Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը․ վերականգնվող էներգիա, նոր ատոմակայան և տարածաշրջանային էներգետիկ կապեր

Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը․ վերականգնվող էներգիա, նոր ատոմակայան և տարածաշրջանային էներգետիկ կապեր

Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր

Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր

Կլիմայական ռիսկերի դրսևորումներն ու կառավարման խնդիրները Հայաստանում․ «Մուգ կանաչ զրույցներ» Արմեն Չիլինգարյանի հետ

Կլիմայական ռիսկերի դրսևորումներն ու կառավարման խնդիրները Հայաստանում․ «Մուգ կանաչ զրույցներ» Արմեն Չիլինգարյանի հետ

Հայաստանում կլիմայի փոփոխությունն այլևս միայն ապագային վերաբերող խնդիր չէ։ Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների փոփոխությունը, ջրային ռեսուրսների նվազումը և վտանգավոր եղանակային երևույթների հաճախականության ու ինտենսիվության աճն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում նաև երկրի տարբեր համայնքների առօրյայում։

2026թ․ օգոստոսի 21-ին Ամերիկայի Հայկական Ասամբլեայի գրասենյակում «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի կողմից կազմակերպված (Armenian Tree Project) «Մուգ կանաչ զրույցներ» շարքի շրջանակում քննարկվել են Հայաստանում կլիմայական ռիսկերի դրսևորումները և դրանց կառավարման խնդիրները։

Սա «Մուգ կանաչ զրույցներ» քննարկումների շարքի երկրորդ հանդիպումն էր, որը նպատակ ունի միավորել փորձագետներին և հանրությանը՝ խոսելու Հայաստանի ամենահրատապ բնապահպանական խնդիրների մասին։

Երկրոդր հանդիպման բանախոսն էր կլիմայական և աղետների ռիսկերի կառավարման փորձագետ Արմեն Չիլինգարյանը, հանդիպումը վարում էր «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կլիմայի փոփոխության կանխատեսումներին, վտանգավոր բնական երևույթներին, անտառային հրդեհներին, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին, կենսաբազմազանությանը, ինչպես նաև՝ պետական կառավարման և համայնքների ներգրավվածության խնդիրներին։

Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում անհերքելի է։ Թեև երկրի կլիմայական համակարգում բնական փոփոխություններ տեղի են ունեցել նաև նախկինում, ներկայում նկատվող փոփոխությունների վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցությունը նշանակալի է։ Հայաստանի համար կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ միջին տարեկան ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7°C-ով, իսկ տեղումների քանակը՝ նվազել մինչև 8.3%-ով։ Վատատեսական սցենարի դեպքում գետային հոսքի նվազումը կարող է հասնել 39%-ի։ Այս ցուցանիշները, ըստ փորձագետի, արդեն իսկ պետք է հաշվի առնվեն երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերում։

Հայաստանն ունի շուրջ տասը կլիմայական գոտի, և կլիմայի փոփոխության դրսևորումները բոլոր տարածքներում նույնը չեն։ Հետևաբար, տարբեր համայնքներ և ոլորտները կարող են տարբեր կերպ զգալ նույն կլիմայական փոփոխության ազդեցությունը։ «Մենք խոսում ենք ավելի շատ կլիմայական էքստրիմների արտահայտման ինտենսիվության մասին», – քննարկման ընթացքում նշեց Արմեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով վտանգավոր բնական երևույթներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն նկատվում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ինտենսիվ տեղումները, կարկտահարությունը, սելավները, հեղեղումները, երաշտը, ջրային սակավությունը և անտառային հրդեհները։ Դրանց մի մասը նախկինում էլ է արձանագրվել, սակայն խնդիրը դրանց հաճախականության և ինտենսիվության փոփոխությունն է։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կլիմայական ռիսկերը դեռևս բավարար չափով չեն ներառվում տնտեսական և զարգացման ծրագրերի մշակման ու կառավարման գործընթացներում։ Եթե կլիմայի փոփոխության սցենարները արդեն հայտնի են, ապա դրանց հնարավոր ազդեցությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր խոշոր զարգացման ծրագրի դեպքում՝ ինչպես նոր ռիսկերի առաջացման, այնպես էլ՝ տվյալ ծրագրի առկա ռիսկերի նկատմամբ խոցելիության տեսանկյունից։ «Ցանկացած տնտեսական ծրագիր զարգացնելիս երկու կարևոր էլեմենտի հետ պետք է գործ ունենանք․ մի դեպքում՝ տնտեսական զարգացումը, որը մենք առաջարկում ենք, ինչ նորանոր ռիսկեր կարող է բերել իր հետ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը և այն միջավայրը, որտեղ մենք այդ գործընթացն իրականացնում ենք, և երկրորդը՝ այդ ներդրումները, որ մենք ուզում ենք անել տնտեսական ծրագրի համար, որքանո՞վ են խոցելի առկա վտանգներից», – ասաց Արմեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ այս երկու հանգամանքները զարգացման գործընթացներում ներառելու համար անհրաժեշտ են գիտություն, մոնիթորինգ, թվային տեխնոլոգիաներ և համապատասխան մասնագիտական ներուժ։

Արմեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ Հայաստանում որոշակի առաջընթաց կա եղանակային տվյալների հավաքագրման և թվայնացման ուղղությամբ։ Սակայն եղանակի կանխատեսումն ու կլիմայական ռիսկի մոդելավորումը նույնը չեն։ Նրա խոսքով՝ ռիսկի մոդելավորումը պետք է ցույց տա ոչ միայն այն, թե ինչ եղանակային երևույթ է սպասվում, այլև՝ ինչ ուժգնությամբ, որ տարածքներն են հայտնվելու վտանգի գոտում և ինչ միջոցառումներ են անհրաժեշտ հնարավոր վնասը նվազեցնելու համար։ Օրինակ, սելավի դեպքում պետք է հասկանալ՝ ինչ ինտենսիվության տեղումներ կարող են առաջացնել սելավային հոսք, հաշվի առնել ռելիեֆը, որոշել վտանգի տակ հայտնվող տարածքները և նախապես մշակել դրանց պաշտպանության միջոցները։ Այս տեսանկյունից, ըստ փորձագետի, Հայաստանի համար անհրաժեշտ է զարգացնել կլիմայական ռիսկերի մոդելավորման մեթոդաբանությունն ու գործիքակազմը։ «Եթե մենք չենք տեսնում ամբողջ պատկերը, հնարավոր չէ կառավարման գործընթացի արդյունավետության մասին խոսել», – ընդգծեց նա։

Քննարկման առանձին հատված նվիրված էր անտառային հրդեհներին։ Ըստ Արմեն Չիլինգարյանի՝ դրանց կանխարգելման համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել անտառային միջավայրի պայմանները՝ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, քամու ուղղությունը և այլ գործոններ։ Հայաստանում անտառային հրդեհների վտանգի գնահատման համար կիրառվող հաշվարկային մոտեցումները, ըստ փորձագետի, դեռևս չեն կարող ամբողջությամբ հաշվի առնել երկրի տարբեր կլիմայական և ռելիեֆային պայմանները։ Օրինակ՝ 3-5 մմ տեղումները որոշ պայմաններում կարող են բավարար լինել հրդեհի վտանգը նվազեցնելու համար, սակայն լեռնային և նախալեռնային գոտիներում նույն քանակի տեղումները կարող են բավարար չլինել։ Արմեն Չիլինգարյանի ներկայացրած ուսումնասիրությունների համաձայն՝ Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային տարածքներում հրդեհի վտանգի էական նվազեցման համար կարող է անհրաժեշտ լինել առնվազն 7-10 մմ տեղումներ։

Միաժամանակ, Հայաստանում անտառային տարածքներում հիդրոօդերևութաբանական կայանի պակասը սահմանափակում է անտառի իրական վիճակի մասին տվյալների ստացումը։ Որպես հնարավոր լուծում նշվել են նաև հեռազննման և GIS տեխնոլոգիաները, որոնք կարող են հնարավորություն տալ ավելի մատչելի ձևով հետևել անտառների վիճակին և գնահատել վտանգները։ Սակայն անտառային հրդեհների պատճառները միայն կլիմայական պայմանները չեն։ Փորձագետի խոսքով՝ դրանց առաջացման մեջ մեծ դեր ունի նաև մարդու վարքագիծը։ Անտառում չմարված խարույկները, ապակու և այլ հրդեհավտանգ նյութերի թողնելը, շինարարական աշխատանքները և այլ մարդկային գործողություններ կարող են հրդեհի պատճառ դառնալ։ Հետևաբար, կանխարգելումը պետք է ներառի ոչ միայն մոդելավորում և մոնիթորինգ, այլև՝ բնակչության իրազեկում և համայնքների հետ համագործակցություն։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության փոխազդեցությանը։ Փորձագետի խոսքով՝ կլիմայի փոփոխության պայմաններում անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության գործող մոտեցումները։ Ջերմաստիճանի աճը և տեղումների նվազումը մեծացնում են ջրային ռեսուրսների նկատմամբ ճնշումը, մինչդեռ գյուղատնտեսության որոշ ճյուղեր արդեն իսկ մեծ կախվածություն ունեն ջրային ռեսուրսներից։ Որպես օրինակ բերվեց Արարատյան դաշտում ձկնաբուծության և արտեզյան ջրերի օգտագործման խնդիրը։ Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը հանգեցրել է ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխության, հողերի աղակալման և դեգրադացման, ինչն իր հերթին նպաստում է անապատացման գործընթացներին։ Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ ավելի արդյունավետ է կանխել նման իրավիճակների առաջացումը, քան հետագայում մեծ ռեսուրսներ ներդնել արդեն դեգրադացված հողերի վերականգնման համար։ Միաժամանակ, կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար գյուղատնտեսության մեջ անհրաժեշտ են նոր մոտեցումներ՝ ավելի քիչ ջուր պահանջող մշակաբույսերի տեղայնացում, կաթիլային ոռոգման կիրառում, ինտենսիվ այգեգործության զարգացում և նոր տեխնոլոգիաների փորձարկում։ Փորձագետը շեշտեց, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար նոր մշակաբույսերի կամ գյուղատնտեսական մոդելների ընտրությունը նույնպես պետք է հիմնված լինի փորձարկումների վրա, այլ ոչ թե միայն տեսական կանխատեսումների։

Քննարկման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանի կողմից բարձրացվեց նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցը՝  Հայաստանում Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովի անցկացման համատեքստում։

Արմեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ COP17-ը կարող է հնարավորություն ստեղծել ուշադրություն դարձնելու այն խնդիրներին, որոնք մինչ այժմ բավարար չափով չեն հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նա որպես օրինակ բերեց քաղաքաշինական գործընթացների ազդեցությունը կենսաբազմազանության վրա։ Երբ բնական միջավայրերը վերափոխվում են քաղաքաշինական նպատակներով, դրանցում ապրող կենդանիները կորցնում են իրենց կենսամիջավայրը և կարող են հայտնվել քաղաքային տարածքներում։ Մեկ այլ խնդիրը տվյալների պակասն է։ Փորձագետի խոսքով՝ նույնիսկ այնպիսի աղետներից հետո, ինչպիսին Ալավերդու 2024թ․ հեղեղումն էր, կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։ Նրա գնահատմամբ՝ կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ է ոչ միայն պահպանվող տարածքների և անտառների մոնիթորինգ, այլև՝ քաղաքաշինական և տնտեսական զարգացման ծրագրերում հնարավոր ազդեցությունների գնահատում։

Քննարկման ընթացքում նշվեց նաև համայնքների և բնակչության ներգրավվածության անհրաժեշտությունը։ Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ համայնքների բնակիչները հաճախ ավելի լավ են պատկերացնում իրենց տարածքի խնդիրները, քանի որ ամեն օր առնչվում են դրանց հետ։ Փորձագետը կարող է աջակցել խնդիրների վերհանմանը և լուծումների առաջարկմանը, սակայն համայնքների բնակիչների փորձը նույնպես պետք է ներառվի որոշումների կայացման գործընթացում։

Օգոստոս 26, 2026 at 12:09

Հայաստանում թափոնների կառավարման խնդիրները՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի ուշադրության ներքո

Հայաստանում թափոնների կառավարման խնդիրները՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի ուշադրության ներքո

2026թ․ հուլիսին Երևան էին ժամանել էկոլուրի գործընկեր CEE bankwatch Network միջազգային ցանցի անդամները։ Նրանք Էկոլուրի հետ միասին հանդիպումներ ունեցան Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՏԻՄ-երի, միջազգային զարգացման բանկերի, Հայաստանում Եվրոպական միության, Հայաստանում Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնպահպանբական կենտրոնի, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ»-ի ներկայացուցիչների հետ՝ մտքեր փոխանակելու, զարգացման ծրագրերի առաջընթացը գնահատելու և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները (COP17) քննարկելու նպատակով։

Քննարկվեցին Հայաստանում թափոնների կառավարման հարցերը, այդ թվում՝ Երևանի համար կոշտ կենցաղային թափոնների կառավարման լուծումները։ Այցելություններ եղան Հրազդանի սանիտարական աղբավայր, Սևան, Հրազդան, Ջերմուկ համայնքներ։  

CEE Bankwatch Network-ի անդամները կարևորեցին աղբահանության վճարների  բարեփոխումների առաջմղումը և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը համայնքային թափոնների կառավարման համակարգերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ 

Օգոստոս 25, 2026 at 17:07

Գլաձորի բնակիչ Նորիկ Մկրտչյան․ «Լոկալ խնդիրների լուծումներն են բերում գլոբալ խնդիրների հանգուցալուծմանը»

Գլաձորի բնակիչ Նորիկ Մկրտչյան․ «Լոկալ խնդիրների լուծումներն են բերում գլոբալ խնդիրների հանգուցալուծմանը»

2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին ընդառաջ օգոստոսի 3-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում։ 

Եղեգնաձոր համայնքի Գլաձորի բնակիչ Նորիկ Մկրտչյանը, ով ստեղծել է «Նորտուրս» գաստրոբակը, համոզված է, որ Վայոց Ձորի մարզի բնությունը զբոսաշրջության զարգացման կարևորագույն ռեսուրսն է։ «Տարածաշրջանի հետագա զարգացումը պետք է հիմնված լինի հենց այդ ռեսուրսի պահպանության և ճիշտ կառավարման վրա»,- հայտնեց նա։ 

Մասնագիտությամբ աշխարհագրագետ Նորիկ Մկրտչյանը երկար տարիներ զբաղվում է զբոսաշրջությամբ։ Նրա գործունեության շրջանակում օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացվում են Հայաստանի բնությունը, պատմությունն ու մշակույթը։ «Նորտուրս» գաստրոբակում ընդունում են զբոսաշրջային խմբերի, մատուցում տեղական արտադրանք, կազմակերպում արշավներ, ջիփ-տուրեր և այցելություններ դեպի Վայոց Ձորի բնական ու պատմամշակութային տեսարժան վայրեր։ «Այս պահին զբաղվում եմ զբոսաշրջության ոլորտում, իսկ այդտեղ շատ կարևոր է ունենալ անկրկնելի գեղեցկությամբ մեր բնությունը՝ հնարավորինս չաղավաղված, չաղտոտված, որն այս պահին ունենք, բայց վտանգներ ենք տեսնում, ռիսկեր կան», – ասաց Նորիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանում արագ զարգացող ոլորտներից է, և դրա հետ մեկտեղ մեծանում է նաև բնության նկատմամբ պատասխանատվությունը։ Վայոց Ձորի հիմնական առավելություններից է համարում տարածաշրջանի ջրի, հողի և օդի մաքրությունը։ «Այդ ռեսուրսները մի շարք վտանգների առաջ են կանգնած՝ կլիմայական փոփոխություններ, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարում և հանքարդյունաբերության ընդլայնում։ Մենք պետք է հնարավորինս մեր եղածին տեր կանգնենք՝ չաղավաղելով, չաղտոտելով, չվնասելով ընդերքը, երկրի մակերևույթը, ջուրը, օդը։ Որովհետև սա էլ կարևոր ռեսուրս է՝ մեր օդի մաքրությունը, մեր ջրի մաքրությունը, հողի մաքրությունը։ Այդ ամենը մեզ առավելություններ է տալիս», – ասաց նա։

Նորիկ Մկրտչյանի խոսքով, տարածաշրջանում մեծանում են բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված ճնշումներն ու ռիսկերը։ Նա, մասնավորապես, նշեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ քննարկումները՝ ընդգծելով, որ տեղի բնակիչները շարունակում են դիմակայել այդ գործընթացներին։  

Փոքր ջրամբարների գաղափարը՝ որպես բնության վերականգնման հնարավոր նախագիծ

Նորիկ Մկրտչյանն առաջարկում է մեծ ջրամբարի կառուցման փոխարեն բազմաթիվ փոքր ջրամբարների հաջորդական համակարգ ստեղծել։ «Լեռնային փոքրիկ գետերի, գետակների, առուների վրա կառուցվեն փոքր ջրամբարներ՝ կասկադատիպ, իրար շարունակությամբ։ Դա կփոխի ամբողջ լանդշաֆտը, ամբողջ միկրոկլիման կփոխի, օդի հարաբերական խոնավությունը կփոխի, դրանով կսնվի լանդշաֆտը», – բացատրեց նա։

Նորիկ Մկրտչյանի խոսքով՝ գարնանը լեռնային գետերի ջուրը կարճ ժամանակում հեռանում է տարածքից, մինչդեռ փոքր ջրամբարների համակարգը հնարավորություն կտար ջուրն ավելի երկար պահել լանդշաֆտում։

Նորիկ Մկրտչյանը կարևորեց նաև Հայաստանի կողմից COP17-ի անցկացումը։ «Շատ կարևոր են նման ներկայացուցչական միջոցառման ժամանակ տեղերից բարձրացված խնդիրները, որովհետև լոկալ խնդիրների լուծումներն են բերում գլոբալ խնդիրների հանգուցալուծմանը։ Եթե մենք տեղերից խնդիրներ չառաջադրենք, վերևները լավ էլ գիտեն և՛ ներքևի խնդիրները, և՛ գլոբալ խնդիրները, բայց պետք է զգան, որ տարածքի վրա ապրող մարդը, հողի վրա ապրող մարդը լավ է պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ», – ասաց նա։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 25, 2026 at 14:20

Վերնաշենի բնակիչ․ «Կենսաբազմազանության պահպանությունը պետք է համայնքների զարգացման հեռանկարների հիմքում լինի»

Վերնաշենի բնակիչ․ «Կենսաբազմազանության պահպանությունը պետք է համայնքների զարգացման հեռանկարների հիմքում լինի»

Եղեգնաձորում առաջարկվեց COP17-ին ներկայացնել Վայոց ձորի մարզի կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների և կայուն գյուղատնտեսության խնդիրները

Եղեգնաձորում առաջարկվեց COP17-ին ներկայացնել Վայոց ձորի մարզի կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների և կայուն գյուղատնտեսության խնդիրները

2026թ․ օգոստոսի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքի բնակիչների և տեղական կառույցների մասնակցության հնարավորությունները Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), ինչպես նաև որոշել, թե ինչ խնդիրներ և առաջարկներ կարող է համայնքը ներկայացնել միջազգային հարթակում։

Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և տեղի ակտիվ բնակիչներ։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց, որ համայնքի մասնակցությունը COP17-ին չպետք է սահմանափակվի միայն առկա խնդիրների ներկայացմամբ։ Առաջարկվեց միջազգային կազմակերպություններին ներկայացնել նաև դրանց հնարավոր լուծումները, համայնքի փորձը և համագործակցության կոնկրետ առաջարկներ։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի Կանաչ գոտում համայնքային միջոցառում անցկացնելու գաղափարը։ Նախատեսվում է այդ հարթակում ներկայացնել համայնքների փորձը՝ ինչպես են պահպանում և օգտագործում բնությունը, ինչ մարտահրավերների են բախվում և ինչ լուծումներ են առաջարկում։ Նախատեսվում է նաև միջոցառմանը հրավիրել միջազգային  կազմակերպությունների, որոշում կայացնող կառույցների։ Համայնքների առաջարկները նախատեսվում է ամփոփել հռչակագրում, որը կներկայացվի COP17-ի քարտուղարությանը և համաժողովին մասնակցող միջազգային կազմակերպություններին։

Ի՞նչ կարող է ներկայացնել Եղեգնաձորը COP17-ում

Հանդիպման ընթացքում որպես նախնական թեմաներ առաջարկվեցին Եղեգնաձորի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում և ագրոկենսաբազմազանությունը Եղեգնաձորում։

Վիկտորյա Բուռնազյանն առավել կարևորեց ագրոկենսաբազմազանության թեման՝ նշելով, որ Եղեգնաձորն ունի գինեգործության, անասնապահության և գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացման լավ փորձ։ «Մենք տեսել ենք, որ ունեք գինու խաղողի այգիներ, տեսել ենք պանրի գործարանը։ Էստեղ շատ լավ անասնապահությունն է զարգանում։ Սրանք կարելի է ցույց տալ, որ  հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը  մարդն օգտագործում է, ու դրան զուգահեռ՝ ինչ մարտահրավերների հետ են բախվում, և համայնքը ոնց է պայքարում դրանք հաղթահարելու համար», – նշեց նա։

Հանդիպման ընթացքում բնակիչներից մեկը բարձրացրեց Վայոց ձորի գյուղատնտեսական հողերի ոռոգման խնդիրը և առաջարկեց քննարկել Թեքսարի հարևանությամբ ջրամբարի կառուցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ջրամբարի կառուցումը կարող է նպաստել հարյուրավոր հեկտարների ոռոգմանը և միաժամանակ դրական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության, զբոսաշրջության, բնապահպանության և բնակիչների բարեկեցության վրա։ 

Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզի ջրային ռեսուրսների և գյուղատնտեսական հողերի ոռոգման հետ կապված խնդիրները։ Նրա խոսքով՝ Վայոց ձորի մարզը Հայաստանի 10 մարզերից կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելիներից է։ Նա առանձնացրեց Ազատեկը, Զեդեան, Գլաձորը, Վերնաշենը, Մալիշկան և Ելփինը՝ որպես առավել խոցելի բնակավայրեր, որոնք, ըստ ներկայացված գնահատականի, 2035-2040 թվականներին կարող են կանգնել անապատացման լուրջ վտանգի առաջ։

Նա նաև նշեց, որ Վերնաշենն ու Կարմրաշենը Վայոց ձորի այն բնակավայրերից են, որտեղ ջրովի վարելահողերի ցուցանիշը զրոյական է։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ջրամբարի կառուցումը բարդ և թանկ ծրագիր է, և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է նաև կաթիլային ոռոգման զարգացում։ Նրա խոսքով՝ կաթիլային ոռոգումը կարող է ապահովել ջրի՝ շուրջ 70 տոկոս խնայողություն։

Գեղամ Մարգարյանը ներկայացրեց նաև մարզերի միջև ոռոգելի հողերի տարբերությունը։ Նրա խոսքով՝ Արարատի մարզում ոռոգելի հողերի մասնաբաժինը կազմում է 84 տոկոս, Արմավիրում՝ 91 տոկոս, Կոտայքում՝ 71 տոկոս, իսկ Վայոց ձորում՝ ընդամենը 17 տոկոս։ 

Գեղամ Մարգարյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզի ջրային ռեսուրսների զգալի մասը չի օգտագործվում մարզի գյուղատնտեսական կարիքների համար, մինչդեռ մարզում կան հազարավոր հեկտարներ անջրդի հողեր։ Քննարկման մասնակիցների համար ջրի հարցը կապվում է ոչ միայն գյուղատնտեսության, այլև կենսաբազմազանության, բնակավայրերի պահպանման և մարդկանց՝ համայնքներում մնալու հնարավորության հետ։ «Մալիշկան 5000 ծխանոց բնակավայր է, որը տարիներ շարունակ եղել է հանրապետության 2-րդ կամ 3-րդ բնակավայրը։ Այսօր 5 դռնից 3 դուռը փակ է, մարդ չկա այնտեղ։ Որպեսզի ապրի մարդը, հող պետք է մշակի, այլապես ի՞նչ պետք է անի, որ ապրի։ Դրա համար էլ մնացել է անմշակ ու գնացել են», – ասաց նա։

Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյանը շեշտեց, որ Վայոց ձորի կենսաբազմազանությունը վտանգված է ինչպես բնական աղետների, այնպես էլ՝ մարդու գործունեության հետևանքով։ Ըստ նրա՝ Վայոց ձորի համար առանցքային խնդիր է ջրային աղբյուրների պահպանումը։ «3 ջրային աղբյուր ունենք։ Առանց ջրի կենսաբազմազանություն գոյություն չի լինի։ Էս 3 ջրային աղբյուրները, եթե վտանգվեց, մենք չենք կարող խոսել ընդհանրապես կենսաբազմազանության մասին», – ասաց նա։

Հայկ Իսախանյանի խոսքով՝ Թեքսարի հարակից տարածքների կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային փաստաթղթերում նույնպես կան կարևոր հիշատակումներ։ Նա նշեց, որ այդ տարածքը կարևոր է հազվագյուտ թիթեռների և չվող թռչունների պահպանության համար։ «Ես տեսել եմ, թե 1000-ավոր, միլիոնավոր թիթեռներ էս տարածքից ոնց են այլ տարածք գնում։ Ապրում ենք Վերնաշենում, Գլաձորում, տեղյակ չենք, որ այդպիսի բան կա», – ասաց նա։

Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց նաև բնապահպանական կրթության և համայնքի ներսում բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման խնդիրը։ Բնակիչներից մեկը նշեց,որ բնապահպանական խնդիրների մասին խոսելիս պետք է ընդունել նաև սեփական պատասխանատվությունը։ «Մենք միշտ բողոքում ենք, բայց ներսից մենք էլ պետք է ինչ-որ բան անենք։ Ես որ փողոցում քայլում, տեսնում եմ երեխեքը ոնց են ծառի ճյուղը պոկում, ոչ թե վրայի բերքը քաղում, արդեն ցավ եմ ապրում։ Դրա համար պետք է մենք կարողանանք մեր երեխաներին սովորեցնել բնությունը պահպանել», – ասաց նա։

Քննարկմանը մասնակցած՝ «Դու մենակ չես» կանանց աջակցման հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը կարևորեց համայնքի մասնակցությունը COP17-ին և ընդգծեց, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր չէ։ Նրա խոսքով՝ այն նաև մարդու իրավունքների հարց է, իսկ բնապահպանական քաղաքականությունը լիարժեք չի կարող լինել առանց կանանց և երեխաների մասնակցության։ «Ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է համաժողովին ներկայանաք։ Կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր չէ, դա մարդու իրավունքների հարց է», – ասաց նա։ Նա առաջարկեց նաև իր ղեկավարած կազմակերպության աջակցությունը՝ համայնքում հետագա իրազեկման միջոցառումների կազմակերպման և COP17-ի հետ կապված աշխատանքներին մասնակցելու հարցում։

Քննարկման ավարտին Գեղամ Մարգարյանն առաջարկեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը կզբաղվի COP17-ում Եղեգնաձորի ներկայացման նախապատրաստմամբ։ 

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 24, 2026 at 13:48

Սևանից՝ COP17․ բնության պահպանությունը՝ համայնքի տնտեսական զարգացման միջոցով

Սևանից՝ COP17․ բնության պահպանությունը՝ համայնքի տնտեսական զարգացման միջոցով

2026թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 29-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։

Սևան համայնքում անցկացված իրազեկման հանդիպման մասնակիցները քննարկեցին կենսաբազմազանության պահպանության խնդիրները, համայնքների՝ COP17-ին մասնակցելու և իրենց նախաձեռնությունները ներկայացնելու հնարավորությունները։

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությունները, որոնք կարող են ներկայացվել COP17-ում։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանի գնահատմամբ՝ COP17-ը համայնքների համար կարող է դառնալ իրենց փորձը, նախաձեռնություններն ու պիլոտային ծրագրերը միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն։ Նա կարևորեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից համայնքներում իրազեկման հանդիպումների անցկացումը և համայնքների մասնակցությունը համաժողովի շրջանակներում։ Նրա խոսքով՝ բազմաթիվ տեղական հասարակական կազմակերպություններ և համայնքային նախաձեռնություններ գուցե արդեն ունեն գաղափարներ ու ծրագրեր, սակայն դեռ չեն պատկերացնում՝ ինչպես կարող են դրանք ներկայացնել COP17-ի շրջանակում։

Սևանի համար COP17-ը, ըստ Սաթիկ Բադեյանի, հատկապես կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու համայնքի այն տեսլականը, որը մշակվել է մասնակցային եղանակով։ Սևան համայնքում մշակված մշակութային զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը բնապահպանական բաղադրիչն է։ Սևան համայնքը նպատակ ունի դառնալ էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթ ստեղծող և տարածող համայնք։ «Հատկապես գտնվելով Սևանա լճի ափին՝ շատ սերտ կապված է համայնքի բնապահպանական գիտակցությունը լճի բնապահպանական վիճակի հետ։ Հետևաբար, մեր հաջորդ քայլը լինելու է այնպես անել, որ Սևանա լիճը լինի ցուցադրական լիճ ամբողջ աշխարհի մասշտաբով, և COP17-ը շատ մեծ հնարավորություն է այդ մասին խոսելու, բարձրաձայնելու, դա ցույց տալու, նաև ռեսուրսներ ներգրավելու, որպեսզի կարողանանք այդ մեր երազանքները իրականացնել», – ասաց Սաթիկ Բադեյանը։

Նրա ներկայացմամբ՝ նպատակը միայն բնապահպանական գիտակցության բարձրացումը չէ։ Կարևոր է, որ բնապահպանական վարքագիծը կապվի համայնքի կայուն տնտեսական զարգացման հետ, և մարդիկ իրենց առօրյան ու տնտեսությունն այնպես կազմակերպեն, որ այն բնությանը չվնասեն, այլ նպաստեն դրա պահպանությանը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է դեռևս 2002թ․՝ Սևանա լճի պահպանության նպատակով։ Հետագայում կազմակերպությունը եկել է այն համոզման, որ լճի պահպանությունը հնարավոր չէ առանձնացնել ափամերձ համայնքներում ապրող մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքից։ «Սևանի էկոհամակարգը միայն ջրային ավազանը չէ․ դրա մի մասն են նաև լճի շուրջ ապրող մարդիկ, որոնք դարեր շարունակ ապրել են լճի հետ փոխկապակցված։ Սակայն երբ Սևանը սկսեց ընկալվել որպես պարզապես «ռեսուրս», այդ հարաբերությունը փոխվեց, և ռեսուրսների գերշահագործումը հանգեցրեց լուրջ բնապահպանական խնդիրների»,- ասաց Սաթիկ Բադեյանը։

Այս համատեքստում նա կարևորեց ոչ թե մարդկանցից բնությունից օգտվելու այս կամ այն ձևից հրաժարվել պահանջելը, այլ՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելը։ «Եթե մարդուն ասում ես՝ ձուկ մի որսա, բայց քանի որ դարեր ի վեր դա եղել է իր հիմնական զբաղվածությունը՝ եկամտի միակ աղբյուրը, բա ի՞նչ է անելու այդ մարդը։ Այսինքն՝ պետք է այլընտրանք առաջարկել բնությունը պահպանելու համար», – ասաց նա։

Հենց այդ տրամաբանությամբ կազմակերպությունը ափամերձ համայնքներում սկսել է փնտրել առկա, բայց չօգտագործվող ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ մարդկանց եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Այդ նախաձեռնություններից մեկը Լճաշենում ստեղծված «Էթիունի» թանգարան-հյուրատունն է։ Այն հիմնված է Լճաշենի բացառիկ մշակութային ժառանգության վրա։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով բացահայտված բրոնզեդարյան դամբարանադաշտը համաշխարհային նշանակության բացառիկ նյութ է տվել հնագետներին՝ այդ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի, սովորույթների և ծեսերի ուսումնասիրության համար։ Սակայն երկար ժամանակ այդ ժառանգությունը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը գրեթե չէր նպաստում։ Լճաշենում, ինչպես Սևանի ափամերձ մյուս համայնքներում, հիմնական զբաղվածություններից մեկը ձկնորսությունն էր։ «Մենք որոշեցինք փոխել մարդկանց կենսակերպը», – նշեց Սաթիկ Բադեյանը։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը ներկայացնում է Լճաշենի պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Իրական հնագիտական գտածոները կազմակերպությունը թանգարանին է հանձնում, իսկ այցելուներին ներկայացվող նմուշները դրանց կրկնօրինակներն են։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ այս մոտեցումը նաև գանձագողության դեմ պայքարի միջոց է։ Եթե բնակիչը տեսնում է, որ մշակութային ժառանգությունը պահպանելով, ներկայացնելով և դրա շուրջ զբոսաշրջային ծառայություն ստեղծելով հնարավոր է եկամուտ ստանալ, ապա դա կարող է ավելի շահավետ լինել, քան գտածոները վաճառելը։ «Մենք ուզեցինք մեր օրինակով ցույց տալ, որ այդ ամենը, եթե անգամ պահում եք ձեզ ու ձեր տանը, ցուցադրում եք, դրանից ավելի շատ եկամուտ կունենաք, քան թե տանեք կոպեկներով վաճառեք», – ասաց նա։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման օրինակ է։ Տարածքում օգտագործվում է արևային էներգիա։ Նոր կահույք ձեռք բերելու փոխարեն օգտագործվել է հին կահույք, որը վերականգնել և նոր կյանք են տվել։ Լճաշենի պատմությունը ներկայացնելու համար օգտագործվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Թանգարանում ստեղծվել է հոլոգրաֆիկ բուրգ, որտեղ ներկայացվում են Լճաշենի հնագիտական գտածոների պատկերներ։

Կազմակերպությունը նաև երիտասարդներին ներգրավել է եռաչափ մոդելավորման և եռաչափ տպագրության աշխատանքներում։ Իրական գտածոների լուսանկարների հիման վրա ստեղծվում են եռաչափ մոդելներ, որոնք տպագրվում են և ներկայացվում որպես կրկնօրինակներ։ Եռաչափ տպագրության համար նախատեսված ֆիլամենտ ստանալու նպատակով օգտագործում են պլաստիկ թափոն։ Թանգարան-հյուրատան տարածքում պատրաստվել են նաև հին դռներից ստեղծված թագավորական գահերի նմանակներ, իսկ սեղաններն ու աթոռները պատրաստվել են երկրորդային օգտագործման կահույքից։

Շրջանաձև տնտեսության սկզբունքները տարածվում են նաև համայնքի բնակիչների շրջանում։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ կազմակերպության աշխատակիցները, գյուղի կանայք և երիտասարդները մասնակցել են տարբեր դասընթացների, ինչի արդյունքում որոշ մասնակիցներ սկսել են թղթի թափոններից տարբեր արտադրանքներ պատրաստել, այդ թվում՝ ջահեր, և դրանց հիման վրա սեփական բիզնեսներ ստեղծել։

Նախատեսում են զարգացնել նաև սննդային թափոնների կոմպոստավորումը։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ոչ միայն հյուրատանը, այլև համայնքի հասարակական սննդի այլ կետերում։ Նրանց տրամադրվելու են կոմպոստավորման տարաներ և ուսուցում՝ սննդային թափոնների ճիշտ կառավարման համար։ Հյուրատանը հավաքվում է նաև օգտագործված ձիթայուղը, որը հանձնվում է համապատասխան կազմակերպության։ Խոհանոցում տեղադրված է յուղորսիչ, որպեսզի յուղերը չհոսեն կոյուղի։ Օգտագործվում է նաև սեպտիկ համակարգ, որտեղ կիրառվում են բակտերիաներ՝ ջրի մաքրման գործընթացում։

Կազմակերպության մեկ այլ նախաձեռնություն գործում է Ծովագյուղում, որտեղ ստեղծվել է երիտասարդական կենտրոն՝ որպես սոցիալական ձեռնարկություն։ Այստեղ զարգացնում են էկոտուրիզմի ենթակառուցվածքները, գործում է գլեմփինգ, կազմակերպվում են հեծանվային և քայլարշավներ, ընդունում զբոսաշրջիկների։ Կենտրոնի գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է երիտասարդական կենտրոնի աշխատանքներին։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Օգոստոս 24, 2026 at 12:13