Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի

ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հարցերով մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Ընդգծվել է բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքների և փորձի առանցքային նշանակությունը կենսաբազմազանության պահպանման գործում։ Անդրադարձ կատարելով 2026թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ շեշտվել է, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունն է ապահովել ներառական և մասնակցային համաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների լիարժեք ներգրավմամբ։

 

Նշվել է, որ Հայաստանը, որպես COP17-ի նախագահություն, հանձնառու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի կանոնակարգի (modus operandi) շուրջ կառուցողական և արդյունքահեն քննարկումների ապահովմանը։

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ 

Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։ 

Հիշեցում. փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախկինում արձանագրված խնդիրները պահպանվում են․ չհայտարարված այց է իրականացվել Խարբերդի մասնագիտացված մանկատուն․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

 

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

 

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ 

 

Մասնավորապես՝

• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։ 

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։ 

 

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են Հաստատության տնօրենության հետ:

 

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել: Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

 

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

 

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, պետական բյուջեի միջոցներով Գյումրի քաղաքում ասֆալտապատվում է Բագրատունյաց օղակը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարող փողոցը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը գրառմանը կից՝ նաև տեսանյութ է հրապարակել։

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:

Այնուհետև, ապրիլի 11-ին Ա.Խ.-ի կողմից վարձակալած, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:

Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող՝ 13.8 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 936 հազար դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում

Ավարտվել է Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։

Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։

 

Համոզված եմ, որ այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում»,- նշված է գրառման մեջ։

 

Էրեբունու «Հայ փոստ»-ի դիմաց քաղաքացի է հանկարծամահ եղել, հայտնի է մահվան պատճառը

Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու դի է հայտնաբերվել. իրավապահները դեպքի վայրում են: 

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։