RECONOMY․ Բրազիլիայից դեպի Արևելյան Եվրոպա և Հայաստան․ ճանապարհորդություն գինու, մշակույթի և ժառանգության շուրջ

RECONOMY․ Բրազիլիայից դեպի Արևելյան Եվրոպա և Հայաստան․ ճանապարհորդություն գինու, մշակույթի և ժառանգության շուրջ

Բրազիլիայից ութ տուրօպերատոր մասնակցեցին լայնածավալ FAM շրջագայության Մոլդովայում  և Հայաստանում՝ տեղում ծանոթանալով տարածաշրջանի բազմազան, բարձրարժեք և աստիճանաբար զարգացող կայուն և էկոտուրիստական զբոսաշրջային առաջարկներին, որոնք հիմնված են մշակույթի, բնության և համայնքային փորձառությունների վրա։

Ճանապարհորդությունը մեկնարկեց Քիշնևում՝ ANTRIM-ի կողմից կազմակերպված նեթվորքինգ միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվեց «Moldova + Caucasus Experience» հայեցակարգը, որին հաջորդեցին B2B հանդիպումներ տեղական գործընկերների հետ։ 

Հինգ օրերի ընթացքում Մոլդովայում մասնակիցները բացահայտեցին մշակութային ժառանգության և պատասխանատու զբոսաշրջության փորձառությունների հարուստ համադրություն՝ Քուրչի վանքի համալիրից մինչև Օրհեյուլ Վեքիի պատմական լանդշաֆտ, ինչպես նաև խորքային գյուղական փորձառություններ։  Ծրագիրը նաև ներկայացրեց Մոլդովայի համաշխարհային ճանաչում ունեցող գինեգործությունը՝ այցելություններով Cricova Cellars, Château Cojușna Winery և Castel Mimi, որտեղ մասնակիցները ծանոթացան նաև կայուն խաղողագործության մոտեցումներին, էներգաարդյունավետ լուծումներին և պատասխանատու արտադրական պրակտիկաներին։

Ծրագիրը շարունակվեց Երևանում, որտեղ մասնակիցները բացահայտեցին Հայաստանի մշակութային խորությունը և գաստրոնոմիան՝ քաղաքային շրջայցերի, հատուկ ընտրված սննդային փորձառությունների և այցերի միջոցով կարևոր տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապի վանք, Գառնիի տաճար, Գեղարդի վանք և Զվարթնոցի տաճար։ Երթուղին ներառում էր նաև գինու համտեսներ տեղական գինեգործարաններում և գործնական խոհարարական փորձառություններ, օրինակ՝ լավաշի թխում՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված ոչ նյութական մշակութային ժառանգության տարր։ 

FAM շրջագայությունն իրականացվել է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ, որը նպաստել է մոլդովական և հայկական գործընկերների համագործակցության համակարգմանը՝ ապահովելով միջտարածաշրջանային զբոսաշրջային արտադրանքի հաջող իրականացումը։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Մայիս 05, 2026 at 14:19

Հայաստանում կստեղծվի անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ

Հայաստանում կստեղծվի անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ

2026թ. ապրիլի 30-ին ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծումը կարևորագույն քայլ է Հայաստանի համար։ Վստահելի տվյալները մեզ հնարավորություն կտան կայացնել տեղեկացված որոշումներ, նպաստել անտառների կայուն կառավարմանը և առավել արդյունավետ կերպով արձագանքել կլիմայի փոփոխության մարտահրավերներին»։  

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծեց գործընկերության նշանակությունն ու դրա երկարաժամկետ ազդեցությունը․  «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի միջոցով Շվեյցարիան աջակցում է Հայաստանին՝ կլիմայական գիտելիքների ամրապնդման, անտառային քաղաքականության և կառավարման գործելակերպերի բարելավման, ինչպես նաև կլիմայական ծառայությունների զարգացման ուղղությամբ։  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ այս համագործակցությունը ռազմավարական ներդրում է՝ աջակցելու Հայաստանին առավել կայուն և կլիմայական առումով դիմակայուն ապագայի ուղղությամբ առաջ շարժվելու համար, ինչպես նաև կատարելու միջազգային կլիմայական պարտավորությունները՝ Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում»։  

Հայաստանում  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն նշեց․ «Ծրագրի շրջանակներում ՊԳԿ-ն Հայաստանին  է փոխանցում անտառների մոնիթորինգի և հաշվառման համակարգերի ոլորտում կուտակված գլոբալ փորձառությունը՝ աջակցելու երկրին ամուր ազգային կարողությունների ձևավորման և վստահելի տվյալների համակարգի հաստատման գործում, որը կուղղորդի քաղաքականությունների մշակմանը և կնպաստի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը»։  

Տվյալների համակարգերի ամրապնդումից բացի, ծրագիրը նաև կնպաստի ազգային կարողությունների զարգացմանը՝ աջակցելով Անտառների ազգային մոնիթորինգի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծմանն ու գործունեությանը։ Վերապատրաստման ծրագրերը, դաշտային աշխատանքները և գիտելիքի փոխանակման  միջոցառումները կապահովեն, որ ազգային կառույցները երկարաժամկետ հեռանկարում կարողանան ինքնուրույն և կայուն կերպով իրականացնել անտառների մոնիթորինգի գործընթացները։ 

Համակարգը նաև կիրականացնի անտառվերականգնման, անտառապատման և ագրոանտառային գործունեությունների մոնիթորինգ ամբողջ երկրի տարածքում՝ տրամադրելով կարևոր վերլուծական տվյալներ դրանց արդյունավետության վերաբերյալ ինչպես նաև աջակցելով հարմարվողական կառավարմանը։ Այն կնպաստի ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը և անտառային ռեսուրսների, այդ թվում՝ ոչ փայտային անտառային արտադրանքի, կայուն օգտագործման խթանմանը։  

Հայաստանի անտառները, որոնք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի մոտավորապես 11 տոկոսը, կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման և գյուղական բնակչության կենսապահովման համար։ 

Հիմնական մարտահրավերներից մեկը վստահելի և արդիական անտառային տվյալների բացակայությունն է։ Հայաստանը 1980-ական թթ․ ի վեր չի իրականացրել անտառների ամբողջական հաշվառում (NFI), իսկ ինչ էլ որ կատարվել է, հիմնված է եղել հիմնականում անտառտնտեսության տվյալների ոչ արդիական հաշվառման մեթոդների, իսկ վերջին տարիներին նաև արբանյակային պատկերների վրա։ 

Արդիական տեղեկատվության պակասը սահմանափակել է երկրի կարողությունները՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություններ մշակելու և կլիմայական ու բնապահպանական խնդիրներին արդյունավետ արձագանքելու համար։  

Նոր ստորագրված ծրագիրը նպատակ ունի հաղթահարել այս կարևոր բացը՝ ձևավորելով անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման (NFMA) վստահելի համակարգ, ինչպես նաև իրականացնել անտառների ազգային հաշվառման պարբերական փուլերը։ Դաշտային տվյալների հավաքագրման համադրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ հեռահար զոնդավորումը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), հնարավորություն կընձեռի ստանալ ճշգրիտ և համապարփակ տվյալներ անտառային ռեսուրսների վերաբերյալ՝ ներառյալ անտառածածկույթը, անտառների առողջության վիճակը, կենսաբազմազանությունը և ածխածնի կլանումը։   

Մայիս 05, 2026 at 13:17

Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան

Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան

Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Մայիս 05, 2026 at 12:45

Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան

Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան

Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Մայիս 05, 2026 at 12:45

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 1900.37 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․53 մ-ից։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակն ապրիլի 28-ի դրությամբ կազմել է 35.028 միլիոն խմ։ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել։

2026 թվականի տարեսկզբին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22 մ։ Լճի մակարդակը սկսել է բարձրանալ փետրվարից։

Տվյալները վերցված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-

Ապրիլ 30, 2026 at 16:02

«Ծառերը մանրադիտակի տակ» հայկական նախագիծը Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է

«Ծառերը մանրադիտակի տակ» հայկական նախագիծը Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է

«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական, հեղինակային, էկոկրթական նախագիծը Հայաստանից ներկայացված առաջին նախագիծն է, որն անցել է Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։

«Մեծ փոփոխությունները սկսվում են փոքրից» կարգախոսով #ForOurPlanet 2026 մրցույթը միավորում է տարբեր երկրներից նախագծեր, որոնք բնապահպանական խնդիրների համար առաջարկում են իրական լուծումներ։

«Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի նպատակն է երեխաների շրջանում ձևավորել գիտակցված հոգատարություն և պատասխանատվություն Հայաստանի բնության նկատմամբ, բացահայտել Հայաստանի կենսաբազմազանության բացառիկությունը, ինչպես նաև խթանել երեխաների հետաքրքրությունը գիտության հանդեպ։ Նախագիծն իրականացվում է 2024թ-ից։ Գաղափարը էկոլոգ Նելլի Եղոյանինն է, ով 2023թ-ին հիմնադրել է էկոկրթարան, որը նպաստում է էկոկրթության տարածմանը Հայաստանում։

«Ինչպես յուրաքանչյուր ծնող ես ունեցել եմ երազանք, որ երեխաները սովորելու ընթացքում լինեն հետաքրքրված, լինեն երջանիկ, կենտրոնացած։ Գաղափարը շատ վաղուց կար, մտածում էի՝ ինչպես էկոլոգիան ներկայացնել հետաքրքիր նախագծի ձևով։ Այդպես ծնվեց «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի գաղափարը։ Նախագիծն արշավի և աշխատարանի համադրություն է, որը բնության մեջ ենք իրականացնում։ Երեխաները բնության մեջ տեսնում են ծառը, շորշափում, հասկանում են՝ ինչպիսին է տերևը, պտուղը, ծաղիկը։ Երկրորդ մասն արդեն աշխատարան է։ Մենք տեղադրում ենք մեր շարժական սարքավորումները։ Երեխաները պատրաստի փորձանմուշներ են ուսումնասիրում մանրադիտակով, իրենց սեփական փորձանմուշն են պատրաստում և տեսնում են՝ ծառերը ներսից ինչպիսին են։ Տեսնում են, որ ծառն, իրոք, կենդանի օրգանիզմ է և մեզ շատ ասելու բաներ ունի։ Եվ եզրակացությունը թողնում ենք մասնակիցներին, որ իրենք եզրակացնեն, որ մենք պետք է պահպանենք, ներդաշնակ ապրենք ծառերի, բնության հետ, որովհետև մենք՝ ինքներս, բնության մաս ենք կազմում», – Էկոլուրի հետ զրույցում ասաց Նելլի Եղոյանը։

Մինչ այժմ ավելի քան 700 երեխա է մասնակցել «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծին, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ և վերականգնողական կենտրոնների սաներ։

Առաջիկայում Նելլի Եղոյանը նպատակ ունի ստեղծել Էկոկրթական այգի՝ հատուկ ուսումնական տարածք, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի էնդեմիկ ծառատեսակները։

«Ես երազում եմ, որ մի օր յուրաքանչյուր երեխա տեսնի Հայաստանի ծառերն այնպես, ինչպես երբեք չի տեսել, և սովորի գնահատել ու պաշտպանել մեր բնությունը։ Երբ երեխաները հասկանում են բնությունը, շատ ավելի հավանական է, որ նրանք պաշտպանեն այն։ Եվ հենց այստեղից է սկսվում իրական փոփոխությունը», – ասաց Նելլի Եղոյանը։

#ForOurPlanet միջազգային մրցույթի հաղթողը որոշվելու է համակցված ձևաչափով՝ 50% հանրային քվեարկության և 50% ժյուրիի գնահատման հիման վրա։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով առանց գրանցման և թողնել հավանում՝ Trees Under the Microscope: Bringing science and nature together in Armenia – Environment

Հանրային քվեարկությունը բաց է մինչև մայիսի 3-ը։

Ապրիլ 28, 2026 at 16:43

Երկրի օրվան ընդառաջ «Կլիմայական մարտահրավերներն ու օդի աղտոտվածությունը» թեմայով միջոցառումներ են անցկացվել մարզային դպրոցներում

Երկրի օրվան ընդառաջ «Կլիմայական մարտահրավերներն ու օդի աղտոտվածությունը» թեմայով միջոցառումներ են անցկացվել մարզային դպրոցներում

Երկրի օրվան ընդառաջ՝ ապրիլի 13-17-ը, «Կլիմայական մարտահրավերներն ու օդի աղտոտվածությունը» թեմայով միջոցառումներ են անցկացվել Վեդի, Հովտաշատ, Մուսալեռ, Ճամբարակ և Արաքս համայնքների դպրոցականների  համար։ Միջոցառումները կազմակերպվել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի «Առաջնորդության շաբաթ» բաց միջոցառումների շրջանակներում:

Միջոցառումների նպատակն էր․

– զարգացնել մասնակիցների առաջնորդական կարողունակությունները՝ կլիմայական խնդիրների գիտակցման և լուծման համատեքստում

– խթանել պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը և թիմային աշխատանքի հմտությունները՝ համագործակցային գործունեության միջոցով

– ձևավորել որոշումների կայացման կարողությունն՝ ուղղված համայնքի և շրջակա միջավայրի պահպանմանը։

Մասնավորապես Արաքս համայնքում անցկացված միջոցառումները ներկայացրել է ֆիզիկայի ուսուցչուհի Ռոզա Կարապետյանը։

Արաքս համայնքում իրականացվել է «Փրկենք կլիման, ապահովենք մաքուր ապագան» խորագրով միջոցառումը։ «Միջոցառումը կառուցված էր ակտիվ մասնակցության վրա, և դրա կարևոր առանձնահատկությունն այն էր, որ սովորողները հանդես են եկել ոչ միայն որպես քննարկման մասնակիցներ, այլև՝ որպես իրական գործողություններ նախաձեռնողներ»,- նշել է Ռոզա Կարապետյանը։

Աշակերտները մասնակցել են ծառատունկի։ «Ծառատունկի ընթացքում աշակերտները սկսել են հստակ հասկանալ, թե ինչու են ծառերը կարևոր ածխաթթու գազի կլանման և օդի մաքրման գործընթացում, և այդ գիտելիքն անմիջապես կապել իրենց գործողության հետ։ Այդ փորձառությունը ձևավորել է «ես կարող եմ ազդեցություն ունենալ» մտածողություն, որը կարևոր է պատասխանատու վարքագծի զարգացման համար»,- գրել է ֆիզիկայի ուսուցչուհին։

Բացի այդ, դպրոցականներն իրականացրել են հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ՝ պարզելու նրանց տեղեկացվածության մակարդակը օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Աշակերտները վերլուծել են հավաքագրած տեղեկատվությունը՝ պարզելով հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը տվյալ խնդրի վերաբերյալ։ Այդպիսով զարգացել են նրանց հաղորդակցական կարողությունները, սոցիալական զգայունությունը և հետազոտական հմտությունները։

Աշակերտները մաքրել են իրենց շրջապատը, ինչի արդյունքում ավելի լավ են հասկացել շրջակա միջավայրի՝ կենցաղային աղբով աղտոտվածության խնդիրը և  իրենց ներդրման անմիջական արդյունքը։ «Այդ փորձառությունը նպաստեց աշխատանքի արժևորմանը, թիմային պատասխանատվության ձևավորմանը և այն գիտակցմանը, որ փոքր գործողությունները կարող են ունենալ տեսանելի ազդեցություն։

․․․Միջոցառման ավարտից հետո առավել արժեքավոր արդյունքներից մեկը, որ ես արձանագրեցի, վերաբերում էր ոչ միայն ձեռք բերված գիտելիքներին, այլև այն ներքին փոփոխություններին, որոնք սկսեցին ձևավորվել սովորողների մոտ։ Նրանց խոսքում և առաջարկներում հստակ երևում էր, որ ձևավորվել է նախաձեռնողականություն և գործողության պատրաստակամություն։ Նրանք այլևս չէին սահմանափակվում քննարկումներով, այլ փորձում էին մտածել հաջորդ քայլերի մասին։ Այս իմաստով կարելի է նշել, որ միջոցառումը «սերմանեց» ակտիվության և պատասխանատվության այնպիսի հիմք, որը կարող է շարունակական զարգացում ունենալ ժամանակի ընթացքում։

Հատկապես կարևոր է, որ սովորողները ինքնուրույն ձևակերպեցին իրենց հաջորդ քայլը՝ գյուղում աղբի տեսակավորման գործընթացի կազմակերպումը։ Այս նախաձեռնությունը, թեև առաջին հայացքից կարող է թվալ փոքր, սակայն իր մեջ պարունակում է լուրջ փոփոխության ներուժ։

Այս գործընթացը լիովին հաստատում է այն գաղափարը, որ յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է անհատից։ Երբ սովորողը սկսում է իրեն ընկալել որպես գործողության սուբյեկտ, այլ ոչ թե պարզապես դիտորդ, ձևավորվում է այն մտածողությունը, որը կարող է բերել իրական սոցիալական փոփոխությունների։

․․․

Հատկապես կարևոր եմ համարում այն, որ ձևավորվեց արժեքային այնպիսի համակարգ, որտեղ գերակշռում են բնության նկատմամբ հոգատարությունը, սոցիալական պատասխանատվությունը և համագործակցությունը։ Սովորողները սկսեցին ավելի հստակ գիտակցել իրենց կապը շրջակա միջավայրի հետ և իրենց դերակատարությունը դրա պահպանման գործում»,- նշել է Ռոզա Կարապետյանը։

Ապրիլ 28, 2026 at 13:15