Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. խախտումներ են արձանագրվել «Շաքի» ՓՀԷԿ-ում

Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. խախտումներ են արձանագրվել «Շաքի» ՓՀԷԿ-ում

Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանում (ՓՀԷԿ) արձանագրվել են ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտումներ։ Դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման մասին, որի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Ստուգումների արդյունքում տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Շաքի» ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացվել է ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտմամբ։

Մասնավորապես արձանագրվել է, որ ընկերությունը գերազանցել է ջրօգտագործման սահմանված չափաքանակները՝ Շաքի գետից իրականացնելով 13 միլիոն 538 հազար 687 խմ ավելի ջրառ։ Բացի այդ, խախտվել են ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ինչպես նաև ջրօգտագործման ժամանակահատվածն ու ռեժիմը։

Խախտումների հետևանքով կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ազդեցության գնահատում, որի արդյունքում հաշվարկվել է շուրջ 27 միլիոն 77 հազար 374 դրամի չափով վնաս։

Ընկերության տնօրենի նկատմամբ նախատեսվում է կիրառել վարչական պատասխանատվություն։

Մայիս 15, 2026 at 12:33

Շիրակի մարզում 500 հեկտար անտառ կստեղծվի

Շիրակի մարզում 500 հեկտար անտառ կստեղծվի

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունն առաջիկա չորս տարիների ընթացքում Շիրակի մարզում համայնքային հողերում կստեղծվի 500 հեկտար անտառ։ Տնկումներին կհաջորդեն խնամքի և վերատնկման աշխատանքներ՝ ապահովելու տնկիների կենսունակությունը։ Այս մասին հայտնում են կազմակերպությունից։

Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝ հնգամյա գործառնական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ։ Համագործակցությունն իրականացվում է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից։

Ծրագրով նախատեսվում է Շիրակի մարզում իրականացնել անտառվերականգնման և ագրոանտառային պիլոտային համակարգերի ստեղծման աշխատանքներ։ Նախատեսվում է տնկումները սկսել 2026թ․ աշնանը։

Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ագրոանտառային պիլոտային նախագծեր ընտրված համայնքներում։ Մասնավորապես, նախատեսվում է ներդնել քամապաշտպան շերտեր, տարբեր մշակաբույսերի համատեղ աճեցման և սիլվոպաստորալ՝ անտառ-արոտավայրային համակարգեր։ Ծրագրի հեղինակների գնահատմամբ՝ նման լուծումները կարող են նպաստել մշակովի հողերի և արոտավայրերի վիճակի բարելավմանը, ինչպես նաև բարձրացնել հողի արտադրողականությունը։

Նշվում է, որ ծրագիրը հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ արոտավայրերը գերշահագործվում են, ինչի հետևանքով կենդանիները հաճախ արածում են նաև անտառային տարածքներում։ Արածեցման ավելի արդյունավետ կառավարման և հարմարեցված համակարգերի ներդրման միջոցով ակնկալվում է նվազեցնել ճնշումն անտառների վրա և բարելավել արոտավայրերի որակը։

Մայիս 15, 2026 at 10:21

Ինչպե՞ս է ԱԸՊ համակարգը փոխելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստանում. Էկոլուրի նոր տեսանյութը

Ինչպե՞ս է ԱԸՊ համակարգը փոխելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստանում. Էկոլուրի նոր տեսանյութը

Տեսանյութը ներկայացնում է Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի խնդիրները, Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման դեպքում սպասվող փոփոխությունները։ 

Տեսանյութում Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը խոսում է Հայաստանում թափոնների վերամշակման հիմնական խոչընդոտների մասին։ Նրա խոսքով՝ ոլորտում բացակայում են  խրախուսման մեխանիզմները, սակայն ԱԸՊ համակարգի ներդրումը կարող է խթանել մրցակցությունն ու վերամշակման ոլորտի զարգացումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացնում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի էությունը։ 

Տեսանյութը նաև անդրադառնում է հնարավոր տնտեսական ազդեցություններին, մասնավորապես՝ ապրանքների գների փոփոխության հարցին, ինչպես նաև ընդգծում համայնքների և քաղաքացիների կարևոր դերը թափոնների տեսակավորման գործում։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։



Մայիս 15, 2026 at 11:33

Ժամանակավորապես կպարզեցվի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար:

Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում: 

 

Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից: 

 

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը: 

 

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ – Ecolur

Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը՝ «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովին, որը կազմակերպվել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը» ենթածրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։



Մայիս 14, 2026 at 16:53

Թափոնների կառավարման ի՞նչ խնդիրների է բախվում Մեծամոր համայնքը, և ի՞նչ խնդիրներ կլուծի ԱԸՊ համակարգի ներդրումը

Թափոնների կառավարման ի՞նչ խնդիրների է բախվում Մեծամոր համայնքը, և ի՞նչ խնդիրներ կլուծի ԱԸՊ համակարգի ներդրումը

Արմավիրի Մեծամոր բնակավայրը թափոնների տեսակավորման յուրօրինակ փորձ ունի։ Այստեղ տեսակավորված պլաստիկի, ստվարաթղթի և թղթի վաճառքից գոյացած գումարը «Մաքրություն» ՍՊԸ-ն, որը իրականացնում է Մեծամոր համայնքի աղբահանությունը, փոխանցում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Սա մեծամորցիներին մոտիվացնում է տեսակավորելու թափոնները։ 

Ըստ  Մեծամորի համայնքապետարանի Կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ Արմեն Մխիթարյանի՝ ընդհանուր կոշտ կենցաղային թափոններից Մեծամոր քաղաքում տեսակավորվում է 15% վերամշակելի թափոն։ Այս մասին նա ասաց Մեծամորում Էկոլուրի և Մեծամորի համայնքապետարանի համատեղ կազմակերպած Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպման ժամանակ։ 

ԱԸՊ-ն տասնյակ տարիներ Եվրոպայում գործող համակարգ է, որտեղ արտադրողը, ներմուծողը վճարում են իրենց վաճառած որոշակի ապրանքների օգտագործումից առաջացած թափոնների տեսակավորման, վերամշակման և օգտահանման համար։ Հայաստանը ևս պատրաստվում է ներդնել այս համակարգը։

Թափոնների  տեսակավորումը ԱԸՊ համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, որտեղ իրենց անմիջական մասնակցությունը պետք է ունենան բնակիչները՝ կատարելով թափոնների առաջնային տեսակավորում։ Մեծամոր խոշորացված համայնքում դեռ միայն Մեծամոր բնակավայրն է որոշակի թափոններ տեսակավորում։ Համայնքի մնացած 30 բնակավայրում անելիքներ շատ կան։ Այստեղ ոչ միայն տեսակավորում չկա, այլև մի շարք փոքր բնակավայրերում աղբամաններ էլ չկան։ «Բնակավայրերի մեծ մասում չունենք աղբամաններ, կան բնակավայրեր, որ շատ փոքր են, այս պահին նպատակահարմար չէ աղբամաններ տեղադրելը: Աղբամաններ հիմնականում տեղադրված են մեծ բնակավայրերում: Կա նաև աղբամանից ճիշտ օգտվելու խնդիր, աշխատում ենք այդ ուղղությամբ, որ բոլորը հասկանան՝ ամեն ինչ չէ, որ պետք է թափես աղբաման: Հուսով եմ, որ կհասնենք արդյունքի և աղբահանությանն ավելի լուրջ կվերաբերվենք», – ասաց Արմեն Մխիթարյանը։

Աղբահանության ծառայության որակի բարձրացման համար ֆինանսներ են պետք։ Ըստ Արմեն Մխիթարյանի՝ նախկինում աղբահանության վճարը 150 դրամ էր յուրաքանչյուր անձի համար, այժմ 200 դրամ է։ Սակայն այս գումարն անբավարար է աղբահանության ողջ շղթայի ծախսածածկում ապահովելու համար։ Դրա համար, ըստ փորձագիտական հաշվարկների, առնվազն 500 դրամ պետք է վճարի յուրաքանչյուր բնակիչ:

Համայնքի տարածքում գտնվող աղբավայրերը փակվել են։ Մեծամոր համայնքի կոշտ կենցաղային թափոնները՝ տարեկան 16753 տոննա, տեղափոխվում են Արմավիրի համայնքային աղբավայր, ինչի դիմաց Մեծամորի համայնքապետարանն Արմավիրի համայնքապետարանին տարեկան վճարում է մոտ 50 միլիոն դրամ։ 

Ըստ Արմեն Մխիթարյանի ներկայացրած տվյալների՝  աղբավայրում տեղադրվող թափոնների կազմում շահագործումից դուրս եկած անվադողերը 20% են կազմում, էլեկտրոնային թափոնների 90%-ն է հայտնվում աղբավայրում, փաթեթավորման թափոնների՝ 30%-ը: ԱԸՊ համակարգի ներդրման պարագայում այս թափոնները պետք է տեսակավորված հավաքվեն և չեն հայտնվի աղբավայրում։ Որքան քիչ լինի աղբավայր ուղղվող աղբի ծավալը, այնքան համայնքը միջոցներ կխնայի։ Այս առումով ԱԸՊ համակարգի ներդրումը դրական ազդեցություն կունենա ինչպես Մեծամոր համայնքում թափոնների կրճատման, այնպես էլ համայնքային բյուջեի տնտեսումների առումով։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մայիս 14, 2026 at 14:30

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնումը՝ որպես գլոբալ նպատակների իրականացման գործիք

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնումը՝ որպես գլոբալ նպատակների իրականացման գործիք

Մայիսի 8-ին Երևանում մասնագիտական հանրույթը քննարկեց Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը՝ կենտրոնանալով բնության հատուկ պահպանվող տարածքների, ագրոկենսաբազմազանության և ագրոէկոլոգիայի վրա։ Նաև քննարկվեց գենդերային հավասարության ինտեգրումը պահպանվող տարածքների և ագրոկենսաբազմազանության կառավարման մեջ։

Քննարկումը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ «Կանանց դերի բարձրացում Հայաստանի պահպանվող տարածքներին սահմանակից բնակավայրերում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) միջազգային կազմակերպության կողմից։

Կլոր սեղանին մասնակցեցին պետական, միջազգային, գիտակրթական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը հաստատվել է  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի N100-Լ հրամանով։ Մինչ փաստաթղթի ընդունումը շրջանառվում էր կենսաբազմազանության ռազմավարական փաստաթուղթ, սակայն, քանի որ կառավարման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ռազմավարական կառավարման նոր համակարգի անցում, մշակվում են ռազմավարություններ 6 ուղղություններով։ Այդ պատճառով կենսաբազմազանության առանձին ռազմավարություն չի ընդունվել, այլ ընդունվել է նախարարի հրամանը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարի հրամանի՝ Հայաստանն ունի 5 ռազմավարական նպատակ և 30 թիրախ, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4 նպատակներից և 23 թիրախներից։ 

Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակն ընդունվել է 2022 թվականին՝ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում։  Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի համաձայն մինչև 2030 թվականն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։

Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը, թեպետ ունի հնարավորություն հասնելու գլոբալ թիրախին՝ 30 տոկոսին։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրեց Հայաստանում 30×30 թիրախին հասնելու ճանապարհին մարտահրավերներն ու հնարավորությունները։ Նա նշեց, որ այստեղ առանցքային դերակատարում ունի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի (ԲՀՊՏ) ընդլայնումը։

Հայաստանում ԲՀՊՏ-ների ներկա ծածկույթը 386,355 հեկտար է կամ երկրի ողջ ծածկույթի 13․1 տոկոսը։ 2012 թվականից ԲՀՊՏ-ների ամբողջ տարածքն ընդլայնվել է 88,600 հեկտարով՝ 3 տոկոսով։ Այժմ կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է  դեռ 2006 թվականին։ Սակայն ներկայացված չեն Բնության պահպանության միջազգային միության (IUCN)  V և VI կատեգորիաները։ Ոչինչ առկա չէ բուֆերային գոտու, էկոլոգիական միջանցքի և կենսոլորտային արգելոցի մասին։ Ոչինչ առկա չէ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների (OECM), պահպանվող տարածքների, Էմերալդ տարածքի և այլնի մասին։

2026թ․ ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Այն այժմ Ազգային ժողովում է։

Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա ԲՀՊՏ-ի նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։

Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։

Ըստ Կարեն Մանվելյանի՝ «Տաթև» և «Ջերմուկ» ազգային պարկերի ստեղծմամբ ԲՀՊՏ-երի ամբողջ տարածքը կընդլայնվի 9,800 հեկտարով։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների ծածկույթը կկազմի 396,155 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 13.3 տոկոսը։ Կլինեն 3 պետական արգելոց, 6 ազգային պարկ, 23 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։ Նաև ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բնապահպանական տարածքների ծածկույթը (OECM) կհասնի 151,035 հեկտարի՝ երկրի ողջ տարածքի 5.1 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների և բնապահպանական տարածքների ակնկալվող ամբողջ ծածկույթը կկազմի 547,190 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 18.4 տոկոսը։

Կարեն Մանվելյանը նշեց, որ կարևոր կենսաբազմազանության տարածքների, Էմերալդ տարածքների, պետական անտառային հողերում ԲՀՊՏ-ների կամ OECM տարածքների ստեղծման դեպքում ամբողջ ծածկույթը կարող է հասնել երկրի ողջ տարածքի 30 տոկոսի՝ ընդգրկելով 270,000 հեկտար ԲՀՊՏ-ներ և OECM տարածքներ։

Մայիս 12, 2026 at 17:48

Կանցկացվի «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը

Կանցկացվի «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը

Սույն թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսյան մասնաշենքի դասախոսական սրահում (1-ին հարկ, «Faculty Lounge», Մարշալ Բաղրամյան 40, ք. Երևան), տեղի կունենա «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը։

Համաժողովի նպատակն է քաղաքացիական հասարակությանն իրազեկել Հայաստանում ներդրվող Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի մասին, որը ԵՄ և այլ երկրներում լայն տարածում ունեցող թափոնների կառավարման հաջողված գործիքներից է։ Միաժամանակ, ԱԸՊ-ն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստանձնած պարտավորություններից է։

Համաժողովի բանախոսներ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը կներկայացնեն ինչպես ԱԸՊ գործիքը, այնպես էլ  ԱԸՊ համակարգի բնապահպանական ու տնտեսական ազդեցությունը, համայնքների հետ իրազեկման աշխատանքների արդյունքները։ Համաժողովի ընթացքում կհավաքագրվեն կարծիքներ և առաջարկություններ համակարգի բարեհաջող ներդրման համար։

Համաժողովը կազմակերպվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը» ենթածրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության գործիքներով

Մայիս 12, 2026 at 16:40

Մեկնարկել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի գրանցման գործընթացը

Մեկնարկել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի գրանցման գործընթացը

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) պաշտոնական կայքում հրապարակվել է Երևանում անցկացվելիք COP17 համաժողովի մասնակցության գրանցումների, ֆինանսական աջակցության, հարակից միջոցառումների և տաղավարային տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։  

CBD քարտուղարության հրապարակած 2026-041 ծանուցմամբ մեկնարկել է մասնակիցների գրանցման և պատվիրակությունների ներկայացման գործընթացը։ Կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և դիտորդ կազմակերպություններին առաջարկվում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղարություն մինչև 2026թ․ սեպտեմբերի 15-ը ներկայացնել իրենց պատվիրակությունների տվյալները։ Միաժամանակ Կոնվենցիայի գործընթացներին կողմերի մասնակցությունը խթանող հատուկ կամավորական վստահության հիմնադրամին կատարվող ներդրումների առկայության դեպքում զարգացող երկրների, փոքր կղզիային պետությունների և անցումային տնտեսություն ունեցող երկրների ներկայացուցիչների համար նախատեսվում է նաև ֆինանսական աջակցության հնարավորություն, որի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։

CBD նիստերին որպես դիտորդ արդեն հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչների գրանցումը կախված է CBD գործադիր քարտուղարին ուղղված պաշտոնական նամակի ստացումից, որում նշված են նրանց պատվիրակության անունները և կոնտակտային տվյալները, և հստակ նշված է այն հանդիպման կամ հանդիպումների վերնագիրը, որոնց նրանք ցանկանում են մասնակցել։ Նամակը պետք է քարտուղարություն ներկայացվի էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով՝ մինչև 2026թ․ սեպտեմբերի 15-ը։

Ծանուցմամբ սահմանվել են նաև դիտորդի կարգավիճակ ստանալու պայմանները նոր կազմակերպությունների համար։ Դրանք պետք է մինչև 2026թ․ օգոստոսի 31-ը CBD քարտուղարություն ներկայացնեն պաշտոնական դիմում, կազմակերպության իրավական փաստաթղթերը և կենսաբազմազանության ոլորտում գործունեությունը հիմնավորող տեղեկություններ։ 

Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների կազմակերպությունների համար ֆինանսական աջակցության դիմումների վերջնաժամկետը սահմանվել է 2026թ․ հուլիսի 1-ը։ Պատշաճ կերպով կքննարկվեն միայն բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների կողմից CBD-ին հավատարմագրված կազմակերպությունների դիմումները: Բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին ներկայացնող նոր կազմակերպությունները, որոնք ցանկանում են դիմել Կամավորական հիմնադրամին (VB վստահության հիմնադրամ), պետք է հավատարմագրման ընթացակարգերն ավարտեն մինչև 2026թ․ հունիսի 26-ը:

Վերը նշված հանդիպումների համար առցանց գրանցումը նախատեսվում է բացել 2026թ․ մայիսի 15-ին: Գրանցման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, իսկ մասնակիցներին խրախուսվում է գրանցվել հնարավորինս վաղ ժամկետներում։  

Միաժամանակ հրապարակված 2026-042 ծանուցմամբ մեկնարկել է COP17-ի շրջանակում անցկացվելիք հարակից միջոցառումների, ցուցահանդեսային և տաղավարային տարածքների հայտագրման գործընթացը։ Հարակից միջոցառումների առցանց հայտերը կընդունվեն մինչև 2026թ․ հունիսի 30-ը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առաջնահերթությունը կտրվի մի քանի գործընկերների կողմից համատեղ կազմակերպվող միջոցառումներին։

Բացի այդ, կազմակերպություններին և երկրներին առաջարկվում է առևտրային հիմունքներով վարձակալել տաղավարային և ցուցահանդեսային տարածքներ, ինչպես նաև առանձին երկրների գրասենյակներ։ Տարածքների նկատմամբ մեծ պահանջարկի պատճառով հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան 2026թ․ մայիսի 25-ը։ Հայտերի հաստատումները նախատեսվում է ավարտել մինչև հունիսի 5-ը։

CBD քարտուղարությունը նաև տեղեկացրել է, որ համաժողովի մասնակիցների համար նախատեսված տեղեկատվական ուղեցույցն արդեն հասանելի է պաշտոնական կայքում և շարունակաբար կթարմացվի նոր կազմակերպչական մանրամասներով։ 

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության գործիքներով

Մայիս 11, 2026 at 14:49