Սևանից՝ COP17․ բնության պահպանությունը՝ համայնքի տնտեսական զարգացման միջոցով

Սևանից՝ COP17․ բնության պահպանությունը՝ համայնքի տնտեսական զարգացման միջոցով

2026թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 29-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։

Սևան համայնքում անցկացված իրազեկման հանդիպման մասնակիցները քննարկեցին կենսաբազմազանության պահպանության խնդիրները, համայնքների՝ COP17-ին մասնակցելու և իրենց նախաձեռնությունները ներկայացնելու հնարավորությունները։

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությունները, որոնք կարող են ներկայացվել COP17-ում։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանի գնահատմամբ՝ COP17-ը համայնքների համար կարող է դառնալ իրենց փորձը, նախաձեռնություններն ու պիլոտային ծրագրերը միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն։ Նա կարևորեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից համայնքներում իրազեկման հանդիպումների անցկացումը և համայնքների մասնակցությունը համաժողովի շրջանակներում։ Նրա խոսքով՝ բազմաթիվ տեղական հասարակական կազմակերպություններ և համայնքային նախաձեռնություններ գուցե արդեն ունեն գաղափարներ ու ծրագրեր, սակայն դեռ չեն պատկերացնում՝ ինչպես կարող են դրանք ներկայացնել COP17-ի շրջանակում։

Սևանի համար COP17-ը, ըստ Սաթիկ Բադեյանի, հատկապես կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու համայնքի այն տեսլականը, որը մշակվել է մասնակցային եղանակով։ Սևան համայնքում մշակված մշակութային զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը բնապահպանական բաղադրիչն է։ Սևան համայնքը նպատակ ունի դառնալ էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթ ստեղծող և տարածող համայնք։ «Հատկապես գտնվելով Սևանա լճի ափին՝ շատ սերտ կապված է համայնքի բնապահպանական գիտակցությունը լճի բնապահպանական վիճակի հետ։ Հետևաբար, մեր հաջորդ քայլը լինելու է այնպես անել, որ Սևանա լիճը լինի ցուցադրական լիճ ամբողջ աշխարհի մասշտաբով, և COP17-ը շատ մեծ հնարավորություն է այդ մասին խոսելու, բարձրաձայնելու, դա ցույց տալու, նաև ռեսուրսներ ներգրավելու, որպեսզի կարողանանք այդ մեր երազանքները իրականացնել», – ասաց Սաթիկ Բադեյանը։

Նրա ներկայացմամբ՝ նպատակը միայն բնապահպանական գիտակցության բարձրացումը չէ։ Կարևոր է, որ բնապահպանական վարքագիծը կապվի համայնքի կայուն տնտեսական զարգացման հետ, և մարդիկ իրենց առօրյան ու տնտեսությունն այնպես կազմակերպեն, որ այն բնությանը չվնասեն, այլ նպաստեն դրա պահպանությանը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է դեռևս 2002թ․՝ Սևանա լճի պահպանության նպատակով։ Հետագայում կազմակերպությունը եկել է այն համոզման, որ լճի պահպանությունը հնարավոր չէ առանձնացնել ափամերձ համայնքներում ապրող մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքից։ «Սևանի էկոհամակարգը միայն ջրային ավազանը չէ․ դրա մի մասն են նաև լճի շուրջ ապրող մարդիկ, որոնք դարեր շարունակ ապրել են լճի հետ փոխկապակցված։ Սակայն երբ Սևանը սկսեց ընկալվել որպես պարզապես «ռեսուրս», այդ հարաբերությունը փոխվեց, և ռեսուրսների գերշահագործումը հանգեցրեց լուրջ բնապահպանական խնդիրների»,- ասաց Սաթիկ Բադեյանը։

Այս համատեքստում նա կարևորեց ոչ թե մարդկանցից բնությունից օգտվելու այս կամ այն ձևից հրաժարվել պահանջելը, այլ՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելը։ «Եթե մարդուն ասում ես՝ ձուկ մի որսա, բայց քանի որ դարեր ի վեր դա եղել է իր հիմնական զբաղվածությունը՝ եկամտի միակ աղբյուրը, բա ի՞նչ է անելու այդ մարդը։ Այսինքն՝ պետք է այլընտրանք առաջարկել բնությունը պահպանելու համար», – ասաց նա։

Հենց այդ տրամաբանությամբ կազմակերպությունը ափամերձ համայնքներում սկսել է փնտրել առկա, բայց չօգտագործվող ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ մարդկանց եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Այդ նախաձեռնություններից մեկը Լճաշենում ստեղծված «Էթիունի» թանգարան-հյուրատունն է։ Այն հիմնված է Լճաշենի բացառիկ մշակութային ժառանգության վրա։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով բացահայտված բրոնզեդարյան դամբարանադաշտը համաշխարհային նշանակության բացառիկ նյութ է տվել հնագետներին՝ այդ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի, սովորույթների և ծեսերի ուսումնասիրության համար։ Սակայն երկար ժամանակ այդ ժառանգությունը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը գրեթե չէր նպաստում։ Լճաշենում, ինչպես Սևանի ափամերձ մյուս համայնքներում, հիմնական զբաղվածություններից մեկը ձկնորսությունն էր։ «Մենք որոշեցինք փոխել մարդկանց կենսակերպը», – նշեց Սաթիկ Բադեյանը։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը ներկայացնում է Լճաշենի պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Իրական հնագիտական գտածոները կազմակերպությունը թանգարանին է հանձնում, իսկ այցելուներին ներկայացվող նմուշները դրանց կրկնօրինակներն են։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ այս մոտեցումը նաև գանձագողության դեմ պայքարի միջոց է։ Եթե բնակիչը տեսնում է, որ մշակութային ժառանգությունը պահպանելով, ներկայացնելով և դրա շուրջ զբոսաշրջային ծառայություն ստեղծելով հնարավոր է եկամուտ ստանալ, ապա դա կարող է ավելի շահավետ լինել, քան գտածոները վաճառելը։ «Մենք ուզեցինք մեր օրինակով ցույց տալ, որ այդ ամենը, եթե անգամ պահում եք ձեզ ու ձեր տանը, ցուցադրում եք, դրանից ավելի շատ եկամուտ կունենաք, քան թե տանեք կոպեկներով վաճառեք», – ասաց նա։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման օրինակ է։ Տարածքում օգտագործվում է արևային էներգիա։ Նոր կահույք ձեռք բերելու փոխարեն օգտագործվել է հին կահույք, որը վերականգնել և նոր կյանք են տվել։ Լճաշենի պատմությունը ներկայացնելու համար օգտագործվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Թանգարանում ստեղծվել է հոլոգրաֆիկ բուրգ, որտեղ ներկայացվում են Լճաշենի հնագիտական գտածոների պատկերներ։

Կազմակերպությունը նաև երիտասարդներին ներգրավել է եռաչափ մոդելավորման և եռաչափ տպագրության աշխատանքներում։ Իրական գտածոների լուսանկարների հիման վրա ստեղծվում են եռաչափ մոդելներ, որոնք տպագրվում են և ներկայացվում որպես կրկնօրինակներ։ Եռաչափ տպագրության համար նախատեսված ֆիլամենտ ստանալու նպատակով օգտագործում են պլաստիկ թափոն։ Թանգարան-հյուրատան տարածքում պատրաստվել են նաև հին դռներից ստեղծված թագավորական գահերի նմանակներ, իսկ սեղաններն ու աթոռները պատրաստվել են երկրորդային օգտագործման կահույքից։

Շրջանաձև տնտեսության սկզբունքները տարածվում են նաև համայնքի բնակիչների շրջանում։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ կազմակերպության աշխատակիցները, գյուղի կանայք և երիտասարդները մասնակցել են տարբեր դասընթացների, ինչի արդյունքում որոշ մասնակիցներ սկսել են թղթի թափոններից տարբեր արտադրանքներ պատրաստել, այդ թվում՝ ջահեր, և դրանց հիման վրա սեփական բիզնեսներ ստեղծել։

Նախատեսում են զարգացնել նաև սննդային թափոնների կոմպոստավորումը։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ոչ միայն հյուրատանը, այլև համայնքի հասարակական սննդի այլ կետերում։ Նրանց տրամադրվելու են կոմպոստավորման տարաներ և ուսուցում՝ սննդային թափոնների ճիշտ կառավարման համար։ Հյուրատանը հավաքվում է նաև օգտագործված ձիթայուղը, որը հանձնվում է համապատասխան կազմակերպության։ Խոհանոցում տեղադրված է յուղորսիչ, որպեսզի յուղերը չհոսեն կոյուղի։ Օգտագործվում է նաև սեպտիկ համակարգ, որտեղ կիրառվում են բակտերիաներ՝ ջրի մաքրման գործընթացում։

Կազմակերպության մեկ այլ նախաձեռնություն գործում է Ծովագյուղում, որտեղ ստեղծվել է երիտասարդական կենտրոն՝ որպես սոցիալական ձեռնարկություն։ Այստեղ զարգացնում են էկոտուրիզմի ենթակառուցվածքները, գործում է գլեմփինգ, կազմակերպվում են հեծանվային և քայլարշավներ, ընդունում զբոսաշրջիկների։ Կենտրոնի գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է երիտասարդական կենտրոնի աշխատանքներին։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Օգոստոս 24, 2026 at 12:13

Սոֆի-Բինայի հանքի շահագործման ժամկետի երկարաձգման և վերամշակման գործարանի կառուցման ծրագրի հանրային լսումներ՝ Զառիթափում

Սոֆի-Բինայի հանքի շահագործման ժամկետի երկարաձգման և վերամշակման գործարանի կառուցման ծրագրի հանրային լսումներ՝ Զառիթափում

2026թ․ օգոստոսի 21-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։

Ընկերությունը նախատեսում է ստանալ երկու թույլտվություն՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարան կառուցելու համար։

Հանրային լսումն անցել է լարված մթնոլորտում։ Քննարկման ընթացքում մասնակիցների միջև տարաձայնություններ են առաջացել, այդ թվում՝ էկոակտիվիստների մասնակցության վերաբերյալ։ Որոշ մասնակիցներ փորձել են խոչընդոտել նրանց մասնակցությունը լսմանը։

Քննարկման առանցքում եղել են գործարանի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի, բնակավայրերի, բնակչության առողջության, գյուղատնտեսության և հատկապես տարածաշրջանի այգեգործական ու գինեգործական տնտեսությունների վրա։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշել է, որ հանքի ծրագիրը շրջակա միջավայրի համար ռիսկեր է պարունակում։

Քննարկման ընթացքում հարցեր են հնչել նաև գործարանի նախատեսվող արտադրողականության վերաբերյալ։ Ի պատասխան նշվել է, որ 300 հազար տոննա տարեկան արտադրողականությունն առավելագույն արտադրողականությունն է, և դա չի նշանակում, որ գործարանն անմիջապես այդ ծավալով է աշխատելու։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ արտադրությունը կարող է սկսվել ավելի փոքր՝ օրինակ 10 կամ 50 հազար տոննա ծավալից և հետագայում ավելանալ՝ կախված հումքի առկայությունից։ Ընկերությունը նաև նշել է, որ իր բիզնես ծրագիրը նախատեսում է գործարանի հնարավոր օգտագործումը ոչ միայն Սոֆի-Բինայի հանքավայրից ստացվող հանքաքարի, այլև՝ տարածաշրջանի այլ հանքավայրերից ստացվող հումքի վերամշակման համար։

Նշվել է նաև, որ անմիջական ազդեցություն բնակավայրերի, մարդու առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա չի նախատեսվում։

Մասնակիցները հարց են բարձրացրել՝ արդյոք ընկերությունը, նախկինում բացասական եզրակացություն ստանալուց և նախագծում փոփոխություններ կատարելուց հետո, կարող է շարունակել գործընթացն՝ առանց ամբողջությամբ նոր գործընթաց սկսելու և նոր ավագանու որոշում ստանալու։ Ի պատասխան նշվել է, որ գործող օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն՝ եթե գործունեության ելակետային տվյալները չեն փոխվել, տեղադիրքը նույնն է, իսկ նախկին ավագանու որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, այն կարող է կիրառվել փորձաքննության շրջանակում։

Այս մոտեցումը, սակայն, քննարկման մի շարք մասնակիցներ խնդրահարույց են համարել։ Նրանց մտահոգությունն այն էր, որ նման մեխանիզմը կարող է նախադեպ դառնալ, երբ ընկերությունը բացասական եզրակացությունից հետո փոփոխում է նախագիծը և վերադառնում փորձաքննության՝ առանց համայնքի մասնակցությամբ ամբողջ գործընթացը զրոյից սկսելու։ Մասնակիցներից մեկը սա որակել է որպես «վտանգավոր պրակտիկա», քանի որ, նրա գնահատմամբ, մեկ տարվա ընթացքում համայնքի դիրքորոշումը, սոցիալ-տնտեսական իրավիճակը կամ բնակիչների վերաբերմունքը կարող են փոխվել։ Նշվել է նաև, որ եթե ընկերությունը ցանկանում է էապես փոփոխված նախագիծ իրականացնել, ավելի նպատակահարմար է նորից սկսել գործընթացը՝ նոր հանրային լսումներով և համայնքի նոր որոշմամբ։ Գործընթացն այնուհետ պետք է ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Առանձին պետք է ուսումնասիրվի նաև թափոնների կուտակման տարածքի վերաբերյալ փաթեթը, որի հիման վրա պետք է գնահատվեն դրա հնարավոր ազդեցությունները և համապատասխանությունը նախատեսվող արտադրական ծավալներին։ Ընկերությունից հայտնել են, որ նախկինում նախատեսված՝ այգիներին և շինություններին մոտ գտնվող թափոնների տեղադրման տարածքն այլևս չի դիտարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարը և տեսանյութը՝ www.cvmedia.am-ի



Օգոստոս 21, 2026 at 18:08

Լիանա Ասոյան․ «Սևանն ամենօրյա խնամքի կարիք ունի»

Լիանա Ասոյան․ «Սևանն ամենօրյա խնամքի կարիք ունի»

2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ կքննարկվեն նաև բարձրլեռնային լճերի կենսաբազմազանության պահպանման հարցերը։ Սևանա լիճն աշխարհի 2-րդ աﬔնաﬔծ բարձրադիր քաղցրահամ լիճն է՝ Տիտիկակա լճից հետո և ներկայացված կլինի COP 17-ում։

Լճի հիմնախնդիրների և COP 17-ի վերաբերյալ Էկոլուրը զրուցել է տեղի «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիանա Ասոյանի հետ։

Նրա խոսքով՝ բնակիչների համար Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ։ Այն նրանց առօրյայի և ապրելու միջավայրի անբաժանելի մասն է։ Սևանը տեղացիների համար նաև եկամտի աղբյուր է։

Շատ բնակիչներ լիճն ընկալում են որպես իրենց կողքին ապրող «շնչող օրգանիզմ» և ավելի լավ են պատկերացնում նրա կարիքներն ու հնարավորությունները։ «Մենք անընդհատ Սևանն աղտոտում ենք, բայց Սևանն այդքան կարողություն չունի այդ աղբը պահելու», – ասաց Լիանա Ասոյանը։

Նրա խոսքով՝ Սևանի ափամերձ տարածքներում այսօր միաժամանակ մի շարք խնդիրներ են առկա։ Ափերից ապօրինի շինությունների ապամոնտաժման, ջրածածկված անտառածածկ տարածքների մաքրման գործընթացներին զուգահեռ՝ լուրջ խնդիր է շարունակում մնալ կենցաղային աղբը։ Հանգստացողներից շատերը լճի ափին թողնում են աղբը, իսկ դրա հետևանքներն առաջին հերթին տեսնում են հենց տեղացիները։ Լիանա Ասոյանը նշեց, որ խնդիրը միայն զբոսաշրջիկներով կամ այցելուներով չի սահմանափակվում․ Սևանի ափին ապրող մարդկանց շրջանում նույնպես կան քաղաքացիներ, որոնք չեն դրսևորում պատասխանատու վարքագիծ։

Բացի կենցաղային աղբից լիճը աղտոտվում է նաև կեղտաջրերով և կոյուղաջրերով։

Լիանա Ասոյանի համոզմամբ՝ Սևանի պահպանության համար անհրաժեշտ է առաջին հերթին պատասխանատու վարքագիծ և տարբեր դերակատարների համատեղ, համակարգված աշխատանք։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Սևանի պահպանությանն ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր, ռազմավարություններ և հետազոտություններ են իրականացվել, սակայն հաճախ դրանք միմյանց չեն լրացրել։ Արդյունքում՝ իրականացված աշխատանքների մեծ մասը չի վերածվել երկարաժամկետ արդյունքի։ «Եթե բոլոր այն գումարները, բոլոր այն միջոցները, որոնք դրվել են Սևանա լճի պահպանության համար, ուղղակի լցվեին Սևանա լիճ՝ փողի տեսքով, գոնե լիճը կբարձրանար», – ասում է նա՝ ընդգծելով, որ շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերից հետո լճի հիմնախնդիրները շարունակում են մնալ։

Նրա համոզմամբ՝ մարդն ու բնությունը պետք է դիտարկվեն փոխկապակցված։ Մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ, ի վերջո, վերադառնում է հենց մարդուն։ «Կխնամես՝ խնամք կստանաս, կվնասես՝ վնաս կստանաս։ Սա բնության մեջ գործող օրենք է ու բոլոր իրավիճակներում է գործում», – ընդգծեց Լիաննա Ասոյանը։

Նա COP17-ը դիտարկում է որպես հնարավորություն՝ Սևանի պահպանության հարցում միջազգային ուշադրությունը վերածելու կոնկրետ և շարունակական գործողությունների։ «Բոլորն իրենց ջանքերը պիտի դնեն թեկուզ փոքր քայլերով, բայց ռեալ գործողություն իրականացնելու համար», – ասաց նա։

Լիանա Ասոյանի խոսքով՝ Սևանի պահպանության համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման մարմինների հստակ կամք։ Նա կարևորեց այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ոչ թե կրկնում են նախկին նախաձեռնությունները, այլ՝ հիմնվում են արդեն ստացված արդյունքների վրա և հնարավորություն են տալիս հաջորդ ծրագրերին շարունակել նախորդի աշխատանքը։

Ըստ նրա՝ Սևանի պահպանությունը մեկ կամ երկու կազմակերպության գործը չէ։ «Սա բոլորիս համատեղ ջանքերի արդյունքում պիտի վերջնարդյունք ունենա, ու սա պիտի լինի շարունակական։ Սա մեկօրյա, մեկամսյա կամ մեկ տարվա գործողություն չէ։ Սևանն ամենօրյա խնամքի կարիք ունի», – ասաց նա։

Լիանա Ասոյանը կարևորեց համայնքային մակարդակում իրականացվող նախաձեռնությունները։ «Բլեջան» կազմակերպությունն աշխատում է երիտասարդների, դպրոցների և համայնքի տարբեր խմբերի հետ։ Գավառում իրականացվում է բնահեն լուծումների վրա հիմնված այգու վերակառուցման ծրագիր, որը նաև ցուցադրական նշանակություն ունի՝ մարդկանց ներկայացնելով ջրի արդյունավետ օգտագործման, կաթիլային ոռոգման և այլ լուծումների հնարավորությունները։

COP17-ի շրջանակում Լիանա Ասոյանը կարևորեց նաև այն մարդկանց ու տնտեսությունների փորձի ներկայացումը, որոնք արդեն անցել են ավելի կայուն գործելակերպի։ Նա նշեց, որ համայնքներում կան ֆերմերներ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգում, ինչպես նաև տնտեսություններ, որոնք փորձում են անցնել շրջանաձև և անթափոն արտադրության մոդելների։ Նրա կարծիքով՝ նման փորձը պետք է ոչ միայն ներկայացնել, այլև շարունակական աջակցություն տրամադրել, որպեսզի այն հնարավոր լինի տարածել և ներգրավել նոր մարդկանց։

Լիանա Ասոյանի կարծիքով՝ COP17-ի մասին տեղեկատվությունը դեռևս բավարար չափով չի հասել լայն հանրությանը։ Թեև ոլորտով հետաքրքրվող մարդիկ և մասնագետները գիտեն, թե ինչ է սպասվում հոկտեմբերին, սովորական քաղաքացին հաճախ պատկերացում չունի ոչ միայն համաժողովի բովանդակության, այլև՝ Հայաստանի դերակատարության մասին։

COP17-ի ընթացքում Սևանի նկատմամբ միջազգային ուշադրության մեծացումը Լիանա Ասոյանը դիտարկում է նաև որպես Հայաստանի և Սևանի մասին աշխարհին պատմելու հնարավորություն։ Միաժամանակ նա մտահոգություն ունի, որ լիճը կարող է մեծաթիվ այցելուների պատճառով լրացուցիչ ճնշման ենթարկվել։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ հյուրերը Սևանը տեսնեն որպես պահպանվող և հարգված բնական տարածք։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Շարունակելի

Օգոստոս 20, 2026 at 12:24

Գեղարքունիքի կենսաբազմազանությունը՝ թեմատիկ պիտակների միջոցով․ նախաձեռնություն COP17-ի նախաշեմին

Գեղարքունիքի կենսաբազմազանությունը՝ թեմատիկ պիտակների միջոցով․ նախաձեռնություն COP17-ի նախաշեմին

Գեղարքունիքի մարզի հարուստ կենսաբազմազանությունը հանրայնացնելու և տեղական բնաշխարհի պահպանության կարևորությունը բարձրաձայնելու նպատակով «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի թիմը ստեղծել է թեմատիկ պիտակներ։ 

Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանում հոկտեմբերին անցկացվող Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ։

Նախաձեռնության հեղինակներն են՝ Ռոման Մարինոսյանը, Անուշ Հակոբյանը, Քնարիկ Հունանյանը, Մերի Գուրոյանը և Լուսինե Դավթյանը։

Օգոստոս 19, 2026 at 12:15

Էկոլուրը Սևան համայնքի հետ քննարկել է COP17-ին մասնակացության հարցեր

Էկոլուրը Սևան համայնքի հետ քննարկել է COP17-ին մասնակացության հարցեր

2026թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 29-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մասնակիցներին ներկայացրեց COP17-ի նախնական օրակարգը, կենսաբազմազանության պահպանության միջազգային և ազգային թիրախները։ Քննարկվեցին Սևան համայնքի կենսաբազմազանության պահպանության հարցերը, քաղհասարակության և ՏԻՄ-ի առաջիկա քայլերն ու COP17-ին մասնակցության հնարավորությունները։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիան ընդունվել է 1992թ․ և ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը, դրա կայուն օգտագործմանը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների օգտագործումից բխող օգուտների արդար բաշխմանը։ Հայաստանը նույնպես միացել է կոնվենցիային և վավերացրել դրա արձանագրությունները։

COP17-ի շրջանակում նախատեսվում է երկու հիմնական գոտի։ Կապույտ գոտին կգործի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որտեղ տարբեր երկրների պետական պատվիրակությունները որոշումներ կընդունեն։ Կանաչ գոտին կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և նախատեսված է առավելապես քաղաքացիական հասարակության, բիզնեսի, գիտական համայնքի, երիտասարդների և կանանց մասնակցության համար։ «Այնտեղ այս խմբերը կարող են կիսվել իրենց փորձով, իրենց միջոցառումները վարել, ցուցահանդեսներ և մշակութային ներկայացումներ ունենալ, աշխատաժողովներ կազմակերպել և միմյանց հետ կապեր հաստատել։ Կազմակերպությունը, համայնքը ներկայանալի դարձնել և փորձել համագործակցություններ ձևավորել, նաև խնդիրները ներկայացնել պետական և միջազգային կազմակերպություններին, դոնոր կազմակերպություններին՝ դրանց հաղթահարմանն ուղղված լուծումներ գտնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու», – նշեց Վիկտորյա Բուռնազյանը։

COP17-ի օրակարգում նախատեսված է 51 փաստաթղթի քննարկում։ Համաժողովի կարևորագույն թեմաներից մեկը լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը։ 2022թ․ COP15-ի ընթացքում, արձանագրելով կենսաբազմազանության արագ կորուստը, երկրները ընդունեցին այդ շրջանակը, որի նպատակն է մինչև 2030թ․ կասեցնել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050թ․ քայլեր ձեռնարկել դրա վերականգնման և կայուն օգտագործման ուղղությամբ։ «2022 թվականից արդեն անցել է 4 տարի, և երկրները հավաքվելու են Երևանում՝ քննարկելու, թե ինչքանով են իրենք կարողացել այս փաստաթղթով ամրագրված թիրախներն ապահովել, կատարել, հասկանալու բացերը, առաջընթացը, թե ինչ լավարկելու հարցեր կան», – նշեց Վիկտորյա Բուռնազյանը։

Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախներից Վիկտորյա Բուռնազյանը առանձնացրեց թիրախ 3-ը։ Այն նախատեսում է մինչև 2030թ․ Երկիր մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանություն։ Կոնվենցիայի կողմ երկրները ևս պետք է պահպանության տակ առնեն իրենց տարածքի առնվազն 30%-ը։ «2026թ․ Հայաստանն ընդունել է Կենսաբազմազանության պահպանության նոր ծրագիր 2026-2030թթ․ համար, որով թիրախ ենք սահմանել ոչ թե երկրի տարածքի 20 տոկոսի պահպանության», – ասաց նա։

Սևանա լիճը ևս ներառված է Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրում։ Միաժամանակ նախատեսվում է ստեղծել Դիլիջան կենսոլորտային տարածքը, որի ստեղծման գործընթացում ներառված են մի շարք համայնքներ, այդ թվում՝ Սևան համայնքի Ծովագյուղ, Սեմյոնովկա և Սևան բնակավայրերը։ Տարածքի ստեղծումը դեռևս հայեցակարգային փուլում է, սակայն իրականացվել են քարտեզագրման, բուսատեսակների և կենդանատեսակների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներ՝ հասկանալու համար, թե ինչ տարածքներ են ներառվելու պահպանության համակարգում և ինչ ռեժիմներով են դրանք պահպանվելու։

Հայաստանը COP17-ի շրջանակում նախատեսում է հանդես գալ մի շարք նախաձեռնություններով։ Նախնական տվյալներով դրանցից մեկը կոչվում է «Լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանություն»։ Հաշվի առնելով, որ լեռնային էկոհամակարգերն ու քաղցրահամ ջրերը կենսաբազմազանության և համայնքների կենսագործունեության հիմքն են՝ ուղղակիորեն կապված ջրային անվտանգության հետ, Հայաստանը նախատեսում է հանդես գալ գործնական, էկոհամակարգային մոտեցմամբ՝ Սևանա լիճը դարձնելով միջազգային երկխոսության խորհրդանիշ։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Սևանա լիճը միաժամանակ մի շարք միջազգային բնապահպանական նախաձեռնությունների և կոնվենցիաների շրջանակում ունի կարևոր նշանակություն։

Սևանա լճի ավազանի էկոհամակարգի պահպանությունն ու կայուն օգտագործումը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օբյեկտ է։ Սևանա լիճը Ռամսարի կոնվենցիայի չափորոշիչներով ճանաչվել է ջրաճահճային տարածք, իսկ «Սևան» ազգային պարկն ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի էմերալդ թեկնածու տարածքների ցանկում։

Սևանի ջրահավաք ավազանը ներառված է Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերի շարքում և միջազգային նշանակության թռչնաբանական տարածք է։ Այն նաև էկոլոգիական միջանցք է Գեղամա, Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների միջև, Սևանի իշխանի պահպանության հիմնական տարածք, բազմաթիվ էնդեմիկ բույսերի ու կենդանիների կենսամիջավայր և Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթ գոտի։

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է թռչունների 267, փափկամարմինների 43, հոդվածոտանիների 639, երկկենցաղների 4 տեսակ։ Հոդվածոտանիներից 6-ը էնդեմիկ տեսակներ են։ Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի, սիգազգի և ծածանազգի ընտանիքներով։ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ներառում է անոթավոր բույսերի 1727 տեսակ։ Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ Ազգային պարկի տարածքում աճում է Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակ։ 17 տեսակ ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, շուրջ 60-ը՝ դեղաբույսերի, իսկ շուրջ 100-ը՝ ուտելի բուսատեսակներ են։

Սևանը՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ծրագրում

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ծրագրով մինչև 2030թ․ նախատեսվում է իրականացնել 30 թիրախ, որոնցից առնվազն 23-ը վերաբերելի են Սևան համայնքին և Սևանա լճի ավազանին։

Միաժամանակ կարևոր են հանրային մասնակցությանը, իրազեկման բարձրացմանը և գենդերային հարցերին վերաբերող թիրախները։ «Համայնքները պիտի մասնակցեն բնապահպանական որոշումների կայացման գործընթացին։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պարտավորությունն ունենք՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացին, մշտադիտարկելու և հանրային վերահսկողություն ապահովելու՝ հանուն մեր բնության պահպանման և կայուն օգտագործման», – ընդգծեց նա։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան մեծ կարևորություն է տալիս համայնքների մասնակցությանը, քանի որ հենց համայնքի բնակիչներն են լավագույնս ճանաչում իրենց տարածքի բնությունը, տեսակները և բնական ռեսուրսների օգտագործման ավանդական ձևերը։ «Համայնքը լավ գիտի՝ իր տարածքում ի՞նչ տեսակ կա, ի՞նչ է աճում, ինչպե՞ս պիտի օգտագործի, ինչպե՞ս պահպանի», – ասաց նա։

Սևանի թափոնների կառավարման փորձը՝ COP17-ի Կանաչ գոտում

Սևանի կենսաբազմազանության վրա ազդեցություն են ունենում համայնքի և լճի ավազանի առօրյա բնապահպանական խնդիրները՝ ապօրինի ձկնորսությունը, կեղտաջրերի ներհոսքը, Սևանա լճից ջրբացթողումները և թափոններով աղտոտումը։ Վիկտորյա Բուռնազյանն իր ելույթում հատկապես կարևորեց թափոնների կառավարման ուղղությամբ Սևան համայնքի փորձը։ «Շատ ուրախալի է, որ Սևան այն առաջամարտիկ բնակավայրն է, որը հաջողությամբ իրականացնում է թափոնների տեսակավորում, – ասաց նա, – Սևանը կարող է Կանաչ գոտում ներկայացնել Սևանի թափոնների կառավարման փորձը։ Սա այն լավ օրինակն է, որը կարող է նաև ոգևորել մյուս համայնքներին, որ իրենք ևս սկսեն այս գործընթացը», – նշեց նա։

COP17-ին Սևան համայնքի հնարավոր մասնակցության թեմաների շարքում Վիկտորյա Բուռնազյանն առանձնացրեց նաև Սևանի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերակցությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա և համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում։ Նա նշեց, որ թեմաների վերջնական ընտրությունը պետք է կատարի համայնքը՝ ելնելով իր փորձից և առաջնահերթություններից։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Շարունակելի

Օգոստոս 19, 2026 at 13:23

Սևանա լիճը սնուցող գետերի աղտոտվածությունը՝ բնապահպանական նոր ծրագրի թիրախում․ FPAN

Սևանա լիճը սնուցող գետերի աղտոտվածությունը՝ բնապահպանական նոր ծրագրի թիրախում․ FPAN

Սևանա լիճը սնուցող հինգ լեռնային գետերի՝ Գավառագետի, Մասրիկի, Արգիճիի, Հերհերի և Արփայի ջրհավաք ավազաններում մեկնարկել է բնապահպանական ծրագիր, որն ուղղված է գետերի և գետափերի աղտոտվածության նվազեցմանը, համայնքների բնապահպանական կարողությունների զարգացմանը և տեղական բնակչության մասնակցության խթանմանը։

«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրն իրականացնում են «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը և GRÜNE LIGA Berlin e.V.-ն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։

Ծրագրի թիրախում են Սևանա լճի և Արփա գետի ջրհավաք ավազանները, որոնք ներառում են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ։ 

Հայաստանի լեռնային գետերը կենսական նշանակություն ունեն երկրի էկոհամակարգերի, գյուղատնտեսության, տեղական համայնքների և խմելու ջրի պաշարների համար։ Սակայն վերջին տարիներին դրանց աղտոտվածությունն աճում է կենցաղային թափոնների, անօրինական աղբավայրերի, կեղտաջրերի մաքրման համակարգերի բացակայության և թափոնների կառավարման սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով։

Խնդիրը հատկապես կարևոր է Սևանա լճի համար, որը Հայաստանի խմելու ջրի գլխավոր ռազմավարական պաշարն է և աշխարհի խոշոր բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը։ Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերը լիճ են տեղափոխում ոչ միայն ջուր, այլև դրանցում կուտակված թափոններ ու աղտոտիչներ, որոնք սեզոնային ջրհեղեղների և ձնհալի ընթացքում մեծացնում են լճի վրա էկոլոգիական ճնշումը։

Սևանա լճի ջրհավաք ավազանի ամենալուրջ բնապահպանական խնդիրներից են գետերի և գետափերի կենցաղային աղբով աղտոտումը, անօրինական աղբավայրերը և գյուղական բնակավայրերում թափոնների կառավարման բավարար ենթակառուցվածքների բացակայությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել թիրախային համայնքների բնակիչներին՝ խթանելով նրանց մասնակցությունը տեղական բնապահպանական խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների և կանանց ներգրավմանը, որպեսզի բնապահպանական նախաձեռնությունները դառնան երկարաժամկետ և համայնքների կողմից շարունակելի։

Ծրագրի գործողությունները ներառում են ոչ միայն գետերի մաքրման աշխատանքներ, այլև համայնքներում բնապահպանական իրազեկվածության և պատասխանատվության բարձրացման, տեղական համագործակցության զարգացման և բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման ուղղություններ։

FPAN-ի մասին

«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր՝ համագործակցելով տեղական համայնքների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ։ FPAN-ը շարունակում է Հայաստանում NABU-ի կողմից ավելի քան 15 տարի իրականացված բնապահպանական ծրագրերի փորձը։

Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը և բնապահպանական նախաձեռնություններում Հայաստանի ընկերությունների ներգրավումը։

Լուսանկարը՝ FPAN-ի

Օգոստոս 19, 2026 at 11:44

«Թումանյանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է 496 ապօրինի հատված ծառ․ վնասը կազմել է 114.7 միլիոն դրամ

«Թումանյանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է 496 ապօրինի հատված ծառ․ վնասը կազմել է 114.7 միլիոն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է անտառօգտագործման ոլորտում մի շարք խախտումներ, այդ թվում՝ 496 ծառի ապօրինի հատում։ Բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 114.7 միլիոն դրամ։

Ստուգումն իրականացվել է 2026թ․ ստուգումների ծրագրի շրջանակում և ընդգրկել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2026թ․ հունիսն ընկած ժամանակահատվածը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հայտնաբերված 496 ծառերը տարբեր տեսակի և տրամագծի են։ Հատումները կատարվել են առանց լիազորված մարմնի համաձայնության և առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։

Ստուգմամբ արձանագրվել են նաև անտառային տարածքներում ճանապարհաշինության հետ կապված խախտումներ։ Մասնավորապես, կառուցվել է ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհ, սակայն աշխատանքներն իրականացվել են առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության և լիազոր մարմնի համաձայնության։ Տեսչական մարմինը նաև նշել է, որ ճանապարհների կառուցումն իրականացվել է անտառաշինական նախագծերի բացակայության պայմաններում։

Խախտումներ են արձանագրվել նաև անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի և հաշվառման գործընթացում։ Ըստ ստուգման արդյունքների՝ հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերում նշված ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված և տապալված ծառերի հատումից ստացված փայտանյութի ծավալները, որոնք ներառվել են նաև հաշվապահական փաստաթղթերում։

Միաժամանակ, անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին։ Անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը տրամադրվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին։

Համատարած անտառահատման ենթարկված անտառային հողերում անհրաժեշտ անտառվերականգնման միջոցառումներ չեն իրականացվել, իսկ հատատեղերից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման ընթացքում արձանագրված դեպքերի մի մասը, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, պարունակում է առերևույթ հանցանքի հատկանիշներ։ Դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Մյուս արձանագրված խախտումների մասով նախատեսվում է կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

Օգոստոս 18, 2026 at 15:35

1,4 միլիարդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

1,4 միլիարդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

2026թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք։ Վերահսկողությունն իրականացվել է, այդ թվում, թվային գործիքների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

ԲԸՏՄ-ի տվյալներով՝ 81 դեպքից 24-ը բացահայտվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

Հայտնաբերված դեպքերով ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման և թաքցված ծավալը կազմել է 3 միլիոն 884 հազար 321,8 խմ։

Միայն 57 դեպքով Տեսչական մարմինը շրջակա միջավայրին պատճառված վնասը հաշվարկել է 254,9 միլիոն դրամ։ Արձանագրված բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Միաժամանակ, արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պետությանը պատճառված վնասը հաշվարկել է 1 միլիարդ 395 միլիոն 393 հազար 17 դրամ։

Օգոստոս 18, 2026 at 15:17

Քարի լճի տարածքի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ում վարչական վարույթ է հարուցվել

Քարի լճի տարածքի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ում վարչական վարույթ է հարուցվել

Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված լուսանկարների ու տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ, Տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպումը համայնքի լիազորությունների շրջանակում է։ Համայնքը նաև օրենքով նախատեսված դեպքերում իրավասու է կիրառել վարչական պատասխանատվություն։

Օգոստոս 17, 2026 at 11:08

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու գործարար հատվածը դիմել են UNCCD COP17-ին Ռիոյի երեք կոնվենցիաների սիներգիայի պահանջով

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու գործարար հատվածը դիմել են UNCCD COP17-ին Ռիոյի երեք կոնվենցիաների սիներգիայի պահանջով

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (UNCCD COP17), որը կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Համաժողովի պաշտոնական կարգախոսն է՝ «Վերականգնելով հողը, վերականգնելով հույսը»:

2026թ․ բնապահպանական միջազգային օրակարգում առանձնահատուկ տարի է նաև մեկ այլ պատճառով․ այս տարի տեղի են ունենում Ռիոյի երեք կոնվենցիաների Կողմերի համաժողովները՝ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի COP17-ը՝ Մոնղոլիայում, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ը՝ Հայաստանում, և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի COP31-ը՝ Թուրքիայում։

Հայաստանյան քաղհասարակությունը տարբեր հարթակներում պարբերաբար բարձրացրել է Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման հարցը։

Ռիոյի երեք կոնվենցիաները՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (UNFCCC), Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (CBD) և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիան (UNCCD) սերտորեն փոխկապակցված են։ 

2026թ․ օգոստոսի 7-ին «ՀԱՄԱՔԱՅԼ» կոնսորցիումի ներկայացուցիչները, հանդես գալով քաղաքացիական հասարակության և գործարար հատվածի անունից, դիմել են ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերին՝ առաջարկելով աջակցել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև իրական սիներգիայի ձևավորմանը։ Նամակը ստորագրել են «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը, Կոտայքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Հովակիմյանը և «Բնական էկոնոմիկա» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի տնօրեն Մասիս Սարգսյանը։

Քաղաքացիական հասարակության նամակի մեջ գրված է․

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և գործարար հատվածների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ երեք գլոբալ միջպետական բազմակողմ բնապահպանական պայմանագրերի՝ Ռիոյի երեք կոնվենցիաների՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի նպատակների և դրույթների իրականացումն արդյունավետ չէ։ Չնայած միջպետական բանակցությունների ավելի քան երեք տասնամյակին՝ գլոբալ տաքացումն ու, որպես դրա հետևանք, կլիմայի փոփոխությունը ուժեղանում են, կենսաբազմազանության կորուստը շարունակվում է, իսկ անապատացումը ընդլայնվում է։

Անարդյունավետության բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ երեք կոնվենցիաներում խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկվում են առանձին, մինչդեռ դրանք փոխկապակցված բնույթ ունեն։ Ի լրումն գլոբալ տաքացման բացասական ազդեցության կենսաբազմազանության և անապատացման գործընթացների վրա՝ կենսաբազմազանության կորուստը և անապատացման ընդլայնումն իրենց հերթին բացասաբար են ազդում գլոբալ տաքացման տեմպերի վրա՝ Երկրի ցամաքային և ջրային էկոհամակարգերի կողմից մթնոլորտից ածխածին կլանելու և կուտակելու կարողության նվազման հետևանքով։

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է «խրախուսել սույն Կոնվենցիայի շրջանակներում և այլ համապատասխան միջազգային համաձայնագրերի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործունեության համակարգումը», Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործընթացները մինչ օրս մնում են միմյանցից մասնատված։ Անհրաժեշտ է նորարարական մոտեցում՝ այդ գործընթացների մերձեցման և դրանց միջև սիներգիայի զարգացման համար, ինչպես նաև միասնական հարթակի ձևավորմանն ուղղված առանձին դոկտրինի մշակում։ Անհրաժեշտ է վերադառնալ «էկոհամակարգային ամբողջականության» աքսիոմատիկ սկզբունքին և այն ընդունել որպես բոլոր երեք կոնվենցիաների նպատակներին հասնելու առանցքային, համանշանակելի մոտեցում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Անշուշտ, սիներգիայի խթանման ընթացակարգերը կներառեն կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների մշակումը և փոխանցումը, կարողությունների զարգացումը, հետազոտություններն ու համակարգված դիտարկումները, Փարիզյան համաձայնագրով նախատեսված կորուստների և վնասների ապահովագրությունը, ինչպես նաև այլ ուղղություններ։

Առանձնահատուկ քննարկում կպահանջի ֆինանսավորման սիներգիան։ Քանի որ երեք կոնվենցիաների շահառուները քաղաքացիներն են, որոնք միաժամանակ հարկատուներ են և ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրում են երեք կոնվենցիաների նպատակների իրականացման ամբողջ ֆինանսական բեռը, մշակվող նոր դոկտրինը պետք է ներառի համընդհանուր ֆինանսավորման և համաֆինանսավորման մեխանիզմ։

Քանի որ երեք գլոբալ բնապահպանական խնդիրների լուծումը պետք է իրականացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ընդունված էկոհամակարգային մոտեցմամբ, որի ֆինանսավորման գործիքը էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարներն են, համընդհանուր սիներգետիկ ֆինանսավորման մեխանիզմը դառնում է տրամաբանական և անխուսափելի։ Անխուսափելի՝ քանի որ այն միանշանակ բխում է «էկոլոգիական ամբողջականության» աքսիոմատիկ ճշմարտությունից։

Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարման մեխանիզմի շրջանակներում անհրաժեշտ է սահմանել բնօգտագործման վճար՝ «բնօգտագործողը (աղտոտողը) վճարում է» սկզբունքով (ջերմոցային գազերի մարդածին արտանետումների, կենսառեսուրսների գերնորմատիվային օգտագործման, անկայուն հողօգտագործման համար) և այդ միջոցներն ուղղել համաշխարհային ներդրումային հիմնադրամ, որը հատուկ կստեղծվի Ռիոյի երեք կոնվենցիաների նպատակների իրականացմանն ուղղված գործունեության ֆինանսավորման համար։

Այնուհետև հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղել երեք կոնվենցիաների բոլոր Կողմ երկրներին՝ դրանք բաշխելով բնակչության թվաքանակին համապատասխան՝ մեկ շնչի հաշվով հավասար չափով, որպես բնապահպանական քաղաքացիական շրջանառու ներդրումային կապիտալ, որը պատկանում է անհատապես երկրի բոլոր բնակիչներին, անօտարելի վաուչերների ձևով՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ ա) ցածրածխածնային զարգացման և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, բ) հողերի պահպանության և գ) կենսաբազմազանության պահպանության ոլորտներում՝ առաջին հերթին ոչ պետական հատվածում՝ քաղաքներում, գյուղական համայնքներում և բնիկ ժողովուրդների համայնքներում։

Ներդրումների շրջանառելիությունը և բնօգտագործման դիմաց մշտական վճարումները կապահովեն հիմնադրամի կայուն հիմքով կապիտալացումը և կխթանեն բնության վրա ճնշման նվազեցումը (որպեսզի բնօգտագործողները բնօգտագործման համար ավելի քիչ վճարեն և հիմնադրամից ավելի շատ ստանան)։

Հաշվի առնելով, որ Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի Կողմերի 17‑րդ համաժողովը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 31‑րդ համաժողովը տեղի կունենան 2026 թվականին, մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերին՝ առաջարկելով աջակցել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ձևավորմանը՝ որպես ոչ պետական դերակատարների՝ գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող հասարակական պահանջ, և նպաստել մեր նախաձեռնության առաջմղմանը դեպի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին, և Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 31-րդ համաժողովը, որը տեղի կունենա Թուրքիայում 2026 թվականի նոյեմբերին»։

Օգոստոս 17, 2026 at 12:09