծալով, ինչպես ասում են լոռեցիները՝ փիքր անում՝ այս մարդու «ուժեղ» կերպարը
կերտելու գործն ո՞ւմ է վստահվել՝ հանրային հաղորդակցության ոլորտի փորձառու մասնագետների՞ն,
այսպես ասած՝ PR-շչիկներին, թե՞ ճոխ-ճոխ հոնորարներ ստացող, բայց սաբոտաժով
զբաղվող, «կլիենտին» հանրության աչքում «փչացնող» «փիառչիներին»։ Մեծն երգիծաբան Հակոբ Պարոնյանը
թե ողջ լիներ, հաստատ կգրեր իր «Մեծապատիվ մուրացկանները» վեպի երկրորդ հատվածը,
որի գլխավոր հերոսը հաստատ Կալուգայից Հայաստան եկած Կարապետյանը պիտի ըլլար, և որին պարոն Պուտինը հաստատ իր մոտ կանչած ու
հարցուցած պիտի ըլլար. «Ի՞նչ ամսական
կ՚ուզես հայրենիքիդ քաղաքական թատրոնի մեջ ուժեղ ապուշի դեր կատարելու համար»։
Թողնենք Պարոնյանին իր երգիծական հանճարի հետ ու գանք մեր օրեր, Երևան, մտնենք Սամվել Կարապետյանի՝ Մոնումենտում գտնվող
շքեղ առանձնատուն, մասնավորապես՝ դրա բակ։
Օրերս, օգտվելով տնային կալանքի տակ գտնվելու
ռեժիմի ընձեռած հնարավորությունից, «մեծն փիզնեսմենն» իր հարկի ներքո հերթական
խումբ մարդկանց է ընդունել, այս անգամ՝ երիտասարդների, որոնց հետ տեղի ունեցած
հարցուպատասխանը ստիպում է հարցադրում անել՝ այդքան հարուստ քսակով ու այդքան աղքատ,
դատարկ ու ընչազո՞ւրկ մտքով, ասելիքով ու գաղափարներով, այդքան կտրվա՞ծ
իրականությունից, Հայաստանի անցյալից ու ներկայից, համաշխարհային անցուդարձից ու տենդենցներից։ Տպավորություն է, թե
Կալուգա-Տաշիր տրանզիտի ուղևոր լոռեցի Սամոն մնացել է 2020 թվականի ՀՓՇ-ի օրերի
քարոզչական «պոյեզի» վերջին վագոնում, որից, ի դեպ, դուրս են եկել անգամ
ռուսա-բելառուսամետ ընդդիմության մյուս հայտնի գլուխները՝ ի մասնավորի Ռոբերտ
Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Երիտասարդներից մեկի հարցին պատասխանելով՝ Սամվել Կալուգացին նկատել է՝ պետք
է բացատրել մարդկանց, որ սա՝ ընտրությունները նկատի ունի, իրենց ապագայի խնդիրն է,
սա ընտրություն է «հայ մարդու մեջ և գորշ
գայլերի մեջ, որովհետև մենք շատ լուրջ ընտրության առաջ ենք կանգնած։ Հայի
ինքնության և, չեմ ուզում վախեցնել մարդկանց, Հայաստանի հաջորդ տարածքի կորստի,
որտև այս մարդկանց համար բացարձակ նշանակություն չունի 100 կիլոմետր ստեղ, 500
կուղարկեն մյուս կողմը, բայց դուք գիտեք, որ մենք շատ փոքր երկիր ենք, եթե մենք մի
5 տարի էլ էսպես բաժանենք, վերջում կմնա միայն Լոռու մարզը, որտև մենք դա ոչ մեկի
չենք տալու, պայքարելու ենք Լոռու մարզի համար և կանգնելու ենք լուրջ փաստերի
առաջ։ Վախեցած, նվաստացած կառավարությունը չի կարող ապահովել երկրի զարգացում,
երկրի անվտանգությունը, դա ես իրոք բացառում եմ, դրա համար մեզ պետք է
փոփոխություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ զարգացնել այս երկիրը»: Սամվել Կալուգացու այս հայտարարությունը,
հարկավ, պետք է ուշադրության արժանանա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝
ՀՀ քաղաքացիներին «հայ մարդկանց» և «գորշ գայլերի» «սորտավորելու» համար։ Դատելով
քաղաքական հայտ ներկայացրած սույն գործչի հայտարարությունից՝ «գորշ գայլերը»
կառավարող ուժն ու վերջինիս 2021-ին
ընտրած 680 հազար քաղաքացիներն են և այն քաղաքացիները, որոնք առաջիկա հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ էլ են
պատրաստվում քվեարկել ՔՊ-ի օգտին։ Շատ կարևոր է պարզել՝ արդյոք պատահակա՞ն է
Սամվել Կալուգացին գործածում «գորշ գայլեր» արտահայտությունը։ Հազիվ թե։ Հիշյալ բառակապակցությունը, նկատենք,
ասոցիացիաներ է առաջացնում նույնանուն՝ թուրքական
երիտասարդական ազգայնական կազմակերպության հետ, ու ստացվում է, որ այն
քաղաքացիները, որոնք չեն ընտրելու «Ուժեղ Հայաստան»-ին, դրա լիդերի կողմից ավանսով
անվանվում են թուրքերի հետ նույնականացվող «գորշ գայլեր»։ Հիշո՞ւմ եք, տարիներ
առաջ էլ հասարակական մի գործիչ ՀՀ քաղաքացիների մի հատվածին՝ մասնավորապես Շիրակի և
Արարատի մարզերի բնակիչներին , անվանել էր
«թուրքի եթիմ», ինչից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց «ազգային, ռասայական, կրոնական ատելություն հրահրելու» հատկանիշներով։ Հարկ է հիշեցնել, որ օրերս էլ ընտրակաշառքի
գործով սկանդալային հաղորդագրության մեջ Սամվել Կարապետյանի կուսակցության շտաբի
աշխատակիցը «շուն-շանգյալ» կապակցությունն էր գործածել մարդկանց
բնորոշելու համար։ Փաստորեն, ՀՀ քաղաքացիներին վայրի կենդանիների հետ
նույնացնելու վարքագիծը բնորոշ է ուժեղականներին՝ լիդերից մինչև կուսգրասենյակի շարքային
աշխատակից։ Սա ՀՀ բոլոր ընտրողներին «ուժեղիստների» մասին հետևություն անելու
ուժեղ արգումետ է։
Այժմ դառնանք Սամվել Կալուգացու մյուս՝ ցինիկ
հայտարարությանը Հայաստանի տարածքային կորստի վերաբերյալ՝ ընդհուպ այն
մասշտաբի, որ մնա միայն ՀՀ մարզերից մեկը՝ Լոռին։ Ո՞ւմ հանձնարարությամբ է Սամվել
Կալուգացին ՀՀ տարածքային կորստով վախեցնում ՀՀ քաղաքացիներին, արդյոք այն երկրի՞,
որն ասոցացվում է Հյուսիսային բևեռի
հայտնի գազանի՝ «սպիտակ արջի» հետ։ Մի երկիր, որն, ի
գիտություն «արջասեր ու արջամետ» հայ գործչի, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, քանիցս՝ 2021-ին, 2022-ին, կասկածի տակ է դրել Հայաստանի տարածքային
ամբողջականությունը՝ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար մահանա
բռնելով ՀՀ սահմանների սահմանազատված
չլինելը։ Մի երկիր, որի տարբեր գործիչներ Հայաստանը քանիցս անվանել են «ֆորպոստ», դիտարկել
որպես ծայրագավառ, պլացդարմ, ամեն ինչ, բայց ոչ երբեք անկախ ու սուվերեն
պետություն։ Ու Հայաստանի՝ Տաշիր Սամոյի
կողմից «գորշ գայլ» բնորոշված
իշխանությանն էլ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոչ մի կերպ չեն ներում այդ կարգավիճակի հետ
չհամակերպվելու, այն թոթափելու համար։ Այդ պատճառով էլ իրեն՝ Տաշիրցի Սամվելից աճա՜ծ
Կալուգայի Սամո դարձածին, ուղարկել են Հայաստան՝ Հայաստանի ինքնիշխանության
ոչնչացման, ծայրագավառացման, լավագույն դեպքում Միութենական պետության կազմ քարշ
տալու վաղեմի ծրագիրը իրագործելու համար՝ իրեն էլ որպես «պրիզ» խոստանալով Լոռու
մարզի «նամեստնիկի» պաշտոնը։ Իր այդ՝ «առաքելության» գիտակցո՞ւմն է, որ ստիպում է լոռեցի
Սամոյին այդպես՝ «շնագայլի» խորամանկ քմծիծաղով ազդարարել՝ «մեզ պոպոխություն է
պետկ»՝ «պոպոխություն» ասելով նկատի ունենալով ինքնիշխան Հայաստանի փոխակերպումը
ռուսահպատակ պետական կազմավորման՝ Լոռի վարչական կենտրոնով։
Հեղինե Մանուկյան
Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է, և սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»,– գրել է Ռուբինյանը։
Ավելի վաղ, Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով:
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվեցին Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով:
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվեցին Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար՝ անդրադառնալով նաև 2022 թվականի աշնան իրադարձություններին և տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին։
«Այդ պահին կարծում եմ, որ Ֆրանսիան իր պարտքն է կատարել։ Շատերը Եվրոպայում և այլուր մեզ նայում էին՝ չհասկանալով, թե ինչու ենք մենք այդքան սատարում Հայաստանին։ Բայց մենք եղել ենք ձեր կողքին, որովհետև դա արդար էր, ուղղակի որովհետև արդարը դա էր»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատմության ընթացքում բազմիցս պայքարել է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, և այդ պայքարը եղել է արդար։
«Մեզ համար անհրաժեշտ էր լինել այդ արդար պայքարի կողքին, որպեսզի միջազգային իրավունքը հարգվի»,– ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան նման դիրքորոշում է ցուցաբերել անկախ քաղաքական կամ տնտեսական հաշվարկներից։
Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերությունների խորը պատմական արմատներին՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ կարևորել է հայ ժողովրդի նկատմամբ աջակցությունը՝ սկսած պատմական ճգնաժամերի ժամանակներից մինչև մեր օրերը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի համար պատիվ է եղել ընդունել հայ գաղթականներին և ընդգծել է նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ՝ հիշատակելով, մասնավորապես, Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի դերը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի կողմից ընտրված զարգացման ուղին՝ այն բնութագրելով որպես խաղաղության, կայունության և եվրոպական արժեքների ընտրություն։
«Այն ընտրությունը, որ դուք կատարել եք՝ խաղաղության, կայունության, Եվրոպայի և բարգավաճության ընտրությունը, մենք գտնում ենք արդար և ճիշտ ձեր երկրի համար»,– նշել է նա։
Մակրոնը հայտնել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախատեսվող ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ երկկողմ հարաբերություններում՝ ամրապնդելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի։
«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կառուցել այս պատմությունը»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի ղեկավարության խիզախությունը՝ խաղաղության ուղին ընտրելու հարցում։
«Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար։ Եվ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի»,– ասել է Մակրոնը։
Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը առաջարկել է բաժակ բարձրացնել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու երկրների համագործակցության հետագա զարգացման համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից պարգևատրվել եմ Պատվո լեգիոնի շքանշանով (3-րդ աստիճան, Commandeur de la Legion d’Honneur): Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեծ պատիվ է մեր պետության մեծ բարեկամից ու դաշնակից Ֆրանսիայից ստանալ նման շքանշան»,-նշել է նա: