Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեին հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 20-ին հանքարդյունաբերական ընկերությանը նախարարության կողմից տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, որի ժամկետը 2026 թվականի փետրվարի 8-ին ավարտվել է, սակայն ընկերությունը շարունակել է իր գործունեությունը։

Բացի այդ, մեկ այլ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 16-ին և 17-ին Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի լեռնահանքային համալիրի պոչամբարի տարածքից ապօրինի կերպով՝ առանց համապատասխան թույլտվության, բեռնատար ավտոմեքենաներով հանվել և Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական գործարանի տարածք է տեղափոխվել հողի բերրի շերտի մեծաքանակ զանգված՝ հետագայում ծառատունկ իրականացնելու ընթացքում օգտագործելու նպատակով:   

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը մեկ այլ ընկերության պոչամբարի տարածքից տրամադրել է 988,6 մետր քառակուսի մակերեսով սևահողային լեռնային զանգված՝ առաջացնելով հողի դեգրադացում:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 4 մլն 911 հզր 364 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Սեպտեմբեր 07, 2026 at 14:43

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

2026թ․ պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2026) աշխատանքների ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, նախատեսված ժամանակացույցի համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է Հայաստանի Հանրապետության միասնական էներգահամակարգին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից։

Էներգաբլոկի վերագործարկումն իրականացվել է սահմանված տեխնոլոգիական ընթացակարգերին համապատասխան՝ անհրաժեշտ ստուգումների և փորձարկումների հաջող ավարտից հետո։

ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվել է շուրջ 20 համալիր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հիմնական համակարգերի և սարքավորումների հուսալիության բարձրացմանը, դրանց շահագործման ժամկետների երկարացմանը, ինչպես նաև անվտանգության մակարդակի շարունակական կատարելագործմանը։

«Վերանորոգման ընթացքում կատարվել են հիմնական և օժանդակ սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկման, վերանորոգման, արատորոշման և ստուգման աշխատանքներ։ Միաժամանակ շարունակվել են տեխնիկական արդիականացման ծրագրերը, որոնք միտված են էներգաբլոկի անվտանգ, կայուն և արդյունավետ շահագործման ապահովմանը։

ՊՆՎ-2026-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարումը կազմակերպվել է նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վերահսկման ներքո:

Ներկայում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով։ Հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների խստագույն պահպանմամբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումը դադարեցվել էր ապրիլի 1-ից։

Սեպտեմբեր 04, 2026 at 10:45

Փամբակի ավագանին նախնական համաձայնություն է տվել Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության իրականացմանը

Փամբակի ավագանին նախնական համաձայնություն է տվել Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության իրականացմանը

2026թ․ օգոստոսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին արտահերթ նիստում քննարկել և նախնական համաձայնություն է տվել համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկին։

Հարցը ներկայացրել է Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը։ Ըստ նիստի արձանագրության՝ քննարկման հիմքում եղել է «Բարիբա» ՍՊԸ-ի՝ 2026թ․ հուլիսի 7-ի գրությունը։ 

«Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու մասին» որոշման նախագծի ներկայացման ժամանակ համայնքի ղեկավարը նշել է, որ ուսումնասիրության հարցի վերաբերյալ հաշվի են առնվել նաև 2026թ․ օգոստոսի 11-ին Փամբակ համայնքի Եղեգնուտ, Դեբեդ և Վահագնի բնակավայրերում անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները և տեսաձայնագրությունները։ 

Նախագծի քվեարկության արդյունքում՝ 10 ավագանի կողմ է քվեարկել, դեմ ձայն չի եղել, 2 ավագանի ձեռնպահ է մնացել։ 

Սեպտեմբեր 02, 2026 at 17:01

Սյունիքի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա՝ հողերի կայուն կառավարման նպատակով

Սյունիքի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա՝ հողերի կայուն կառավարման նպատակով

Օգոստոսի վերջին Լոռու և Սյունիքի մարզերում տեղի են ունեցել գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման արարողություններ։ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Թումանյան և Սիսիան համայնքների բնակավայրերին տրամադրվել է ընդհանուր 24 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ դեգրադացված հողերի վերականգնման և գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով։

Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ ութ բնակավայրերի բնակիչներին տրամադրվել է 12 միավոր խոտ հավաքող կցորդիչ, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք, Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք բնակավայրերին՝ 12 միավոր գյուղատնտեսական կցորդիչ, այդ թվում՝ 6 կուլտիվատոր և 6 սկավառակային հողամշակիչ, ինչպես նաև երկու ռոտորային սերմազտիչ։

Տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա ժամանակին և արդյունավետ իրականացնել անհրաժեշտ ագրոտեխնիկական աշխատանքները, խնայել ժամանակն ու աշխատուժը, նվազեցնել արտադրական ծախսերը և բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետությունն ու որակը։ Սարքավորումների հասանելիությունը նաև կնպաստի գյուղատնտեսական արժեշղթաների և կայուն ու շուկայամետ գյուղատնտեսության խթանմանը։

«Համայնքում տեխնիկայի լուրջ խնդիր ունենք, եղածն էլ մաշված է, չենք հասցնում գյուղատնտեսական աշխատանքներն ավարտել մինչև սեզոնի ավարտը, անձրևները սկսվում են և ամբողջ աշխատանքը ջուրն է լցվում: Հիմա արդեն նոր տեխնիկա ունենք, աշխատանքները պետք է պլանավորենք այնպես, որ բոլորս էլ կարողանանք դրանք օգտագործել մեր կարիքների համար», – նշեց Աթան բնակավայրի ներկայացուցիչ Տիգրան Քոչարյանը:

Ծրագրի շրջանակում նշված երկու համայնքներում արդեն իրականացվել են հողերի և մարգագետինների վերականգնման ու կայուն կառավարմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Թումանյան համայնքում բարելավվել է 250 հա դեգրադացված արոտավայր և խոտհարք, 48,3 հա վարելահող, ինչպես նաև հիմնվել է 1,2 հա պտղատու այգի՝ որպես ցուցադրական հարթակ և տեղական շահառուների համար եկամուտ ստեղծելու հնարավորություն։

Սիսիան համայնքում բարելավվել է 170 հա դեգրադացված արոտավայր և խոտհարք և 352 հա վարելահող։ Դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների վերականգնման նպատակով իրականացվել է նաև օրգանական պարարտանյութի դրոնային տարածում։

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել նաև գյուղատնտեսական գործունեության և եկամտի աղբյուրների ընդլայնման համար։ Թումանյան համայնքի շահառուներին տրամադրվել է 72 մեղվափեթակ՝ անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով, իսկ Սիսիան համայնքում՝ 48 մեղվափեթակ։ Երկու համայնքներում շահառուներին տրամադրվել են նաև լոլիկի, տաքդեղի և վարունգի սերմեր ու սածիլներ։

Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերներին տրամադրվել են նաև սերմնացաններ, կարտոֆիլի տնկիչներ, խոտի բալեր, ռոտացիոն փոցխիչներ, պարարտանյութի և գոմաղբի տարածիչներ։

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Արա Նախապետյանը նշեց, որ նոր տեխնիկայի ներդրումը համայնքներում և վարչական շրջանում բերում է դրական փոփոխություններ և գյուղատնտեսական աշխուժություն. «Գյուղտեխնիկան մաշվածության խնդիր ունի համայնքները, շահագործման ժամկետները վաղուց լրացել են: Այսպիսի ծրագրերը շատ ողջունելի են, մենք էլ մեր լիազորությունների շրջանակում աջակցում ենք…»:

Համայնքների կարողությունների ամրապնդման և հողօգտագործման կայուն կառավարման մոտեցումներին անցնելու նպատակով ծրագրի շրջանակում մշակվել է կառավարման և ռեսուրսների մոբիլիզացման 12 պլան։

Ընդհանուր առմամբ, մոտ 50,000 հա մարգագետիններ և 6,000 հա մշակովի հողեր ընդգրկվել են կայուն հողօգտագործման և կառավարման պրակտիկաների կիրառման շրջանակում։

Ծրագրի կարևոր ուղղություններից է նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման զարգացումը, ինչը կարող է նպաստել գյուղական համայնքների տնտեսական ակտիվությանն ու եկամուտների ավելացմանը։ Այդ նպատակով շահառու համայնքներում իրականացվել են մարքեթինգի և ագրոբիզնեսի վերաբերյալ վերապատրաստումներ։ Մասնակիցներին ներկայացվել են նաև գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերը՝ դրանցից օգտվելու և դրանք տեղական կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները։

Հողերի արդյունավետ և կայուն մշակության վերաբերյալ իրականացված դասընթացների արդյունքում վերապատրաստվել է շուրջ 1,300 շահառու։ Եվս 600 շահառուի համար նախատեսվում են դասընթացներ, այդ թվում՝ 100 որոշում կայացնողների և 500 ֆերմերների համար՝ Երևանից, Լոռու և Սյունիքի մարզերից։

Առաջիկայում ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել էլեկտրական չորանոցներ, պտղատու տնկիներ, էլեկտրական հովիվներ և վաճառքի տնակներ, ինչպես նաև Թումանյան համայնքում հիմնել ինտենսիվ այգիներ և պանրի արտադրամաս։

«Մենք աշխատում ենք երկու ուղղությամբ, մեկով կանխում ենք հողերի դեգրադրացիան, երկրորդով օգնում հողերն օգտագործել ավելի արդյունավետ: Հողերի պարարտացման միջոցով բարձրացնում ենք կենսաբազմաբանությունը: Տարիների ընթացքում ավելանում են կերային և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները, զարգանում է մեղվաբուծությանը, որովհետև մշակաբույսերը նպաստում են մեղրի արտադրությանը»,- ասաց ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տեխնիկական մասնագետ Կորոլինա Սթարը:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի միջոցով։

Օգոստոս 29, 2026 at 10:55

Արմանիսի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը ստացել է բացասական եզրակացություն

Արմանիսի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը ստացել է բացասական եզրակացություն

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերում 2026-2029 թվականներին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը ստացել է ՇՄԱԳ պետական փորձաքննության բացասական եզրակացություն։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2026թ. օգոստոսի 28-ի՝ «Ստեփանավանն առանց հանքի» նախաձեռնությանը հասցեագրված պաշտոնական պատասխանի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը տվել է N ԲՓ 112-26 պետական փորձաքննական բացասական եզրակացություն։ 

Հիշեցնենք, որ 2026 թ. հուլիսի 17-ին Լոռու մարզում անցկացվել էին «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ներկայացրած ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։ 

Հանրային լսումների ժամանակ քաղաքացիները, բնապահպանները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեմ են արտահայտվում Ստեփանավան համայնքն ու հարակից բնակավայրերը որպես հանքարդյունաբերական գոտի դիտարկելուն՝ նշելով, որ տարածաշրջանի զարգացման հեռանկարը տեսնում են զբոսաշրջության և կայուն գյուղատնտեսության ոլորտներում։ Միաժամանակ լսումներին ներկա են եղել նաև հանքարդյունաբերությանը կողմ բնակիչներ։

Օգոստոս 29, 2026 at 11:32

Ջերմուկը՝ COP17-ին ընդառաջ – Ecolur

Ջերմուկը՝ COP17-ին ընդառաջ

Հանքային ջրերը, լեռնային լանդշաֆտները, անտառները, գետերը, հարուստ կենսաբազմազանությունն ու առողջարանային ներուժը ձևավորել են Ջերմուկի ինքնությունն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս բնական ժառանգության պահպանությունն ու կայուն օգտագործումը համայնքի ապագայի կարևոր նախապայմաններից են։

Այս տարի հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Ջերմուկ համայնքում։ Հանդիպման նպատակն էր քննարկել Ջերմուկի կենսաբազմազանության պահպանությունը, բնապահպանական առաջնահերթություններն ու համայնքի մասնակցությունը COP17-ին։

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի գնահատմամբ՝ COP17-ը համայնքների համար նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային օրակարգում ներկայացնելու իրենց խնդիրներն ու առաջնահերթությունները։

Նրա խոսքով՝ մարզում առաջնահերթ խնդիրներից է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Մարզի տարածքով անցնում են Արփա և Եղեգիս գետերի ջրահավաք ավազանները, սակայն առկա ջրային պաշարների օգտագործման մակարդակը ցածր է, իսկ ջուրը կուտակելու և արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բավարար չեն։

«Կլիմայի փոփոխությունը բերում է նրան, որ ջրային ռեսուրսներն ապագայում խիստ սահմանափակ են լինելու, և մենք արդեն այսօր պետք է խնամքով վերաբերվենք մեր ունեցածին, օգտագործենք ու պահպանենք խնայողաբար»,- ասաց նա։

Գեղամ Մարգարյան

Մարզի տնտեսական զարգացման հեռանկարները, ըստ Գեղամ Մարգարյանի, սերտորեն կապված են գյուղատնտեսության և զբոսաշրջության հետ։ Զբոսաշրջային ներուժը կապված է բնական միջավայրի պահպանության հետ։

Մարզի զբոսաշրջային կենտրոնն է Ջերմուկը։ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը նշեց՝ Ջերմուկի զբոսաշրջային գրավչության հիմքում են բուժիչ հանքային ջրերը, բացառիկ բնությունը և կենսաբազմազանությունը։ Եվ բնության պահպանությանն ուղղված ցանկացած քայլ միաժամանակ ներդրում է կայուն զբոսաշրջության զարգացման գործում։

«Ջերմուկը Հայաստանի ամենաճանաչված առողջարանային և զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որի գլխավոր արժեքը ոչ միայն բուժիչ հանքային ջրերն ու բնական ռեսուրսներն են, այլև բացառիկ կենսաբազմազանությունն ու անաղարտ բնությունը։ Մեր քաղաքի զբոսաշրջային գրավչությունն անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի պահպանության հետ, և հենց այդ պատճառով բնության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն նաև ներդրում է կայուն զբոսաշրջության զարգացման գործում։

COP17-ին ընդառաջ կազմակերպվող այս հանդիպումը կարևոր հարթակ է՝ քննարկելու, թե ինչպես կարող են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և համայնքի բնակիչները համատեղ նպաստել Ջերմուկի բնական ժառանգության պահպանմանը և դրա արժևորմանը», – ասաց Նարեկ Միրզոյանը։

Նա նշեց, որ շուտով նախատեսվում է «Վիզիթ Ջերմուկ» հարթակի եռալեզու կայքի գործարկումը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ մարզի տեսարժան ու հետաքրքիր վայրերի մասին և ընտրել իրենց այցելության ուղղությունները։

Մակեդոն Ալեքսանյանը և Նարեկ Միրզոյանը

Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը քաղաքի մասին իր հիշողություններն ամփոփել է գրքում։ Ըստ նրա՝ տարիների ընթացքում քաղաքի բնապատկերը զգալիորեն փոխվել է․ «Այսօր մանկությանս պատկերները չկան։ Գնում եմ, չեմ ճանաչում՝ որտեղ ինչ էր։ Շատ բան է փոխվել»։

Նրա հիշողություններում Ջերմուկը գորտերի կռկռոցով, ծիծեռնակների բներով և գիշերային լուսատիտիկներով լի բնություն ուներ։ Այսօր այդ պատկերներից շատերը, նրա խոսքով, այլևս չկան․ «Դրանք հիմա չկան։ Այս սերնդի համար դրանք կարող են դինոզավրերի նման լինել՝ միայն պատմությունից իմանան, որ եղել են»։

Մակեդոն Ալեքսանյանը նշեց, որ Ջերմուկի բնության պահպանության համար դեռ վաղուց պետք էր ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, քանի որ Ջերմուկի բնական հարստությունը՝ ջրերը, անտառները, կիրճերը, ջրվեժներն ու մյուս բնական արժեքները պահանջում են առավել համակարգված պահպանություն։

Մակեդոն Ալեքսանյանը Ջերմուկի համար կարևոր բնապահպանական ռիսկերից մեկը համարեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը․  «Ամուլսարը շատ մեծ վտանգ է Ջերմուկի համար։ Այնտեղ Կարմիր գրքում ընդգրկված բուսականություն կա։ Չգիտեմ՝ ինչպես են նախատեսում դրանք տեղափոխել, բայց վտանգն իրական է»։

Նրա խոսքով՝ այսօր առաջնային է ոչ միայն նոր պահպանվող տարածքներ ստեղծելը, այլև արդեն գոյություն ունեցող բնական արժեքները չկորցնելը․ «Ջերմուկը կարող է ներկայանալ COP17-ին իր օրակարգով։ Հիմա պետք է գոնե եղածը պահպանենք»։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ Ջերմուկի համար COP17-ը հնարավորություն է միջազգային հարթակում ներկայացնելու ոչ միայն իր բնության հարստությունը, այլև այն, թե ինչպիսի զարգացման մոդել է ցանկանում ընտրել համայնքը՝ պահպանելով իր բնական կապիտալը նաև հաջորդ սերունդների համար։

Հանդիպումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 28, 2026 at 19:18

Ջերմուկը պատրաստվում է իր բնապահպանական օրակարգը ներկայացնել COP17-ում

Ջերմուկը պատրաստվում է իր բնապահպանական օրակարգը ներկայացնել COP17-ում

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն անցկացրեց իրազեկման հանդիպում՝ նվիրված Երևանում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի, Ջերմուկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բնակիչներ։

 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները և Ջերմուկի նշանակությունը Հայաստանի կողմից ստանձնած կենսաբազմազանության պահպանության պարտավորությունների իրականացման համատեքստում։

 

Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց համայնքների դերը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակների իրականացման գործում։ Տեղական համայնքները կենսաբազմազանության պահպանության կարևոր դերակատարներ են․ նրանք ոչ միայն բնության տարածքների անմիջական օգտագործողներն ու կառավարողներն են, այլև տեղական գիտելիքի կրողները։ Եվ շատ կարևոր է նրանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման, դրանց իրականացման ու վերահսկողության գործընթացներին։

 

Վիկտորյա Բուռնազյանը նշեց՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից 21-ը վերաբերելի են Ջերմուկին։ Նա անդրադարձավ թիրախ 3-ին, որը վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնմանը։ Հայաստանը թիրախ է սահմանել մինչև 2030 թվականն ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը։ Այս թիրախին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ», «Տաթև» ազգային պարկերը և «Դիլիջան» կենսոլորտային տարածքը։

«Ջերմուկ» ազգային պարկը նախատեսվում է ստեղծել Ջերմուկ ջրաբանական, Ջերմուկ անտառային, Հերհերի նոսրանտառային արգելավայրերի և համայնքային հողերի հիման վրա։

 

Ջերմուկի տարածքն էկոլոգիական միջանցք է, որը կապում է Սյունիքի և Վայոց ձորի լեռնային կենսաբազմազանության գոտիները։ Տարածքը ներառում է ալպիական լանդշաֆտներ, ժայռային լեռնային էկոհամակարգեր և լեռնային գետերի համակարգեր։

Ջերմուկի տարածքի կենսաբազմազանության պահպանման նպատակով Հայաստանի 33 015.00 հեկտար  մակերեսով «Ջերմուկ» թեկնածում էմերադ տարածք  ունի«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի շրջանակում։ Այս տարածքում հանդիպում են պարսկական ընձառյուծ, բեզոարյան այծ, մոխրագույն գայլ,  գորշ արջ, հայկական մուֆլոն, եվրոպական վայրի կատու, մորուքավոր անգղ, ոսկեթև արծիվ, Եվրասիական ճաղատ անգղ։

 

Սակայն հետագայում «EU4Environment» ծրագրի շրջանակներում առաջարկվել է 5,6%-ով կրճատել «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքը։ Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել միջազգային և տեղական փորձագետների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում, ովքեր այս փոփոխությունը կապում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին կանաչ լույս տալու հետ։ Կրճատման արդյունքում «Ջերմուկ» թեկնածու տարածքը դուրս կգա  «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքից։

 

Այս փոփոխությունը մտահոգություն առաջացրեց քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների շրջանում։  

 

Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը Հայաստանի իշխանություններին կոչ արեց ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը մինչև  Երևանում կայանալիք COP17-ը՝ ցուցադրելով կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հստակ և ամուր հանձնառություն։

 Իշխանություններին կոչ է արվել նաև մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը Ամուլսարի ծրագրի համար իրականացնել նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։

Էմերալդ ցանցի վերանայման վերաբերյալ խորհրդակցություններում ՔՀԿ մասնակցությունը պետք է լինի բովանդակալից, իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները պատշաճ կերպով հաշվի առնվեն և արտացոլվեն կայացվող որոշումներում։ 

 

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ COP17-ը եզակի հնարավորություն է՝ բարձրացնելու Ջերմուկի հարուստ կենսաբազմազանության պահպանության հարցերը։ COP17-ին հասարակության լայն շերտերի մասնակցության համար առանձնացված է այսպես կոչված Կանաչ գետին, որի անցկացման վայրն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

 

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Կանաչ գոտում քաղաքացիական հասարակության մասնակցության ձևաչափերը։ Նա նշեց, որ համայնքը կարող է ներկայացնել իրեն առավելապես հետաքրքրող թեմաներ, այդ թվում՝ Ջերմուկի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, էկոհամակարգային ծառայությունների դերը զբոսաշրջության զարգացման գործում, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաև համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացին։

 

Հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համայնքի ակտիվ բնակիչները։ Էկոլուրի հետ համատեղ կորոշվեն, թե որ թեմաներն են առաջնահերթ համայնքի համար։

Ջերմուկի մասնակցությունը COP17-ին կարևոր հնարավորություն է համայնքի ձայնը միջազգային հարթակում լսելի դարձնելու, տեղական բնապահպանական առաջնահերթությունները ներկայացնելու և դրանց շուրջ համատեղ լուծումներ ձևավորելու համար։

Հանդիպումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 28, 2026 at 18:50

Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը․ վերականգնվող էներգիա, նոր ատոմակայան և տարածաշրջանային էներգետիկ կապեր

Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը․ վերականգնվող էներգիա, նոր ատոմակայան և տարածաշրջանային էներգետիկ կապեր

Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր

Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր