Չեխական «Առնիկա»-ի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ

Չեխական «Առնիկա»-ի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հռչակված Եվրամիությանն ինտեգրման գործընթացը պետությունից և բիզնեսից պահանջում է քաղաքացիական հասարակության առջև թափանցիկություն և հաշվետվողականություն։ Սա երկարատև և բարդ գործընթաց է, որի ընթացքում մարդկանց մտածելակերպն ու կողմնորոշումները պետք է փոխվեն՝ ուղղվելով դեպի եվրոպական արժեքներ, թափանցիկության և հիմնարար ժողովրդավարական ազատություններ։

Համայնքների կյանքը հիմնականում կառուցված է ավանդական արժեքների վրա։ Այստեղ առաջնահերթությունները շատ առումներով նախապես որոշվում են՝ ելնելով բիզնեսի շահերից և պետական մարմինների կողմից այդ շահերին ցուցաբերվող աջակցությունից։

Այս համատեքստում հանքարդյունաբերության ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն տնտեսության մեջ, այլև համայնքների վրա ունեցած ազդեցության առումով։ Սակայն հենց համայնքներն են կոչված կարևոր դեր խաղալու կանաչ վերափոխման գործընթացում՝ զինված լինելով իրենց իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հասնելով հիմնարար փոփոխությունների այն հարցերում, որոնք վերաբերում են ոչ միայն զբաղվածությանը, այլև առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելուիրենց իրավունքներին։

Հայաստանում հանքարդյունաբերական և մետալուրգիական օբյեկտների կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում սկիզբ առած գիտական հետազոտություններից։ Դրանցից են, օրինակ, Մ. Ն. Ասլանյան, «Կապանի և Շահումյանի հանքավայրերի հետախուզման և շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման երկրաքիմիական գնահատականը», ՀՀ ԳԱԱ «Գիտություններ Երկրի մասին» հանդես, 1994 թ., հ. 47, № 3, էջ 61–62։

Գ. Ա. Դեմիրճյան, Ն. Է. Մովսիսյան, Կ. Ի. Փյուսկյուլյան, Օ. Ա. Բելյաևա, «Ռադիոլոգիական հետազոտություններ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական կենտրոններում», ՀՀ ԳԱԱ Շրջակա միջավայրի և էկոսֆերայի հետազոտությունների կենտրոն (ՇՄԷՀԿ), «Երկրաքիմիա», 2022 թ., հատոր 67, № 1, էջ 84–98։

Gabrielyan, G. Shannazaryan, S. Minasyan, «Distribution and Identification of Sources of Heavy Metals in the Voghji River Basin Impacted by Mining Activities (Armenia)» («Հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող Ողջի գետի ավազանում ծանր մետաղների տարածումն ու աղբյուրների նույնականացումը (Հայաստան)»), Journal of Chemistry, 2018 թ., հատոր 2018, հոդվածի նույնականացման համար՝ 7172426, էջ 1–9։

AUA Center for Responsible Mining, «Սյունիքի մարզի Քաջարան և Արծվանիկ համայնքների մանկապարտեզներում և դպրոցներում հողի և ջրի հետազոտության արդյունքները», 2016 թ.։

AUA Center for Responsible Mining, «Սյունիքի մարզի Կապան, Սյունիք և Աճանան համայնքների մանկապարտեզներում և դպրոցներում հողի և ջրի հետազոտության արդյունքները»։

Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական փոխակերպում» ծրագիրը, որն իրականացվել է «Առնիկա» չեխական ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի համագործակցությամբ, նպատակ չի դրվել շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտվածության միջինացված ցուցանիշների որոշումը, քանի որ համարվել է, որ նմանատիպ ուսումնասիրություններ նախկինում արդեն իրականացվել են։ Որոշվել է հետևել աղտոտման հետքին ՝ սկսած աղտոտման աղբյուրից մինչև մարդը՝  ներառելով ջուրը, հողը, տնամերձ հողամասերում աճեցված ուտելի բույսերը, ինչպես նաև մարդկանց կենսաբանական նյութերը, որոնք տվյալ սննդային շղթայի վերջնական օղակն են։

Այսպիսով, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ընտրված մոդելը հնարավորություն է տալիս գնահատել աղտոտման շղթաները ։

Հնարավոր է եզրակացություններ անել արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտների, պոչամբարների, թափոնների կուտակումների և այլ նմանատիպ աղբյուրների տեղային ազդեցության վերաբերյալ։

«Առնիկա»-ի ուսումնասիրությունը համապատասխանում է գիտական հոդվածներին ներկայացվող բոլոր պահանջներին․ ներկայացված են Կապանի և Քաջարանի տարածքների աղտոտվածության վերաբերյալ գրականության տվյալները և կիրառված մեթոդաբանությունը, իսկ ստացված արդյունքները մանրամասն նկարագրված են՝ լաբորատոր մատյանի մակարդակով։ Վերցված նմուշները տեղափոխվել են հատուկ տարաներով Պրահայում գտնվող՝ ISO/IEC 17025 ստանդարտով հավատարմագրված լաբորատորիա և ենթարկվել են վերլուծության՝ սնդիկի, կապարի, կադմիումի, պղնձի, նիկելի և մկնդեղի պարունակությունը որոշելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ պղնձով աղտոտվածությունը գերակշռել է Քաջարանի փոշու մեջ՝ հասնելով 998 մգ/կգ-ի, իսկ Արծվանիկի պոչամբարից ներքև գտնվող նստվածքներում հասնելով 2314 մգ/կգ-ի։ Նստվածքներում պղնձի պարունակությունն, ըստ հեղինակների,  11,7 անգամ գերազանցել է  Կանադայում սահմանված ջրային օրգանիզմների վրա ազդեցության հավանական մակարդակի (PEL) ցուցանիշը։

Մկնդեղի պարունակությունը Կապանի փոշու մեջ հասել է 25,4 մգ/կգ-ի, իսկ Քաջարանի հողում՝ 23,1 մգ/կգ-ի։ Հողում դրա խտությունը 38 անգամ գերազանցել է Չեխիայв6м սահմանած՝ բնակելի տարածքների համար նախատեսված մաքրման (դեկոնտամինացիայի) ցուցանիշը։

Բացի շրջակա միջավայրի նմուշներից, 62 բնակչից (42 կին և 20 տղամարդ) հավաքագրվել են մեզի նմուշներ, որոնցում ստուգվել է մկնդեղի, կադմիումի, պղնձի, սնդիկի, մոլիբդենի, նիկելի և կապարի պարունակությունը։

Բոլոր հետազոտված միզանմուշներում  հայտնաբերվել են՝ մկնդեղի – 3,97–35,8 մկգ/գ կրեատինին, մոլիբդենի՝ 27,14–438 մկգ/գ կրեատինին, նիկելի՝ 1,04–19,2 մկգ/գ կրեատինին։

Անշուշտ, ցանկացած գիտական եզրակացություն կարելի է վիճարկել՝ ներկայացնելով, օրինակ, սեփական տվյալները, համեմատելով կիրառված մեթոդաբանությունները և այլն։ Սակայն մի բան հստակ է․ ցանկացած տվյալ վկայելու է այն մասին, որ երկար ժամանակ արդյունաբերական օբյեկտների տարածքում և դրանց հարակից հատվածներում կուտակվել են առողջության համար վտանգավոր մետաղներ և տոքսիկ տարրեր, որոնք այնտեղ բնակվող մարդկանց առողջության համար ստեղծում են տոքսիկ միջավայր։

Տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում չեխ մասնագետները կիսվել են Չեխիայում և եվրոպական այլ երկրներում աղտոտված տարածքների վնասազերծման իրենց փորձով։

Այստեղ եզրակացությունն ակնհայտ է․ անհրաժեշտ է աշխատել աղտոտման կանխարգելման ուղղությամբ, այլ ոչ թե միայն դրա հետևանքների վերացման։ Հակառակ դեպքում ռիսկերը կարող են դառնալ անկառավարելի, կամ դրանց վերացումը կարող է չափազանց թանկ արժենալ և ընկնել պետության, այսինքն՝ մեր՝ հարկատուներիս ուսերին։

Սեպտեմբեր 16, 2026 at 13:25

Կլիմայական վտանգների հետևանքով 2025 թվականին ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունն խաթարվել է․ ՅՈՒՆԻՍԵՖ

Կլիմայական վտանգների հետևանքով 2025 թվականին ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունն խաթարվել է․ ՅՈՒՆԻՍԵՖ

www.unicef.org

Փոթորիկները, ջրհեղեղներն ու ջերմային ալիքները դպրոցների փակման, դասերի դադարեցման և կրթական գործընթացի այլ ընդհատումների պատճառ դարձած ամենատարածված կլիմայական վտանգներն են։

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 սեպտեմբերի, 2026 թ.  – ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով։

«Ընդհատված ուսումնառություն․ 2025 թվականին կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթության ընդհատումների համաշխարհային պատկերը» վերլուծությունն ամփոփում է 106 երկրների կամ տարածքների տվյալները և ցույց տալիս, որ կլիմայական վտանգները, այդ թվում՝ փոթորիկները, ջրհեղեղները, ջերմային ալիքները, երաշտներն ու անտառային հրդեհները, հանգեցրել են կրթական գործընթացի ընդհատման, դպրոցների վնասման, հեռավար ուսուցման անցման, ուսումնական ժամանակի կրճատման, դպրոց հաճախելիության նվազման և ամբողջ աշխարհում միլիոնավոր աշակերտների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկի մեծացման։

«Միլիոնավոր երեխաների համար կլիմայական վտանգները ոչ միայն ընդհատում են կրթական գործընթացը, այլև ավերում դպրոցները, ստիպում ընտանիքներին լքել իրենց բնակավայրերը: Արդյունքում առավել խոցելի երեխաները, հատկապես՝ աղջիկները, կարող են ընդմիշտ դուրս մնալ կրթական գործընթացից», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։

Վերլուծության համաձայն՝ անցյալ տարի կրթական գործընթացի ընդհատումների ամենատարածված պատճառը փոթորիկներն են եղել՝ ամբողջ աշխարհում ազդելով 109 միլիոն աշակերտի ուսումնառության վրա։ Ջրհեղեղներն խաթարել են առնվազն 70 միլիոն երեխայի, իսկ ջերմային ալիքները՝ 50 միլիոն երեխայի ուսումնառությունը։

Թեև կրթական գործընթացի ընդհատումներն ազդել են եկամտի տարբեր մակարդակ ունեցող աշակերտների վրա, վերջիններիս երեք քառորդը բնակվում է ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ կրթական համակարգերը հաճախ չունեն կլիմայական արտակարգ իրավիճակների ժամանակ ուսումնառության շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Տվյալների համաձայն՝ 40 երկրում կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթությունը տարվա ընթացքում մի քանի անգամ ընդհատվել է։ Օրինակ՝ Մադագասկարում տարվա ընթացքում երաշտների, արևադարձային ցիկլոնների և ջրհեղեղների մի քանի ալիք է գրանցվել, որոնք ազդել են 280,000 աշակերտի ուսումնառության վրա։ Իսպանիայի Վալենսիայի ինքնավար համայնքում խաթարվել է ավելի քանի 500,000 աշակերտի ուսումնառություն մարտին տեղի ունեցած փոթորիկների և դրան հետևած «Գաբրիել» հետարևադարձային ցիկլոնի հետևանքով։ Երկրի մյուս հատվածներում հազարավոր աշակերտների ուսումնառությունը խաթարվել է մայիսի և հունիսի ծայրահեղ շոգի և հոկտեմբերին տեղի ունեցած «Ալիս» փոթորկի հետևանքով։

Ուսումնառության խաթարում և կրթական գործընթացից դուրս մնալու բարձր ցուցանիշները կարող են նվազեցնել աշխատուժի արտադրողականությունը, դանդաղեցնել տնտեսական աճը և դժվարացնել աղքատության կրճատմանն ուղղությամբ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Զեկույցի համաձայն՝ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում 2025 թվականին կլիմայական վտանգների պատճառով դպրոցական կրթության ընդհատումներ ունեցած երեխաների՝ ողջ կյանքի ընթացքում ստացվելիք եկամուտների հնարավոր կորուստը կարող է կազմել առնվազն 200 միլիարդ ԱՄՆ դոլար։

Կլիմայական վտանգների հետևանքով դպրոցների աշխատանքի ընդհատման կամ փակման դեպքում աղջիկների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկն ավելի բարձր է։ Դպրոցների և սանիտարահիգիենիկ ենթակառուցվածքների վնասումը, տեղահանությունը և ընտանիքի եկամտի կորուստը կարող են աղջիկների վրա դնել ընտանիքի անդամների խնամքի և ջուր բերելու լրացուցիչ պարտականություններ։ Այս գործոնները կարող են նաև մեծացնել մանկական ամուսնության ռիսկը՝ ավելի դժվարացնելով աղջիկների վերադարձը դպրոց՝ դասերի վերսկսումից հետո։

Միևնույն ժամանակ, զեկույցում ներկայացված են արդեն իսկ կիրառվող գործնական լուծումներ, որոնք օգնում են պաշտպանել ուսումնառությունը կլիմայական վտանգների ազդեցությունից։ Դրանց թվում են կլիմայական դիմակայունության ներառումը կրթության ազգային պլանավորման մեջ, դպրոցական ենթակառուցվածքների ամրապնդումը, ընդհատումների ընթացքում և դրանցից հետո ուսումնառության շարունակականության ապահովումը, ինչպես նաև կլիմայական կրթության ներառումը ուսումնական ծրագրերում՝ երեխաներին և երիտասարդներին փոփոխվող աշխարհին հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու նպատակով։

Հիմնվելով արդեն իսկ արդյունավետորեն կիրառված այս մոտեցումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և գործընկերներին կոչ է անում ընդլայնել ջանքերը և կրթությունը պաշտպանել կլիմայական վտանգների առավել ծանր հետևանքներից՝

– ամրապնդելով կրթական համակարգերի կլիմայական դիմակայունությունը՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ուսումնառության շարունակականությունն ապահովելու համար,

– ավելացնելով կրթության դիմակայունությանն ուղղված ներպետական և միջազգային ֆինանսավորումը,

– ներդրումներ կատարելով կլիմայական վտանգներին դիմակայուն կրթական ենթակառուցվածքներում՝ սովորողներին և կրթության ոլորտի աշխատողներին պաշտպանելու համար,

– երեխաներին և երիտասարդներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ դիմակայունությունն ամրապնդելու և կլիմայական գործողություններին նպաստելու համար,

– ամրապնդելով կլիմայի և կրթության վերաբերյալ տվյալների համակարգերը՝ ընդհատումներն ավելի արդյունավետ կանխատեսելու, դրանց արձագանքելու և դրանց հետևանքները հաղթահարելու համար։

«Կլիմայական վտանգները սպառնում են երեխաների կյանքին և ապագային», – նշել է Ռասըլը։ «Այսօրվա երեխաների և ապագա սերունդների կրթությունը պաշտպանելու համար մենք պետք է ներդրումներ կատարենք այնպիսի դպրոցների և կրթական համակարգերի ստեղծման ու ամրապնդման մեջ, որոնք կարող են դիմակայել կլիմայական ցնցումներին»։

#####

Հիշեցնենք, որ ս․թ․ հունիսին հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026»-ի (Children’s Climate Risk Report 2026) համաձայն՝

– Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու վտանգի ազդեցության, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի։

– Ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

– Ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

Սեպտեմբեր 16, 2026 at 11:47

COP17-ին ընդառաջ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու համայնքների ձայնը. Էկոլուրի նոր տեսանյութը

COP17-ին ընդառաջ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու համայնքների ձայնը. Էկոլուրի նոր տեսանյութը

Մնացել է ընդամենը 33 օր և Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)։ Կոնվենցիայի կողմ 196 երկրների պատվիրակություններ կհավաքվեն Երևանում հոկտեմբերի 19-30-ին` որոշելու Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման ուղիները։

COP17-ին ընդառաջ Հայաստանում անցկացվում են տարբեր հանդիպումներ, աշխատաժողովներ և քննարկումներ՝ համաժողովին մասնակցության հնարավորություններին և կենսաբազմազանության օրակարգին ծանոթացնելու նպատակով։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպեց աշխատաժողով՝ նվիրված COP17-ի նախաշեմին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը։ 

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Էկոլուրը» շարունակել է նաև Հայաստանի համայնքներում։ Արմաշ, Դիլիջան, Սևան, Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքներ կատարած այցելությունների ընթացքում կազմակերպությունը հանդիպել է բնակիչների հետ՝ իրազեկել COP17-ի մասին, լսել նրանց առաջարկները։ 

Նոր տեսանյութում ներկայացվում են COP17-ին Հայաստանի նախապատրաստական գործընթացը, քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունները և համայնքների ձայնը՝ որպես կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ քննարկումների կարևոր բաղադրիչ։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:


https://www.youtube.com/watch?v=kjQjCvfkzjI

Սեպտեմբեր 15, 2026 at 15:28

Սևանա լճի ափին ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը

Սևանա լճի ափին ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը

Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ 

Առանձնատան վերաբերյալ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը ներկայում գտնվում է դատարանի վարույթում։

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի և հյուրանոցի քոթեջների վերաբերյալ։

Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում՝ 2025թ․ դեկտեմբերից մինչև 2026թ․ հուլիսի 1-ը Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել կամ դադարեցվել է 2 պայմանագիր։

Սեպտեմբեր 15, 2026 at 12:18

«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը

«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը

Տավուշի մարզի դատախազության հայցերի հիման վրա «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ ընդհանուր 1.75 հեկտար մակերեսով երկու հողատարածք վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան էր դիմել՝ պահանջելով հարկադիր կերպով դադարեցնել երկու ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքը։ 0.5 հեկտար և 1.25 հեկտար մակերեսով հողատարածքների շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 119.6 միլիոն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026թ․ հուլիսի 23-ի և 24-ի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել, ինչի արդյունքում նշված հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Սեպտեմբեր 15, 2026 at 12:00

«Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ Ծավի ջրում սնդիկի վերաբերյալ

«Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ Ծավի ջրում սնդիկի վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրում սնդիկի բարձր պարունակության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է․«Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։ Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից»։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ծավում իրականացրել է ջրի նմուշառում և արձանագրել, որ սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է:

Մինչև ջրի որակի վերականգնումը, Առողջապահության նախարարությունը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

 

Սեպտեմբեր 14, 2026 at 17:40

Երևանում քննարկվել է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

Երևանում քննարկվել է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

2026թ․ սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Innovate Armenia-ի կողմից կազմակերպված «Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա» խորագրով համաժողովը։

Միջոցառումը համախմբել էր շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության ոլորտների մասնագետների՝ ընդգծելով շրջակա միջավայրի և մարդու առողջության միջև անմիջական կապը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց մասնագիտական փորձն ու դիտարկումները՝ անդրադառնալով օդի և ջրի որակին, շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված առողջապահական ռիսկերին, հանրային և թվային առողջությանը, վերականգնվող էներգիային և մարդու բարեկեցության վրա դրանց ազդեցությանը։

Համաժողովին բանախոսություններով հանդես եկան Vickino-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի թվային առողջապահության ասոցիացիայի (AADH) նախագահ դոկտոր Վիկեն Օհաննեսյանը, Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, շրջակա միջավայրի փորձագետ Գայանե Գաբրիելյանը, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության «Մակերևութային ջրեր» փորձագիտական թիմի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Հոհենբլումը, Volta-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Ucar Motors-ի հիմնադիր Նորայր Դումոյանը, թերապևտ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (MD) Լամարա Մանուկյանը և կենսաբազմազանության, շրջակա միջավայրի քաղաքականության և կառավարման փորձագետ Ալլա Ալեքսանյանը։

Վերջինս ներկայացրեց «Կենսաբազմազանություն և առողջություն» թեման՝ ընդգծելով, որ այն, որպես միջոլորտային խնդիր, գլոբալ մակարդակում գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում և միաժամանակ պահանջում է առավել մեծ ուշադրություն ու կոնկրետ գործողություններ ազգային մակարդակում։  

Սեպտեմբեր 14, 2026 at 11:51

Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն ունի հաղթող

Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն ունի հաղթող

«Այսօր մենք ազդարարում ենք, որ ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներով։ Արդեն ունենք մեր պահանջներին համահունչ՝ չինական, արաբական և հայկական կոնսորցիում», – հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ի Երևանի ավագանու նիստում։

«Սա կարևոր ընթացք է, որովհետև նախկինում այս գործընթացում հաջողություն չենք ունեցել։ Ինքը շարունակում է մնալ բարդ գործընթաց,  բայց մենք մի կարևոր կետի հասել ենք։ Պետք է մանրամասնենք նրանց աշխատանքների ծավալն ու համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք», – նշեց քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության ժ/պ Սիրարփի Հայկազյանը հավելեց, որ մրցույթի հիմնական գաղափարն է եղել, որ հաղթողը հանդես գա նախագծման, կառուցման, շահագործման առաջարկով, և ինքն էլ կատարի ներդրումը։ «Փոխարենը քաղաքը պատրաստ էր հանձնել ամբողջ աղբը, որը գեներացվում է։ Սա բավական մեծ ներդրում է քաղաքի կողմից։ Ներկայում բանակցություններ ենք  վարում հաղթող կազմակերպության հետ, կառուցապատման պայմանագիր պետք է կնքվի», – նշեց Սիրարփի Հայկազյանը։

 

 

 

 

Սեպտեմբեր 14, 2026 at 16:53

ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

2026թ․ օգոստոսին Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ 

Հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները։

Նրա խոսքով՝ COP17-ը կանցկացվի երկու հիմնական հարթակներում՝ Կապույտ և Կանաչ գոտիներում։ Կապույտ գոտում պետական պատվիրակությունները կանցկացնեն պաշտոնական բանակցություններ և կընդունեն որոշումներ, իսկ Կանաչ գոտին նախատեսված է ավելի լայն հանրային մասնակցության համար։

Այստեղ հնարավորություն կունենան հանդիպելու քաղաքացիական հասարակության, բիզնեսի, գիտական համայնքի, երիտասարդների, կանանց և այլ խմբերի ներկայացուցիչներ՝ կազմակերպելով միջոցառումներ, ներկայացնելով իրենց փորձն ու խնդիրները և ձևավորելով համագործակցություններ։

2022թ․ COP15-ի շրջանակում ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Փաստաթղթի հիմնական նպատակներից է մինչև 2030թ․ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և քայլեր ձեռնարկել դրա վերականգնման ուղղությամբ։ COP17-ի ընթացքում նախատեսվում է գնահատել, թե երկրներն ինչ առաջընթաց են արձանագրել գլոբալ շրջանակի թիրախների իրականացման ուղղությամբ։ Այդ նպատակով երկրները Կոնվենցիայի քարտուղարություն են ներկայացրել ազգային զեկույցներ, որոնց հիման վրա կիրականացվի գլոբալ վերանայումը։ Նախնական տվյալներով՝ Երևանում նախատեսվում է քննարկել 51 փաստաթուղթ։

Կունմին-Մոնրեալի շրջանակի առանցքային թիրախներից մեկը մինչև 2030թ․ Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանումն է։ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ այդ մոտեցումը վերաբերում է նաև առանձին երկրներին, սակայն Հայաստանն իր ազգային ծրագրում սահմանել է այլ ցուցանիշ։

2026թ․ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագիրը, որն ունի 5 նպատակ և 30 թիրախ։ Դրանք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախներից և վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների ապահովմանը։

Հայաստանի ազգային ծրագրով մինչև 2030թ․ նախատեսվում է պահպանվող տարածքների մասնաբաժինը հասցնել երկրի տարածքի 20 տոկոսին։ Այս թիրախին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերը, ինչպես նաև Դիլիջան կենսոլորտային տարածքը։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին։

Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց համայնքների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանության գործընթացներին։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում համայնքը դիտարկվում է ոչ միայն որպես բնական ռեսուրսների օգտագործող, այլև որպես դրանց պահպանության մասնակից, ավանդական գիտելիքի կրող և բնապահպանական որոշումների կայացման գործընթացի կողմ։

Նրա խոսքով՝ համայնքների մասնակցությունը կարևոր է նաև բնապահպանական կրթության և հանրային վերահսկողության ապահովման տեսանկյունից։

Եղեգնաձորի տարածաշրջանը Հայաստանի հարավային հատվածի կարևորագույն էկոլոգիական միջանցքներից է։ Այն ապահովում է կենդանիների տեղաշարժը երկրի կենտրոնական և հարավային լեռնային էկոհամակարգերի միջև՝ միացնելով կենսաբազմազանության մի շարք առանցքային տարածքներ, այդ թվում՝ Ջերմուկ ջրաբանական արգելավայրի շրջակայքը, Խոսրովի անտառ պետական արգելոցի հարավային հատվածները և Զանգեզուր կենսոլորտային համալիրը։

Տարածաշրջանում հանդիպում են բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, վայրի խոզ, գայլ, աղվես, գորշ արջ և նապաստակներ։ Թռչնատեսակներից հանդիպում են լորը, քարակաքավը, անգղը և արծիվը, այդ թվում՝ բերկուտը։ Ձկներից տարածված են կարմրախայտը, բեղլուն և կողակը։

Տարածաշրջանին բնորոշ են նաև կիսաանապատային, մամռածածկ և բարձր լեռնային լճակների ու գոտիների էկոհամակարգերը, որոնք նպաստում են տարատեսակ կենսամիջավայրերի ձևավորմանը։

Վիկտորյա Բուռնազյանը անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզի Թեքսարի տարածքին։ Թեքսարի տարածքում, որտեղ գտնվում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրը։

«EU4Environment» ծրագրի շրջանակում առաջարկվում է Թեքսար AM0000029 Էմերալդ թեկնածու տարածքը՝ 11 381,29 հա մակերեսով։ Տարածքում առանձնացվել է 16 թիրախ կենսամիջավայր, ինչպես նաև մեկ բուսատեսակ՝ ռուսական իժախոտը (Echium russicum), 31 թռչնատեսակ և 11 կաթնասունների տեսակ, որոնց պահպանությունն առաջարկվում է ապահովել տարածքի շրջանակում։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:47

COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ (CBD COP17) 2026թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում քննարկվել է միջազգային բնապահպանական կազմակերպությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցության օրակարգը։

«Դեպի ներառական և ազդեցիկ CBD COP17․ Հայաստանի կառավարության, միջազգային բնապահպանական ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդում» խորագրով հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի օրակարգը, նախորդ COP-ների փորձը և COP17-ի ընթացքում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման հնարավորությունները։ Հանդիպումը նախաձեռնվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային բնապահպանական կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ասիական զարգացման բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Վարդան Կարապետյանը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) գործադիր տնօրեն Նունե Հարությունյանը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հայաստանի դերն էր՝ որպես CBD COP17-ի նախագահող երկիր, ինչպես նաև առաջիկա համաժողովի՝ կենսաբազմազանության պահպանության գլոբալ գործընթացի վրա փոխակերպող ազդեցություն ունենալու հնարավորությունները։

Նախորդ COP-երի փորձը՝ COP17-ի համար

Միջազգային գործընկերները ներկայացրել են նախորդ Կողմերի համաժողովների իրենց փորձը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է COP17-ը դարձնել ավելի ներառական, արդյունավետ և թափանցիկ գործընթաց։ Environmental Defense Fund (EDF)-ի միջազգային գործընկերությունների գծով ավագ տնօրեն Էնի Մարքը, The Nature Conservancy-ի՝ Եվրոպայում կենսաբազմազանության քաղաքականության ղեկավար Անդրաս Կրոլոպը, Rare Europe-ի գործադիր տնօրեն Ուլի Գրեբեները և Earth Insight-ի դիվանագիտական հարցերով ավագ մասնագետ Իգնասիո Արոնիսը ներկայացրել են իրենց փորձն ու դիտարկումները։

Քննարկման առանցքում եղել են նախորդ COP-ներից քաղված դասերը, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության ներգրավման ձևերը և միջազգային բնապահպանական կազմակերպությունների դերակատարումը COP-երի ընթացքում։

Առանձին անդրադարձ է կատարվել COP15-ի և COP16-ի ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավման մոդելներին։ Մասնակիցները քննարկել են նաև այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կարող են նպաստել գործընթացների թափանցիկության, հասանելիության և լեգիտիմության ապահովմանը։

Միջազգային բնապահպանական կազմակերպությունների հնարավոր ներդրումը քննարկվել է նաև Հայաստանի Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP), Kunming-Montreal Global Biodiversity Framework (KM-GBF)-ի թիրախների իրականացման, կենսաբազմազանության ֆինանսավորման, հաղորդակցության և շահագրգիռ կողմերի ներգրավման տեսանկյունից։

Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել այն հարցը, թե ինչպես ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը COP17-ի նախապատրաստական և բուն գործընթացներին։

Օրակարգում նախատեսված հաջորդ քննարկումներից է համակարգման մեխանիզմների և ներգրավման մոդելների ձևավորումը։ Այս համատեքստում կարևորվում է միջազգային ոչ կառավարական ՀԿ-ների դերը՝ բազմաշահառու համագործակցության և ամբողջ հասարակության մասնակցության վրա հիմնված մոտեցումների ձևավորման ու աջակցության գործում։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:19