Սևանա լճի ափին ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը

Սևանա լճի ափին ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը

Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ 

Առանձնատան վերաբերյալ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը ներկայում գտնվում է դատարանի վարույթում։

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի և հյուրանոցի քոթեջների վերաբերյալ։

Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում՝ 2025թ․ դեկտեմբերից մինչև 2026թ․ հուլիսի 1-ը Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել կամ դադարեցվել է 2 պայմանագիր։

Սեպտեմբեր 15, 2026 at 12:18

«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը

«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը

Տավուշի մարզի դատախազության հայցերի հիման վրա «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ ընդհանուր 1.75 հեկտար մակերեսով երկու հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան էր դիմել՝ պահանջելով հարկադիր կերպով դադարեցնել երկու ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքը։ 0.5 հեկտար և 1.25 հեկտար մակերեսով հողատարածքների շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 119.6 միլիոն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026թ․ հուլիսի 23-ի և 24-ի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել, ինչի արդյունքում նշված հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Սեպտեմբեր 15, 2026 at 12:00

«Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ Ծավի ջրում սնդիկի վերաբերյալ

«Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ Ծավի ջրում սնդիկի վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրում սնդիկի բարձր պարունակության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է․«Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։ Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից»։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ծավում իրականացրել է ջրի նմուշառում և արձանագրել, որ սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է:

Մինչև ջրի որակի վերականգնումը, Առողջապահության նախարարությունը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

 

Սեպտեմբեր 14, 2026 at 17:40

Երևանում քննարկվել է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

Երևանում քննարկվել է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

2026թ․ սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Innovate Armenia-ի կողմից կազմակերպված «Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա» խորագրով համաժողովը։

Միջոցառումը համախմբել էր շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության ոլորտների մասնագետների՝ ընդգծելով շրջակա միջավայրի և մարդու առողջության միջև անմիջական կապը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց մասնագիտական փորձն ու դիտարկումները՝ անդրադառնալով օդի և ջրի որակին, շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված առողջապահական ռիսկերին, հանրային և թվային առողջությանը, վերականգնվող էներգիային և մարդու բարեկեցության վրա դրանց ազդեցությանը։

Համաժողովին բանախոսություններով հանդես եկան Vickino-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի թվային առողջապահության ասոցիացիայի (AADH) նախագահ դոկտոր Վիկեն Օհաննեսյանը, Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, շրջակա միջավայրի փորձագետ Գայանե Գաբրիելյանը, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության «Մակերևութային ջրեր» փորձագիտական թիմի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Հոհենբլումը, Volta-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Ucar Motors-ի հիմնադիր Նորայր Դումոյանը, թերապևտ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (MD) Լամարա Մանուկյանը և կենսաբազմազանության, շրջակա միջավայրի քաղաքականության և կառավարման փորձագետ Ալլա Ալեքսանյանը։

Վերջինս ներկայացրեց «Կենսաբազմազանություն և առողջություն» թեման՝ ընդգծելով, որ այն, որպես միջոլորտային խնդիր, գլոբալ մակարդակում գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում և միաժամանակ պահանջում է առավել մեծ ուշադրություն ու կոնկրետ գործողություններ ազգային մակարդակում։  

Սեպտեմբեր 14, 2026 at 11:51

Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն ունի հաղթող

Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն ունի հաղթող

«Այսօր մենք ազդարարում ենք, որ ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներով։ Արդեն ունենք մեր պահանջներին համահունչ՝ չինական, արաբական և հայկական կոնսորցիում», – հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ի Երևանի ավագանու նիստում։

«Սա կարևոր ընթացք է, որովհետև նախկինում այս գործընթացում հաջողություն չենք ունեցել։ Ինքը շարունակում է մնալ բարդ գործընթաց,  բայց մենք մի կարևոր կետի հասել ենք։ Պետք է մանրամասնենք նրանց աշխատանքների ծավալն ու համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք», – նշեց քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության ժ/պ Սիրարփի Հայկազյանը հավելեց, որ մրցույթի հիմնական գաղափարն է եղել, որ հաղթողը հանդես գա նախագծման, կառուցման, շահագործման առաջարկով, և ինքն էլ կատարի ներդրումը։ «Փոխարենը քաղաքը պատրաստ էր հանձնել ամբողջ աղբը, որը գեներացվում է։ Սա բավական մեծ ներդրում է քաղաքի կողմից։ Ներկայում բանակցություններ ենք  վարում հաղթող կազմակերպության հետ, կառուցապատման պայմանագիր պետք է կնքվի», – նշեց Սիրարփի Հայկազյանը։

 

 

 

 

Սեպտեմբեր 14, 2026 at 16:53

ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

2026թ․ օգոստոսին Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ 

Հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները։

Նրա խոսքով՝ COP17-ը կանցկացվի երկու հիմնական հարթակներում՝ Կապույտ և Կանաչ գոտիներում։ Կապույտ գոտում պետական պատվիրակությունները կանցկացնեն պաշտոնական բանակցություններ և կընդունեն որոշումներ, իսկ Կանաչ գոտին նախատեսված է ավելի լայն հանրային մասնակցության համար։

Այստեղ հնարավորություն կունենան հանդիպելու քաղաքացիական հասարակության, բիզնեսի, գիտական համայնքի, երիտասարդների, կանանց և այլ խմբերի ներկայացուցիչներ՝ կազմակերպելով միջոցառումներ, ներկայացնելով իրենց փորձն ու խնդիրները և ձևավորելով համագործակցություններ։

2022թ․ COP15-ի շրջանակում ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Փաստաթղթի հիմնական նպատակներից է մինչև 2030թ․ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և քայլեր ձեռնարկել դրա վերականգնման ուղղությամբ։ COP17-ի ընթացքում նախատեսվում է գնահատել, թե երկրներն ինչ առաջընթաց են արձանագրել գլոբալ շրջանակի թիրախների իրականացման ուղղությամբ։ Այդ նպատակով երկրները Կոնվենցիայի քարտուղարություն են ներկայացրել ազգային զեկույցներ, որոնց հիման վրա կիրականացվի գլոբալ վերանայումը։ Նախնական տվյալներով՝ Երևանում նախատեսվում է քննարկել 51 փաստաթուղթ։

Կունմին-Մոնրեալի շրջանակի առանցքային թիրախներից մեկը մինչև 2030թ․ Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանումն է։ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ այդ մոտեցումը վերաբերում է նաև առանձին երկրներին, սակայն Հայաստանն իր ազգային ծրագրում սահմանել է այլ ցուցանիշ։

2026թ․ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագիրը, որն ունի 5 նպատակ և 30 թիրախ։ Դրանք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախներից և վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների ապահովմանը։

Հայաստանի ազգային ծրագրով մինչև 2030թ․ նախատեսվում է պահպանվող տարածքների մասնաբաժինը հասցնել երկրի տարածքի 20 տոկոսին։ Այս թիրախին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերը, ինչպես նաև Դիլիջան կենսոլորտային տարածքը։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին։

Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց համայնքների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանության գործընթացներին։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում համայնքը դիտարկվում է ոչ միայն որպես բնական ռեսուրսների օգտագործող, այլև որպես դրանց պահպանության մասնակից, ավանդական գիտելիքի կրող և բնապահպանական որոշումների կայացման գործընթացի կողմ։

Նրա խոսքով՝ համայնքների մասնակցությունը կարևոր է նաև բնապահպանական կրթության և հանրային վերահսկողության ապահովման տեսանկյունից։

Եղեգնաձորի տարածաշրջանը Հայաստանի հարավային հատվածի կարևորագույն էկոլոգիական միջանցքներից է։ Այն ապահովում է կենդանիների տեղաշարժը երկրի կենտրոնական և հարավային լեռնային էկոհամակարգերի միջև՝ միացնելով կենսաբազմազանության մի շարք առանցքային տարածքներ, այդ թվում՝ Ջերմուկ ջրաբանական արգելավայրի շրջակայքը, Խոսրովի անտառ պետական արգելոցի հարավային հատվածները և Զանգեզուր կենսոլորտային համալիրը։

Տարածաշրջանում հանդիպում են բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, վայրի խոզ, գայլ, աղվես, գորշ արջ և նապաստակներ։ Թռչնատեսակներից հանդիպում են լորը, քարակաքավը, անգղը և արծիվը, այդ թվում՝ բերկուտը։ Ձկներից տարածված են կարմրախայտը, բեղլուն և կողակը։

Տարածաշրջանին բնորոշ են նաև կիսաանապատային, մամռածածկ և բարձր լեռնային լճակների ու գոտիների էկոհամակարգերը, որոնք նպաստում են տարատեսակ կենսամիջավայրերի ձևավորմանը։

Վիկտորյա Բուռնազյանը անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզի Թեքսարի տարածքին։ Թեքսարի տարածքում, որտեղ գտնվում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրը։

«EU4Environment» ծրագրի շրջանակում առաջարկվում է Թեքսար AM0000029 Էմերալդ թեկնածու տարածքը՝ 11 381,29 հա մակերեսով։ Տարածքում առանձնացվել է 16 թիրախ կենսամիջավայր, ինչպես նաև մեկ բուսատեսակ՝ ռուսական իժախոտը (Echium russicum), 31 թռչնատեսակ և 11 կաթնասունների տեսակ, որոնց պահպանությունն առաջարկվում է ապահովել տարածքի շրջանակում։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:47

COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ (CBD COP17) 2026թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում քննարկվել է միջազգային բնապահպանական կազմակերպությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցության օրակարգը։

«Դեպի ներառական և ազդեցիկ CBD COP17․ Հայաստանի կառավարության, միջազգային բնապահպանական ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդում» խորագրով հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի օրակարգը, նախորդ COP-ների փորձը և COP17-ի ընթացքում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման հնարավորությունները։ Հանդիպումը նախաձեռնվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային բնապահպանական կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ասիական զարգացման բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Վարդան Կարապետյանը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) գործադիր տնօրեն Նունե Հարությունյանը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հայաստանի դերն էր՝ որպես CBD COP17-ի նախագահող երկիր, ինչպես նաև առաջիկա համաժողովի՝ կենսաբազմազանության պահպանության գլոբալ գործընթացի վրա փոխակերպող ազդեցություն ունենալու հնարավորությունները։

Նախորդ COP-երի փորձը՝ COP17-ի համար

Միջազգային գործընկերները ներկայացրել են նախորդ Կողմերի համաժողովների իրենց փորձը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է COP17-ը դարձնել ավելի ներառական, արդյունավետ և թափանցիկ գործընթաց։ Environmental Defense Fund (EDF)-ի միջազգային գործընկերությունների գծով ավագ տնօրեն Էնի Մարքը, The Nature Conservancy-ի՝ Եվրոպայում կենսաբազմազանության քաղաքականության ղեկավար Անդրաս Կրոլոպը, Rare Europe-ի գործադիր տնօրեն Ուլի Գրեբեները և Earth Insight-ի դիվանագիտական հարցերով ավագ մասնագետ Իգնասիո Արոնիսը ներկայացրել են իրենց փորձն ու դիտարկումները։

Քննարկման առանցքում եղել են նախորդ COP-ներից քաղված դասերը, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության ներգրավման ձևերը և միջազգային բնապահպանական կազմակերպությունների դերակատարումը COP-երի ընթացքում։

Առանձին անդրադարձ է կատարվել COP15-ի և COP16-ի ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավման մոդելներին։ Մասնակիցները քննարկել են նաև այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կարող են նպաստել գործընթացների թափանցիկության, հասանելիության և լեգիտիմության ապահովմանը։

Միջազգային բնապահպանական կազմակերպությունների հնարավոր ներդրումը քննարկվել է նաև Հայաստանի Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP), Kunming-Montreal Global Biodiversity Framework (KM-GBF)-ի թիրախների իրականացման, կենսաբազմազանության ֆինանսավորման, հաղորդակցության և շահագրգիռ կողմերի ներգրավման տեսանկյունից։

Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել այն հարցը, թե ինչպես ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը COP17-ի նախապատրաստական և բուն գործընթացներին։

Օրակարգում նախատեսված հաջորդ քննարկումներից է համակարգման մեխանիզմների և ներգրավման մոդելների ձևավորումը։ Այս համատեքստում կարևորվում է միջազգային ոչ կառավարական ՀԿ-ների դերը՝ բազմաշահառու համագործակցության և ամբողջ հասարակության մասնակցության վրա հիմնված մոտեցումների ձևավորման ու աջակցության գործում։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:19

Սնդիկի բարձր պարունակություն՝ Ծավ բնակավայրի ջրում․ ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից

Սնդիկի բարձր պարունակություն՝ Ծավ բնակավայրի ջրում․ ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար։

Սեպտեմբեր 14, 2026 at 13:41

Քաղաքացիական հասարակության ձայնը՝ CBD COP17-ին․ ստեղծվել է նոր հարթակ

Քաղաքացիական հասարակության ձայնը՝ CBD COP17-ին․ ստեղծվել է նոր հարթակ

CBD COP17-ի շրջանակում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու օրակարգը ներկայացնելու նպատակով Էկոլուրը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել է «Քաղաքացիական հասարակության ձայնը՝ CBD COP17-ին» հարթակը։ 

Հարթակի նպատակն է մեկտեղել և հանրայնացնել քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները, առաջարկներն ու գործողությունները՝ կապված վայրի բնության, բնական պաշարների, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, մշտադիտարկման և կայուն օգտագործման հետ։

Նորաստեղծ հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և կազմակերպություններին ներկայացնել իրենց գործունեությունն ու նախաձեռնությունները՝ կապված կենսաբազմազանության պահպանության և բնության պաշտպանության հետ։

Հարթակի միջոցով հնարավոր է ներկայացնել կազմակերպության կամ նախաձեռնության միջոցառումները, կիսվել իրականացված գործողությունների և արշավների մասին տեղեկություններով, տարածել լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր, ինչպես նաև տեղեկանալ այլ նախաձեռնությունների մասին և միանալ դրանց։

Հարթակը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կազմակերպությունների և նախաձեռնությունների համար։

Սեպտեմբեր 12, 2026 at 21:00

Ընդերքօգտագործման ոլորտը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրում

Ընդերքօգտագործման ոլորտը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրում

Հայաստանի Ազգային ժողովը օգոստոսի 25-ին ընդունեց կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը, որում առանձին անդրադարձ է կատարվում արդյունաբերական քաղաքականությանը և ընդերքօգտագործման ոլորտի զարգացմանը։

Ծրագրում նշվում է, որ արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի արտադրական բազայի տեխնոլոգիական և կառուցվածքային վերափոխմանը, մշակող արդյունաբերության ընդլայնմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանմանն ուղղված և ռեսուրսաարդյունավետ արտադրությունների զարգացմանը։

Ընդերքօգտագործման ոլորտում կառավարությունը նպատակ է դնում բարձրացնել արտադրողականությունը, կառավարման արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը։ Ըստ ծրագրի՝ պետք է ձևավորվի ներդրումների համար ավելի բարենպաստ և մրցունակ միջավայր, ինչը նպաստելու է ոլորտի ինտեգրմանը միջազգային արժեշղթաներին և ֆինանսական շուկաներին։ Իսկ հանքահումքային ռեսուրսների օգտագործումն ու ոլորտի տեխնոլոգիական արդիականացումը պետք է դառնան առաջնահերթություններ։  

Այդ նպատակով Կառավարությունը նախատեսում է կատարելագործել ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատու կառավարման մեխանիզմները՝ դրանք համապատասխանեցնելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ստանդարտի պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է կիրառել բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG չափանիշներ։

Ծրագրով նաև նախատեսվում է խթանել հայկական հանքարդյունաբերական 45 կազմակերպությունների ցուցակումը միջազգային բորսաներում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով։

Ընդերքօգտագործման ոլորտում նախատեսվող փոփոխություններից է ոլորտային լաբորատորիայի կարողությունների զարգացումը՝ այն միջազգային ISO/IEC 17025 ստանդարտին համապատասխանեցնելու և ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու նպատակով։

Կառավարությունը նախատեսում է նաև ստեղծել երկրաբանական ծառայություն և միասնական թվային տեղեկատվական շտեմարան։ Դրա միջոցով պետք է ապահովվի օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստրի, պաշարների պետական հաշվեկշռի, ընդերքօգտագործման իրավունքների, պաշարների շարժի և ոլորտային այլ տվյալների միասնական կառավարումն ու հասանելիությունը։

Նախատեսվում է նաև ամբողջությամբ թվայնացնել ընդերքօգտագործման ոլորտի վարչարարական գործընթացները՝ ներառյալ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրումը, երկարաձգումը, փոփոխությունն ու դադարեցումը։

Կառավարության ծրագիրը միաժամանակ նախատեսում է խթանել կանաչ տնտեսության զարգացումը՝ ռեսուրսարդյունավետ լուծումների ներդրման միջոցով։ Ներդրվելու են շրջանաձև տնտեսության սկզբունքներ ու մեխանիզմներ։ Նախատեսվում է աջակցել արդյունաբերական ձեռնարկությունների կանաչ փոխակերպմանը՝ էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող լուծումների, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման և ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ 

Բացի այդ, նախատեսվում է ձևավորել կենսագազի և կանաչ ջրածնի առնվազն մեկական արտադրական ենթակառուցվածք։

Սեպտեմբեր 08, 2026 at 15:04